«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն չի բողոքարկի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 11-ի նիստում կայացրած որոշումը: ՀԾԿՀ-ի կայացրած որոշման համաձայն՝ ՀԷՑ-ը պետք է 5 միլիոն դրամի չափով տուգանք վճարի:
Իսկ պատճառը «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ի հետ կապված պատմությունն է, որին «Ժողովուրդը» ժամանակին անդրադարձել է: Պարզվել է, որ ամիսներ շարունակ նշված ՀԷԿ-ի կողմից ՀԷՑ-ին մատակարարված էլէներգիայի ծավալներն արհեստականորեն ուռճացվել են:
Արդյունքում նշված ՀԷԿ-ը շուրջ 95 միլիոն դրամի հավելյալ եկամուտ էր ստացել, որի դիմաց էլէներգիան իրականում չի մատակարարվել: Նշենք, որ հիշատակված ՀԷԿ-ը պատկանում է ՀԷՑ էլեկտրաէներգիայի իրացման գծով տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանին: Վերջինս պաշտոնից ազատվել է հենց այս պատմության բացահայտումից հետո: