Մեկնարկել է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) տարածաշրջանային 4-րդ համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ՄՌ ասոցիացիան և «Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը կազմակերպել են ՄՌ տարածաշրջանային հերթական համաժողովը՝ «ՄՌ կառավարում և անձնային աճ» թեմայով: Արդեն ավանդական դարձած համաժողովն այս տարի ևս համախմբել է ոլորտի՝ հայաստանցի և օտարերկրյա առաջատար մասնագետների, ովքեր ներկայացել են ՄՌ կառավարման տեխնիկաներին նվիրված ելույթներով և վարպետության դասընթացներով: Համաժողովի ընթացքում կազմակերպվել է խմբային քննարկում՝ ուսուցման երկակի համակարգի ներդրման հնարավորությունների ու մարտահրավերների վերաբերյալ:

Համաժողովի աշխատանքներին աջակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և «Զարտպրինտ» հրատարակչությունը:

«Համոզված եմ, որ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է, որ ցանկացած ընկերության ամենաարժեքավոր կապիտալն աշխատակիցն է և պատկերացնում է իր ուսերին դրված պատասխանատվության չափաբաժինը: Դուք եք այն օղակը, որն ընկերության բազմաշերտ կառուցվածքը դարձնում է մեկ մարմին: Կազմակերպության որդեգրած արժեհամակարգը և աշխատակիցների միջև կամրջվող հարաբերությունները, կադրերի զարգացումը, ներքին շփումները, աշխատակցի հմտություններն ու գիտելիքները բացահայտելու, կատարելագործելու հաջողությունը մեծապես կախված են այն օղակի գործունեությունից, որն անվանում ենք ՄՌ բաժին: Այսօրինակ հանդիպումները կարևոր են՝ ցանկացած կազմակերպության ներսում առողջ մթնոլորտ, կադրերի զարգացում, արտաքին մրցակցություն ապահովելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համաժողովի կարևոր նվաճումներից է միջազգային առաջատար քոուչինգ դպրոցներից մեկի՝ «Էրիկսըն Քոոուչինգ Ինթերնեյշնըլի» (Erickson Coaching International) ներկայացումը Հայաստանում: Համաժողովի շրջանակում դպրոցի առաջատար մասնագետներից մեկն անցկացրել է վարպետության դասընթացներ՝ քոուչինգը ներկայացնելով գործնականում:

«Քոուչինգը ՄՌ մասնագետներին և տարբեր օղակի ղեկավարներին հնարավորություն է տալիս տիրապետելու աշխատողների ներուժի զարգացման, ներքին ռեսուրսների բացահայտման, նրանց անձնային և մասնագիտական արդյունավետ նպատակադրման գործիքներին»,- ասել է Հայաստանյան ՄՌ ասոցիացիայի և «Կասկադ Քնսալթընթս» ընկերության գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը:

Հայաստանի ՄՌ ասոցիացիայի և «Կասկադ Քնսալթընթս» ընկերության ջանքերով՝ համաժողովը հայ մասնագետների համար պրոֆեսիոնալ քոուչի միջազգային սերտիֆիկացում ստանալու հնարավորություն է ստեղծել: Համաժողովի մյուս ձեռքբերումը եղել է «Institute of Certified Professional Managers»-ի կողմից իրականացվող «Սերտիֆիկացված մենեջեր» (Certified Manager) միջազգային որակավորման ներկայացումը Հայաստանում: Որակավորումը միջին օղակի մենեջերներին հնարավորություն կտա տիրապետելու միջազգային չափորոշիչներին համապատասխան կառավարման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:




Լրահոս