Շտաբի համար գյուղում տուն է վարձել ու չի կարողանում վարձը տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-ին: Այս առիթով ՀՀ մարզերի որոշ համայնքներում ստեղծվել են շտաբներ: ՀՀ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում նույնպես հանրաքվեի անցկացման համար շտաբ է ստեղծվել: Դրա համար գյուղապետը տուն է վարձել եւ չի կարողանում վարձած տան գումարը վճարել: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ջամշլուիի գյուղապետ Միրազմ Ուռուսյանի հետ:

Պարո՛ն Ուռուսյան, դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն…

-Լավ ա, ամեն ինչ լավ ա, աղջիկ ջա՛ն…

-Ի՞նչ են մտածում գյուղի բնակիչները. այո՞ են քվեարկելու, թե՞ ոչ:

-Ամեն մեկը մի նպատակ ունի, ժամանակը ցույց կտա, թե ինչ ընտրություն կանեն: Կտեսնենք: Բայց ամեն ինչ լավ կլինի: Իսկ մարդիկ ոչինչ չեն խոսում բարձրաձայն:

-Ինչպե՞ս եք պատրաստվում հանրաքվեի անցկացմանը:

-Շտաբ ենք բացել, աշխատում ենք: Տուն ենք վարձել, լույս պետք է քաշենք, բայց չգիտենք, թե ինչպես ենք վճարելու սպառած էլեկտրաէներգիայի վարձը:

– Շտաբի՞ համար եք տուն վարձել:

-Հա՛, տուն ենք վարձել, հարեւանի տունն է:

-Ո՞ւմ միջոցներով եք վճարելու ե՛ւ էլէներգիայի, ե՛ւ տան վարձավճարը:

-Չգիտենք, թե ոնց անենք: Պետք է որ պետությունը գումար տա:

-Որեւէ մեկը խոստացե՞լ է տալ տան վարձավճարը:

-Խաբար չենք: Բնակիչները գալիս են, նստում, խոսում են, քննարկում: Օրինակ՝ այսօր (երեկ- Ս.Հ.) ես իրենց հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ խորհրդակցություն եմ անցկացրել:

Տան վարձավճարի կամ էլեկտրաէներգիայի մասով մարզպետարանից կամ ՀՀԿ-ից է՞լ ոչինչ չեն խոստացել:

-Հեչ մեկը բան չի ասել: Մեր հարեւանի տունն է, խնդրել ենք, ինքն էլ տրամադրել է գումարով:

Իսկ եթե ՀՀԿ-ն կամ մարզպետարանը հրաժարվեն տալ տան վարձավճարը կամ էլէներգիայի գումարը, ի՞նչ եք անելու:

-Կա՛մ պետք է գյուղապետարանը հոգա այդ ծախսերը, կա՛մ էլ՝ հարեւանին խնդրենք՝ չվերցնի այդ գումարը: Երկու դեպքում էլ խնդիրներ ենք ունենալու, որովհետեւ գյուղապետարանը գումար չունի, հարեւանն էլ դրա կարիքն ունի: Առանց փողի շտաբ չենք կարող պահել:

Հ.Գ. Հավելենք, որ նման անհասկանալի իրավիճակում է հայտնվել նաեւ Արագածոտնի մարզի Կանչ համայնքի ղեկավար Մրազ Բշարյանը: Այդ գյուղապետը նույնպես գյուղում տուն է վարձել եւ էլէներգիա է օգտագործում: Սակայն դեռեւս ո՛չ մարզպետարանը եւ ո՛չ էլ ՀՀԿ-ն չեն պատրաստվում սպառած էլէներգիայի եւ տան վարձավճարի գումարները տալ:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս