Մենք իրար դիպչելու իրավունք չունեինք. Նարինե Գրիգորյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը ստեղծագործական կյանքի վերջին փուլում հրապուրվել է կինոյով: «Ու քանի որ կինոն հանկարծ սկսել է ինձ գրավել, ռեժիսորներն էլ փոխադարձաբար սկսել են հետաքրքրվել ինձնով»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց դերասանուհին` հավելելով, որ այս տարի ինքը հասցրել է նկարահանվել թվով վեց ֆիլմում:

Նա տեղեկացրեց, որ ամռանը նկարահանվել է իրանա-հայկական համատեղ արտադրության ֆիլմում, որի պրեմիերան կլինի հունվարին, Իրանում: Ֆիլմի նախնական անունն է «Եվա»: «Այն պատմում է մի սահմանամերձ գյուղի մասին, ես մարմնավորում եմ հայաստանցի կնոջ, ով թաքնվում է այդ գյուղում, եւ նրա տեսանկյունից պարսկահայ ռեժիսոր Անահիտ Աբադը, հետաքրքիր բացահայտումներ է անում: Հատկանշական է, որ սա Իրանի կինոյի պատմության մեջ երկրորդ ֆիլմն է, որտեղ դերասանները խաղում են գլխաբաց: Անգամ եղել են տեսարաններ, որոնք մնացել են կադրից դուրս. Իրանից պատճառաբանեցին, որ, օրինակ, իմ հերոսուհու վիզը դրանցում շատ բաց է ներկայացված: Ֆիլմում կա տղամարդու կերպար, որը սիրում է իմ մարմնավորած կնոջը, բայց մենք իրար դիպչելու իրավունք չունեինք»,-պատմեց Նարինեն:

10873461_748104698597843_9003626192037342610_o

Իսկ հիմա արդեն նա նկարահանվում է ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Թափանցիկ տանիքներ» ֆիլմում. «Ես մարմնավորում եմ 30-ն անց կնոջ, որը չի ամուսնացել, սակայն երեխա ունենալու մեծ ցանկություն ունի, դրա համար նա փնտրում է տղամարդ: Սա հոգեբանական ֆիլմ է, որտեղ միահյուսված է երեք կանանց պատմությունը: Կինոնկարի պրեմիերան հավանաբար կկայանա ամռանը»-նշեց դերասանուհին:

Բայց ֆիլմերի շարքն այդքանով չի եզրափակվում. Նարինեն առաջիկայում նկարահանվելու է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմում, որտեղ մարմնավորելու է համր կնոջ. «Արդեն գնում եմ հատուկ դասընթացների՝ համրերի «լեզուն» սովորելու համար: Սա ինձ համար բոլորովին նոր, հետաքրքիր փորձառություն է»,-ասաց նա:
Իհարկե, դերասանուհին չի դադարում հանդես գալ նաեւ բեմում: Միեւնույն ժամանակ նա շարունակում է բեմադրիչի իր գործունեությունը: Շվեցարիայի արվեստների ակադեմիան եւ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը համատեղ նախագիծ են ձեռնարկել, որի շրջանակներում վերջերս հանդիսատեսի դատին հանձնվեց «Հովնան» ներկայացումը (ըստ Հին կտակարանի Հովնանի մարգարեության): Ներկայացման բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է:

Նա մի փոքր խոսեց նաեւ իր ընտանիքի մասին, մասնավորապես` փոքրիկ դստեր, որը 1 տարեկան 8 ամսական է, բայց արդեն հասցրել է շրջագայել մայրիկի հետ. «Նրան հաճախ հետս տանում եմ նկարահանումների, փառատոնների. դուստրս հասցրել է լինել Արցախում, Իրանում, Լիտվայում: Ես, օրինակ, շատ կուզենամ, որ նա դերասանուհի դառնա, եթե, իհարկե, ինքը կամենա»,-եզրափակեց Նարինեն:

10259313_627928277282153_127327493853706711_o

Աննա Բաբաջանյան




Լրահոս