Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի` օրեր առաջ արված հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավորը հարցազրույցներից մեկում նշել էր. «Չեմ ժխտում, որ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կհանձնվեն Ադրբեջանին»: Սակայն ո՞վ է իրավունք տվել ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավորին նման տեսակետներ արտահայտել, նա՞ է պայքարել յուրաքանչյուր սանտիմետր հողի համար, որ իրեն այդպիսի հայտարարություններ անելու իրավունք է վերապահել: Ինչպե՞ս կարող է տարածքների փոխզիջման մասին խոսել մի մարդ, ով ոչ մի ներդրում չունի հաղթանակի հարցում, ով չգիտի` ինչ գնով է տրվել հաղթանակը:
Իսկ ո՞վ է Լևոն Մարտիրոսյանը
Լևոն Մարտիրոսյանին բոլորը ճանաչում են որպես շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայր, ով հանդիսանում է Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) անդամ և խորհրդարանում է հայտնվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:
Մարտիրոսյանի կենսագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա մասնագիտությամբ իրավագետ է և մի շարք դասընթացների է մասնակցել ու կրթություն ստացել արտերկրում, իսկ աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է վարչապետի և նախագահի օգնականի պաշտոնները:
Լևոն Մարտիրոսյանն ու Քիմ Քարդաշյանը
Լևոն Մարտիրոսյանն իր քաղաքական գործունեության ընթացքում այնքան էլ աչքի չի ընկել և մեծ ճանաչում չի վայելում: Սակայն նրա մասին բոլորը սկսեցին խոսել ամիսներ առաջ, երբ Հայաստան էր ժամանել ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը: Հենց Հայաստան ժամանելու օրը Քիմ Քարդաշյանն ու Լևոն Մարտիրոսյանն ընթրել էին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում: Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ Քիմի հետ ընթրելը Մարտիրոսյանի համար արժեցել է 300 հազար դոլար: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորը լրագրողների հետ զրույցներում իր գլուխն էր գովում, թե Քիմ Քարդաշյանն է նրան գումար առաջարկել, սակայն ինքը մերժել է:
Ինչո՞վ է հայտնի պատգամավորը
ՀՀԿ-ական պատգամավորի խորհրդարանական գործունեությունը շատ քչերին է հետաքրքրում. նրան բոլորը ճանաչում են որպես Գարիկ Մարտիրոսյանի եղբայր: Ուսումնասիրելով parliamentmonitoring.am-ի տվյալները` տեսնում ենք, որ պատգամավորը 512 անգամ կողմ է քվեարկել, 7 անգամ դեմ և 1 անգամ ձեռնպահ, նիստերից բացակայել է 46 անգամ, 20 հարց է ունեցել և 7 ելույթ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ պատգամավորը փորձում է «համեստ» ձևանալ. նա հայտարարագրում գրեթե տվյալներ չի ներկայացրել: Միայն նշված է, որ նրա դրամական միջոցները կազմել են 546 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը` 4 մլն 365 հազար դրամ: Անշարժ կամ շարժական գույքի մասին տվյալներ Մարտիրոսյանը չի ներկայացրել, ասել է թե` չունի: