Երգչուհի Մաշա Մնջոյանը վերջերս մի քանի մեծ համերգներ է ունեցել արտերկրում եւ ինչպես ինքն է ասում՝ վառ տպավորությունները մինչ այժմ իրեն չեն լքում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Ավստրալիայից մենահամերգի հրավեր է ստացել եւ սիրով ընդունել այն: Սեպտեմբերի 15-ից Մաշան մեկնել է Սիդնեյ:
«Ես, Ֆորշը եւ Մուրադ Մալխասյանը նախորդ տարի եւս եղել էինք Ավստրալիայում, այս տարի արդեն ինձ առաջարկեցին հանդես գալ մենահամերգով: Փաստորեն, իմ առաջին մենահամերգը կարողացանք կայացնել, այն էլ Հայաստանից դուրս. սա ինձ համար մեծ ձեռքբերում էր: Ի դեպ, այնտեղ ներկա էին ոչ միայն մեր հայրենակիցները, այլեւ օտարերկրացիներ: Ընդ որում, երկարատեւ համերգի ընթացքում ես ընդամենը երեք անգլալեզու երգ կատարեցի. մնացած երգերս հայերեն էին: Ընդունելությունը շատ ջերմ էր, Սիդնեյում ես կարծես Գյումրիում լինեի»,-իր ուրախությամբ կիսվեց Մաշան` հավելելով, որ բացի մենահամերգից` նա այնտեղ երկու հավելյալ համերգի էլ է մասնակցել:
Ավստրալիայից վերադառնալուց ընդամենը երկու օր անց երգչուհին մեկնել է Բեյրութ` մասնակցելու «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի մենահամերգներին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Ես միշտ երազել եմ «Գոհար»-ի հետ կանգնել մեկ բեմում, շատ տպավորված եմ համերգի շքեղությունից»,-ասաց Մաշան:
Նա խոստովանեց, որ հիմա իր կարիերայում հասել է մի աստիճանի, որի մասին երկու տարի առաջ չէր էլ կարող երազել: Մեր այն հարցին, թե երբ վերջապես հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու իր եւ Սոնայի այդքան սպասված դուետը, Մաշան պատասխանեց. «Ամեն բան արդեն պատրաստ է, վստահ եմ, որ շուտով այն կներկայացվի հանրությանը: Երգի հեղինակը Գուժն է, նա այդ գործը նվիրել է մեզ: Նաեւ այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մեծ ցանկություն ունենք»:
Իսկ այն հարցին, թե Սոնայի հետ արդյունավետ համագործակցելուց հետո արդյոք կա այլ աստղ, որի հետ Մաշան կցանկանա աշխատել, վերջինս պատասխանեց. «Շատ եմ ուզում Թաթայի հետ զուգերգ ունենալ, նրան շատ եմ սիրում, ճանաչել եմ «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակներում: Եթե մի օր ինձ բախտ վիճակվի երգել որեւէ աստղի հետ, կցանկանամ, որ դա լինի Թաթան»:
Աննա Բաբաջանյան