ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆ Է ՆՐԱՆՑ ՀՈՒՅՍՆ ՈՒ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, սակայն դրանցից մեկն առավել քան կարեւոր է. խոսքն այն օրենսդրական փաթեթի մասին է, որով փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում: Տեղեկացնենք, որ այս փոփոխությունները ուժի մեջ մտցնելուց հետո ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան քվեարկել նույնականացման քարտերով: Ներկայումս միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների թիվը երկու հարյուր հազարից մի փոքր պակաս է, սակայն մինչեւ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նրանց թիվը շատ ավելի մեծ կլինի: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նույնականացման քարտերով քվեարկող մի քանի հազար ընտրողների միջոցով ՀՀ իշխանությունները կարող են կրկնակի քվեարկություն կազմակերպելով՝ իրենց ցանկալի արդյունքը ստանալ: Իհարկե, պատկերն այդքան անհույս չէր լինի, եւ հնարավոր չէր լինի իշխանություններին միանշանակ մեղադրել ընտրակեղծարար լինելու մեջ, եթե նրանք համաձայնեին ներդնել քվեարկած ընտրողների մատերը թանաքոտելու համակարգը: Սակայն ՀՀ իշխանությունները համառորեն չեն ցանկանում թույլատրել, որ այդ գործիքը կիրառվի՝ այդ նպատակով բերելով անհեթեթ, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ հիմար պատճառաբանություններ ընտանեկան խանդի մասին: Արդյունքում, շատ հստակ պատկեր ենք ունենում. այս իշխանությունների միակ հույսն ու գոյության երաշխիքը ընտրակեղծիքներն են:

 

 

 
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի բացառել, որ Արցախում եւս սահմանադրական փոփոխությունների գործընթաց կարող է սկսվել: Իհարկե, ԼՂՀ վարչապետն ասել է, որ այս ուղղությամբ քննարկումների ի հայտ գալը կապ չունի Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հանգամանքի հետ: «Անձամբ ես եւ իմ ղեկավարած կուսակցությունն արդեն տեւական ժամանակ է՝ խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ինչն այդքան էլ պայմանավորված չէ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկու հանրապետությունների ինտեգրման բարձր մակարդակը՝ մենք պարտավոր ենք նկատի ունենալ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում մեծամասնություն ստացած կարծիքը Արցախի ինստիտուցիոնալ զարգացման հետագա ուղին որոշելու հարցում»,- ասել է Արցախի վարչապետ Հարությունյանը: Այսինքն՝ ԼՂՀ-ում դեռ կսպասեն մինչեւ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները եւ, ըստ այդմ, կորոշեն ինչպես վարվել:

 

 

 
Առաջիկա օրերին ԲՀԿ-ում կարող են հետաքրքիր զարգացումներ տեղի ունենալ: Բանն այն է, որ փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը «խաչակրաց արշավանք» սկսեց Գագիկ Ծառուկյանի դեմ, իսկ վերջինս հայտարարեց, թե ընդունում է մարտահրավերը, բազմաթիվ պատգամավորներ եւ գյուղապետեր ահաբեկված շտապեցին լքել կուսակցության շարքերը: Սակայն ԲՀԿ նախկին առաջնորդի «կապիտուլացիայից» հետո բավականին անհարմար վիճակում հայտնվեցին. ոչ այն է ետ վերադառնային, ոչ այն է այդպես՝ «անկուսակցական» մնային: Վերջին օրերին «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԲՀԿ-ից դուրս եկած մի քանի պատգամավորներ մտմտում են վերադառնալ հայրենի կուսակցություն: Սակայն ԲՀԿ-ի ղեկավարությունը վճռել է պատգամավորների ետ վերադարձի դեպքում նրանցից յուրաքանչյուրի հարցը առանձին քննարկել եւ որոշում կայացնել: Նրանք պետք է հասկանան՝ զղջո՞ւմ են ԲՀԿ-ն լքածներն այդ քայլի համար եւ հատկապես ինչո՞ւ լքեցին խորտակվող թվացող նավը: Իսկ գյուղապետերի առաջ ԲՀԿ-ի դռները միշտ բաց են:

 

 

 
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրության համաձայն՝ այս տարվա տասը ամիսների արդյունքներով՝ նոյեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 40 հազար ուղեւոր: Ավիացիայի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա տասը ամիսների արդյունքներով ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները շարունակում են նվազել: Ըստ այդմ, տասն ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկել է 1 միլիոն 595 հազար 838 ուղեւորի, ինչը անցած տարվա ցուցանիշից պակաս է ավելի քան 156 հազար ուղեւորով: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ուղեւորի սպասարկման դիմաց օդանավակայանի վճարները կազմում են մոտ 45 դոլար, ապա ստացվում է, որ ի տարբերություն անցած տարվա՝ «Զվարթնոց» օդանավակայանի այս տարվա շրջանառությունն արդեն իսկ նվազել է ավելի քան 7 միլիոն դոլարով: Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացիների համար առավել էժան է Թբիլիսիի օդանավակայանից մեկնելը: Սակայն ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն ու Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շարունակում են անտրամաբանական հիմնավորումներով հերքել այս իրողությունը՝ փորձելով այդ կերպ թաքցնել սեփական անգործությունը ոլորտում առկա խայտառակ իրավիճակի մասով:

 

 

 
ՀՈՒՍԱԴՐՈՂ

Անակնկալ այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայաստանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից օրերս ընդունված «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ զեկույցին:
Ասուլիսի ընթացքում նախ այդ զեկույցից իր խորին դժգոհությունն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` հատկապես ռուսերենով ընդգծելով, որ զեկույցի հեղինակ բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի ադրբեջանական կապերի, այդ երկրում նրա ունեցած բիզնես հետաքրքրությունների մասին բազմիցս գրել է հենց բրիտանական մամուլը, եւ դա նկատի առնելով՝ խոսել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ մտցված այդ զեկույցի հեռավոր իսկ անաչառության մասին, պարզապես անհնար է:
Ինչից հետո ՌԴ ԱԳ նախարարը միջամտել է` ընդգծելով, որ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր ցանկանում է իր դիրքորոշումը ներկայացնել.«Մենք` Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, հաստատապես դեմ ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում հետեւողական, գործնական եւ համբերատար երկխոսության փոխարեն փորձեն այս թեման տեղափոխել տարաբնույթ միջազգային հարթակներ, որոնք չեն զբաղվում կարգավորմամբ: Համենայնդեպս, միջազգային հանրության անունից նրանց ոչ ոք նման հանձնարարություն չի տվել։ Համանախագահները աշխատում են կողմերի պայմանավորվածության հիման վրա, որը հավանության է արժանացրել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը: Լեռնային Ղարաբաղի խնդրում այս եռյակն է հանդիսանում լիազորված միջնորդը, եւ ցանկացած կտրուկ գործողություն՝ անկախ այն բանից, թե ով է հեղինակլը, միայն վնասում է գործին եւ համանախագահներին»,- հայտարարել է Լավրովը` այդպիսով, ըստ էության, երկրորդելով ամերիկյան կողմի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` նախօրեին արած հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ»:
Դժվար է ասել՝ արդյոք հենց դա էր Լավրովի` Երեւան կատարած անսպասելի այցի բուն նպատակը, թե կային նաեւ շատ ավելի գլոբալ խնդիրներ, ինչպես, օրինակ, Սիրիայի թնջուկը կամ հայ-իրանական համագործակցության խորացման` Ռուսաստանին անհանգստացնող միտումները, սակայն արդեն իսկ այն փաստը, որ Լավրովը Երեւանում, այն էլ այդքան միանշանակ եւ անառարկելի ձեւակերպումներով ներկայացրեց ոչ միայն Ռուսաստանի, այլեւ, փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի եռանախագահ երկրների միասնական տեսակետը հայկական կողմի համար, անշուշտ դրական քայլ է, թեեւ փոքր-ինչ ուշացած: Մնում է, որ այսպիսի քաղաքական աջակցություն ստանալուց հետո հայկական դիվանագիտությունը կարողանա մինչեւ հունվար արդյունավետ աշխատանք տանել` ներազդելու համար այս ամոթալի զեկույցի քվեարկության արդյունքների վրա:




Լրահոս