ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՇԱՏԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի լեռնային եւ անտառամերձ գյուղերում անասունների վրա գայլերի հարձակումները նորություն չեն: Այս խնդրի լուծումը կառավարությունը տեսնում է գայլերի ոչնչացման միջոցով, մինչդեռ բնապահպանները դա համարում են անթույլատրելի եւ վտանգավոր մոտեցում:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունը բնապահպանության նախարարությանը նախորդ տարի հատկացրել էր 20 մլն դրամ` գայլերին սպանելու համար: Գումարը նախատեսված էր 200 գայլի համար` յուրաքանչյուր սպանված գայլի համար 100 հազար դրամ պարգեւավճարի հաշվարկով:
Վերջին շրջանում ՀՀ գյուղերում գայլերի հարձակման դեպքերը կարելի է անվերջ թվարկել: Օրինակ՝ այս տարվա մայիսին Լոռու մարզի Բազում գյուղի գերեզմանատանը հարակից հանդամասում գայլերը հարձակվել եւ հոշոտել էին 4 հորթ: Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում հունիսին գայլերը գյուղի բնակիչներից մեկի անասնագոմում 10 ոչխար էին հոշոտել, իսկ 4-ին՝ բզկտել: Այս տարվա հունիսին գայլերը հոշոտել էին Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչներից մեկի 62 ոչխարը: Իսկ Լոռու մարզի Կողեսի բնակիչներից մեկին պատկանող 80 ոչխարից գայլերը 10-ը կերել էին, 10-ին` հոշոտել:
Մոտ օրերս էլ Լոռու մարզի Վահագնի գյուղում գայլը հոշոտել է կաթնատու մեկ կով: Վահագնիի գյուղապետ Պետրոս Քոչինյանի պատմելով՝ այս ամիսներին հաճախակիացել են գայլերի հարձակումները: «Անասունը սատկեց մենք էլ դեն գցեցինք: Որսորդական հրացան էլ չունենք, որ կրակենք»,- ներկայացրեց գյուղապետ Քոչինյանը: Նրա խոսքերով, գայլերի հարձակումից տուժած գյուղացիներին ո՛չ համայնքապետարանը, ո՛չ մարզապետարանը եւ ո՛չ էլ կառավարությունը երբեւէ չեն փոխհատուցել: Այնինչ` գյուղացիները չեն կարող պաշտպանել իրենց անասունը գայլերի հարձակումից, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ դրանք ոչ միայն հանդերում են հարձակվում անասունների վրա, այլեւ մտնում են գյուղ` սողոսկելով անգամ տների բակեր եւ անասնագոմեր: Գյուղապետը հայտնեց, որ վերջերս գյուղացու հենց տան բակում գայլը հարձակվել էր էշի վրա եւ վերջինիս հոշոտել: Նմանօրինակ մի դեպք էլ նախօրեին տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասում, որտեղ գայլը հոշոտել է մեկ ոչխար: Եթե հովիվը չլիներ, ապա գայլը կհոշոտեր մեծ թվով ոչխարներ:
Մասնագետների խոսքերով, երբ ձյան պատճառով կերի բացակայություն կա, գայլերն ակտիվ հարձակվում են մարդկանց վրա, դեկտեմբեր-հունվար հատվածը նրանց բեղմնավորման շրջանն է, արուները շատ ակտիվ են դառնում, էգերի զուգավորման եւ էգին տիրանալու խնդիր կա, մինչեւ ապրիլ վտանգավոր շրջան է համարվում: Իսկ հիմնական թիրախային վայրերն են Վայոց Ձորը, Սյունիքը, Արագածոտնի մարզերը:
Բնապահպան Սիլվա Ադամյանի կարծիքով՝ գայլերին ոչ թե պետք է ոչնչացնել, այլ պարզել պատճառը, թե ինչու են նրանք ակտիվացել: Ըստ բնապահպանի՝ գայլերը բնության սանիտարներն են. նրանք ոչնչացնում են թույլ եւ հիվանդ կենդանիներին: «Այդ գիշատիչ կենդանիները պետք է որսը փնտրեն այնտեղ, որտեղ այն կա: Նրանց սնունդն է պակասել, այդ իսկ պատճառով ակտիվացել են: Բացի այս, գայլերն ունեն բնազդ. ինչքան իրենց վրա կրակում են, այնքան ավելի շատ են բազմանում: Դրա հետ մեկտեղ չունեն կենսամիջավայր: Այն քանդված է, չունեն տեղ, որտեղ կարող են կերակրվել»,- բացատրեց բնապահպանը: Ըստ նրա՝ կառավարության մոտեցումը՝ յուրաքանչյուր սպանված գայլի համար 100 հազար դրամ պարգեւավճար տալը, ճիշտ քայլ չէ խնդիրը կարգավորելու համար:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակում է մի ծրագիր, որով պետք է փորձի սահմանափակել այն կենդանիների որսը, որոնք հանդիսանում են գայլերի կերը: Այս նախագիծը ներկայացված է ՀՀ կառավարություն, սակայն դեռ հաստատված չէ:
Ըստ Սիլվա Ադամյանի՝ սա ճիշտ մոտեցում է. «Այդ կենդանիների թվում են, օրինակ, նապաստակը, վարազը: Հենց սրանց որսը պետք է սահմանափակել, որպեսզի գայլերը անտառում կեր ունենան: Չէ որ որսագողությունը Հայաստանում շատ զարգացած է: Հիմա գյուղացին էլ է հասկացել, որ կրակելով բացարձակ ոչինչ չի փոխվում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ գայլերի հարձակումները դեռ կշատանան այնքան ժամանակ, մինչեւ այս կառավարությունը չհասկանա, որ սխալ ուղու վրա է»:
Մեր զրուցակիցը նույնպես ահազանգեր է ստանում գայլերի հարձակումների վերաբերյալ: Երբեմն պատահում է, որ ահազանգերը լինում են այն գյուղերից, որտեղ երբեւէ գայլերի հարձակման դեպքեր չեն գրանցվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ
Սինայի թերակղզում ավիաաղետը «եգիպտական հատուկ ծառայությունների կողմից դավաճանություն» է անվանվել, ընդ որում, այդ արգելքը սահմանվել է երկարատեւ ժամկետով եւ կարող է ընդլայնվել այլ ուղղություններով: Այս մասին փոխանցում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով պետական կառույցների աղբյուրներին: «Ինչ էլ որ տեղի ունեցած լինի, սա մեծ ձախողում է Եգիպտոսի հատուկ ծառայությունների համար»,-հայտարարել է աղբյուրը: Ներկա պահին, պարբերականի տեղեկությունների համաձայն, ստուգվում են տեղեկություններն այն մասին, որ «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321-ին թռիչքից առաջ անհայտ պատճառներով հասանելիություն են ունեցել կողմնակի անձինք: «Կոմերսանտ»-ը նաեւ հայտնել է մի քանի տարով թռիչքների արգելքի մասին: Ընդ որում, պարբերականը նշում է, որ նման սահմանափակումներ ապագայում կարող են սահմանվել այլ երկրների նկատմամբ: Նոյեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին: Բացառություն են կազմում ծառայողական նպատակներով օդային փոխադրումները:

 

5 ՏՈՒԺԱԾ ՏՈՒԼԱՅՈՒՄ Է
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում իրենց բուժումն են շարունակում նոյեմբերի 3-ին Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած հինգ քաղաքացի: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեք հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Տուժածներից մեկը, որն ունի կոնքի ոսկրերի եւ անրակի կոտրվածքներ, նոյեմբերի 9-ին բարեհաջող վիրահատվել է: Մյուս հիվանդի առողջական վիճակը կայուն է, առկա է դրական տեղաշարժ:
Նշենք, որ Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի կապակցությամբ Մոսկվայում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանից ժամանած բժիշկների հետ կայցելի նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստանալու նպատակով Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ տեղափոխված տուժածին:

 
ՁԵՎԱԿԱՆ ՈՒ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
Նոյեմբերի 3-ին լրացավ հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում եւ հարակից տարածքներում ԶԼՄ ներկայացուցիչների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերով հարուցված քրեական գործի չորս ամիսը: Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած ցույցը ցրելիս ոստիկանության ստորաբաժանումները նաեւ աննախադեպ «որս» էին կազմակերպել լրագրողների, օպերատորների, լուսանկարիչների նկատմամբ, ֆիզիկական բռնության ենթարկել նրանց, կոտրել կամ վնասել շատերի նկարահանող սարքերը, ոչնչացրել տեսագրություններ ու լուսանկարներ, առգրավել հիշողության քարտերը: Ըստ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալների՝ այդ գործողություններից տուժել են տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցներ:
Դեպքերից 10 օր անց՝ հուլիսի 3-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ: Ծավալուն այս գործը առաջին երկու ամիսների ընթացքում քննում էր ՀՔԾ-ի ընդամենը մեկ քննիչ: Արդյունքում այդ ժամանակահատվածում նշված 24 անձանցից 6-ը չէին հարցաքննվել: Այդ մասին ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ով ս. թ. սեպտեմբերի 22-ին ցուցում էր տվել հատուկ քննչական ծառայությանը ձեւավորել քննչական խումբ՝ վերոհիշյալ գործը քննելու համար:
Քննչական խումբը ստեղծվեց, բայց գործողությունների արդյունավետությունը գրեթե չբարելավվեց: Այսպես՝ հունիսի 23-ի դեպքերի ժամանակ տուժած, բայց առաջին 2 ամիսների ընթացքում չհարցաքննված ԶԼՄ-ների 6 աշխատակիցներից 5-ը հաջորդ երկու ամիսներին էլ չեն հրավիրվել ՀՔԾ: Չգիտես ինչու, անտեսվել են «1in.am» լրատվական կայքի նախկին աշխատակիցներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը, Գոռ Հովհաննիսյանը, ներկա աշխատակից Արեն Մկրտչյանը, «Ասպարեզ» թերթի գլխավոր խմբագիր Լեւոն Բարսեղյանը:
Ի դեպ, այս լրատվամիջոցի չորս աշխատակիցներից երեքն այլեւս չեն աշխատում այնտեղ: Միայն մեկը՝ Արեն Մկրտչյանն է շարունակում աշխատել, նա էլ ԽԱՊԿ-ի հարցին ի պատասխան՝ նշեց. «Իսկ ինչո՞ւ պետք է հրավիրեին ինձ ՀՔԾ: Ես հունիսի 23-ին ներկա եմ եղել որպես ակտիվիստ, ոչ թե լրագրող»… Հիշեցնենք, որ նախորդ հրապարակումներում Արեն Մկրտչյանը երբեւէ չի նշել, թե հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ներկա է եղել որպես ակտիվիստ: Լրագրողներից միակը, ով ի սկզբանե հայտարարել է, որ դեպքի վայրում է գտնվել որպես ակտիվիստ «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Հրանտ Գալստյանն է: Բացի այդ՝ անկախ այն հանգամանքից, որ Արեն Մկրտչյանի խոսքով՝ ինքը Բաղրամյան պողոտայում եղել է որպես ակտիվիստ, ՀՔԾ-ն պարտավոր էր նրան հրավիրել հարցաքննության, քանի որ հունիսի 23-ի դեպքի առնչությամբ հարուցվել է մեկ ընդհանուր քրեական գործ, որում ներգրավված են նաեւ տուժած ակտիվիստները:
Ի դեպ, լրագրողներից ոմանք խոստովանեցին, որ այլեւս չեն պատրաստվում ժամանակ ծախսել ու ներկայանալ ՀՔԾ, քանի որ այս մարմնի քայլերը ձեւական ու անարդյունավետ են համարում:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե




Լրահոս