ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության հետ կապված քաղաքական ուժերի հայտարարությունները, պետք է նկատել, հարկ եղածից ավելի քաղաքականացված էին, իսկ կատարված ողբերգության գնահատականներն էլ,  թերեւս, փոքր-ինչ ծայրահեղացված: Մասնավորապես ՀՅԴ ԳՄ պաշտոնական  հայտարարության  այն պնդումը, որ սպանությունը «ուղղված էր հայոց պետականության եւ նրա վարկի դեմ»: Սա, իհարկե, միանշանակ չընկալվեց: Հանրապետականամերձ որոշ շրջանակներ դաշնակցականներին հիշեցրեցին, որ նրանք նույնպիսի  հայտարարություններ չարեցին, երբ «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանին ոչ ճիշտ տոնայնությամբ բարեւելու համար նախկին նախագահի  թիկնապահները ծեծելով սպանեցին դաշնակցական Պողոս Պողոսյանին, մինչդեռ հիմա` նախագահական ընտրություններին հաջորդող, եւ Երեւանի ավագանու ընտրություններին նախորդող այս ժամանակահատվածում դաշնակցականներն առիթը բաց չեն թողնում կատարված ողբերգությունը քաղաքականացնելու համար: Կա արդյոք ճշմարտության հատիկ այս պնդման մեջ, դժվար է ասել, սակայն  դատելով այն փաստից, որ երեկ երեկոյան Հ. Մուրադյանի սպանության կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է Պռոշյանի բնակիչներ, ՀՀԿ անդամներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյաններին (եթե իհարկե ապացուցվի նրանց մեղավորությունը) կարող ենք արձանագրել, որ դաշնակցականների պնդումները քաղաքական ենթատեքստի մասին եւս չի կարելի անհիմն համարել: Խնդիրն այն է, որ Հայաստանում իշխող կուսակցության անդամատոմսը վերածվել է մի յուրօրինակ լիազորագրի, որի շնորհիվ իրականացվող ապօրինությունները մնում են անպատիժ: Եթե փորձենք դիտարկել աղմկահարույց ապօրինությունների վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ դրանցում հիմնականում շոշափվում են իշխող կուսակցությունների ներկայացուցիչների անունները: Դրա պատճառը ոչ թե այդ մարդկանց դավանած գաղափարախոսությունն ու արժեհամակարգն է, այլեւ ամենաթողության  ներքին զգացողությունը, որը նրանք ձեռք են բերել ՀՀԿ իշխանության տարիների ընթացքում:  Թեեւ մեկ տարի առաջ  ՀՀԿ 13-րդ արտահերթ համագումարում Սերժ Սարգսյանն ասում էր, որ «Հանրապետական լինելը հպարտություն է, Հանրապետական լինելը պատիվ է, Հանրապետական լինելը պատասխանատվություն է»,  հանրային ընկալման մեջ ՀՀԿ-ական լինելը բոլորովին այլ բան է նշանակում: Եվ որքան էլ Ս. Սարգսյանն իր ելույթներում փորձի վստահեցնել, որ «իր արածի ու չարածի համար յուրաքանչյուր հանրապետական պատասխանատու է  ոչ միայն կուսակցության, այլեւ երկրի առջեւ,  ավելին, պատասխանատու է ոչ միայն սեփական վարքի, այլեւ իր ենթակաների, ընտանիքի անդամների համար», առայժմ հանրությունը դրա որեւէ ապացույց չի տեսնում: Եթե Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղավոր են ՀՀԿ-ականները, ապա սա լավ առիթ է ցույց տալու, որ Ս. Սարգսյանի հայտարարությունները  երբեմն նաեւ իրականանում են:




Լրահոս