ԿԵՂՏՈՏ ՓՈՂԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՏԵՂ ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք ներկայացնել «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի հետ «Ժողովուրդ»-ի զրույցը: Այս հատվածում Կարապետյանը բարձրաձայնում է, որ շատ պաշտոնյաներ իրենց «կեղտոտ փողերի ձեռքը կրակն են ընկել»:
-Պարո՛ն Կարապետյան, Դուք ասում եք, որ եթե Սերժ Սարգսյանն ինքը վերեւից հեղափոխություն չանի, լավ չի լինելու: Մինչդեռ նա իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մենք 7,2% տնտեսական աճ ունենք, եւ Հայաստանն այնքան էլ վատ վիճակում չէ, պարզապես լրատվամիջոցներն են գաղջ մթնոլորտ ձեւավորում: Ի վերջո, ո՞ր իրականությունում ենք մենք ապրում:
-Իրենց սիրելի Եվրոպան ասում է (սիրելի, որովհետեւ իրենք են ձգտում ինտեգրվել ամբողջ թափով, ԵԺԿ-ի անդամ են արդեն), որ փորձագիտական գնահատականներ ունեն. եթե վիզայի ռեժիմը հանվի, 1 մլն 200 հազար մարդ կցանկանա արտագաղթել: Ես ուզում եմ հարց տալ Ս. Սարգսյանին եւ մնացածներին. կարո՞ղ եք ասել՝ հայ ազգը, որ մոտ 7000 տարի նույն հողի վրա ապրում է, անցել է արհավիրքներով, տեսել է ցեղասպանություն, արշավանքների մեջ է ընկել, սակայն մնացել է այն հողի վրա եւ հիմա էլ 7,2% աճով, ՀՀԿ-ականների հիպնոսը օգտագործելով, Հ1-ի պրոպագանդան եւ ագիտացիան միշտ կիրառելով, ինչո՞ւ է ցանկանում լքել երկիրը: Էլ չեմ ասում, թե ինչքանն են արդեն լքել: Ալթայում, Սիբիրում նույնիսկ գյուղեր կան, որ արդեն ամբողջությամբ հայկական են:
-Բայց Եվրամիությունը հատուկ ծրագիր է բերել արտագաղթը կանխելու ու գումարներ ներդնելու համար:
-Ինչո՞ւ, որովհետեւ հասկացել է, որ եթե Հայաստանը պետք է ընդգրկվի իրենց շարքերը, ապա չպետք է այստեղից շատ մարդ գնա: Եվրոպացիները՝ որպես պրագմատիկ ժողովուրդ, հասկացել են, որ մի ճանապարհ կա. փոքր փողերով փորձել Հայաստանում իրավիճակն այնպիսին դարձնել, որ արտագաղթի այդ մեծ ծավալը նվազի: Իսկ Հայաստանը ինտեգրվի դեպի Եվրոպա: Իրենք ուզում են լուծել անլուծելին: Կարող եմ ասել, որ չի ստացվելու: Պարզապես փաստ է, որ նմանատիպ ծրագրերով նման խնդիրներ չեն լուծվում:
Հիմա Ս. Սարգսյանն ընտրել է կոմսոմոլի այդ կոմերիտական գործելակերպը՝ ագիտացիա-պրոպագանդա: Մեզ մոտ ամեն ինչ լավ է: Բայց եթե նույնիսկ պաշտոնական տվյալներով 40%-ը դեմ է, ինչպե՞ս է լավ: Բոլորս էլ լավ գիտենք, որ ամեն ինչ շատ վատ է, եւ ոչ ոք Ս. Սարգսյանի ասածները լուրջ չի ընդունում, դրա վրա ուշադրություն չի դարձնում, ընդ որում, լուրջ տեղերում: Ոչ գեոքաղաքական նկրտումների մասին, թե մենք կգնանք Մաքսային միություն կամ չենք գնա, կգնանք Եվրոպա, կամ չենք գնա, ոչ ոք լուրջ չի ընդունում այլեւս: Որեւէ ռացիոնալ միտք Ս. Սարգսյանը չի արտահայտում:
-Իսկ այս իրավիճակում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:
-Հիմա եթե խոսենք զարգացումների մասին, ապա ասեմ, որ հիմա Եվրոպայի տնտեսական աճի, առաջընթացի բեռն իր ուսերի վրա Գերմանիան է տանում՝ 50%-ից ավելին: Պարզ է, որ Գերմանիայում էլ են խնդիրներ ծագում, եւ ինչքան գիտեմ, Կիպրոսի խնդիրը հենց գերմանացիներն են սկսել՝ ցույց տալու համար, որ արդեն բոլորը պետք է աշխատեն, օֆշորային դրախտը վերջանում է: Դա սկսվեց Հունաստանից՝ ապացուցելով, որ եթե բոլորդ ուզում եք լինել Եվրոպայում, պետք է աշխատեք: Եվրոպայի հաշվին ապրել ձեզ ոչ ոք թույլ չի տա: Բացի այդ, Լյուքսեմբուրգը, որ բանկային օֆշոր է, ավելի լուրջ գործոն է, քան Կիպրոսը՝ իր բանկային համակարգով եւ օֆշորային գործողություններով, արդեն երկու տրիլիոնին մոտ բանկային պարտք ունի: Դա փոքր երկիր է, որտեղ 100 միլիարդից ավելի պարտքով Կիպրոսն ընդհանրապես չէր տեղավորվի: Էլ չեմ ասում Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, եթե բացենք, նրանց արտաքին պատկերը նայենք, մեծ թիվ են կազմում: Այսինքն՝ գնալով Եվրոպայում պրոցեսները դառնալու են այնպիսին, որ այնտեղ փող պահելն այլեւս անվտանգ չի լինի:
-Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ Ս. Սարգսյանն ու Հայաստանի տնտեսությունը: Մենք այդքան փող ունե՞նք, որ «եվրոպաներում» պահելու խնդիր առաջանա:
-Հայաստանում կան փողեր, բայց դրանք ժողովրդինը չեն: Եվ ի՞նչ է անում Ս. Սարգսյանը: Նա մտածում է կաթոլիկ եկեղեցու հետ ստեղծել առանձնահատուկ կապեր, որն արդեն կար  որոշակի հայ օլիգարխների ճանապարհով: Եվ սրանով է պայմանավորված նաեւ նշանակումը Վատիկան՝ փեսային որպես դեսպան: Ես պաշտոնապես տեղեկացված չեմ, թե ինչպիսի կրթություն ունի փեսան, դիվանագիտական կրթություն ստացել է, թե ոչ, բայց դա արդեն կարեւոր չէ: Նշանակումները կարող են տարբեր լինել: Մարդը կարող է կոշկակարից միանգամից դառնալ նախարար: Բայց փաստ է, որ Վատիկանը, բանկերը փակելով, ընկել է բավական ծանր կացության մեջ, այնքան էլ լավ տեղ չէ փողերը պահելու համար: Սա ասեմ բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն ապագայում նմանատիպ գործընթացների մեջ ներգրավվել: Ուղղակի իմ ձեռքի տակ բավական երկար տարիների վերլուծություններ կան, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան իտալական, շվեյցարական բանկերի հետ:
-Այսինքն՝ Սերժ Սարգսյանն իր փեսային նշանակեց, որ իր գումարներն ուղարկի Վատիկա՞ն՝ որպես ապահով վայր:
-Ես ասացի այն, ինչ ասացի: Ինչքան տեղյակ եմ, վերջին 5 տարվա ընթացքում հայ օլիգարխների մեծ հատվածը փորձում է այլ ապահով երկրներ գտնել՝ փողեր պահելու համար: Մասնավորապես Շվեյցարիայում էին պահում, բայց այնտեղ նույնպես պրոբլեմները գնալով ավելանում են, եւ այնտեղ էլ անվտանգ չէ: Հիմա հիմնականում փորձում են արաբական աշխարհի երկրների հետ աշխատել, սակայն այդ երկրներում էլ դեպոզիտային խնդիրները մի փոքր ավելի բարդ են՝ պետք է փողը դնել բիզնեսի մեջ: Մի խոսքով, կեղտոտ փողեր աշխատելը դժվար է դառնում. պահելու տեղ չկա: Նույնիսկ մեր երկրի շատ նախկին պաշտոնյաներ են իրենց գումարների ձեռքը կրակն ընկել: Կիպրոսից հանել են ու չգիտեն՝ ուր տանեն:   

Զրուցեց ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ




Լրահոս