ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ 1 ՄԼՆ-ՈՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնարավորության դեպքում Հայաստանից արտագաղթելու պատրաստ է բնակչության 40 տոկոսը. անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում նման եզրակացության է հանգել «Գելափ» հետազոտական կազմակերպությունը:
Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ՀՀ բնակչության թիվը, ըստ 2011թ. անցկացված մարդահամարի տվյալների, կազմում է 2,9 մլն մարդ, ապա Հայաստանը պատրաստ է լքել 1,16 մլն քաղաքացի: Ընդ որում, ըստ «Գելափ»-ի տվյալների, հետխորհրդային երկրներից արտագաղթելուն ամենաշատը հակված է հենց Հայաստանի բնակչությունը: Խոստովանենք, այս ցուցանիշներն առավել քան մտահոգիչ են: Մանավանդ, երբ ըստ ԱՎԾ տվյալների՝ տարեկան երկրից հեռանում է մոտ 42-45 հազար մարդ: Մյուս կողմից, գնալով նվազում է ծնելիության ցուցանիշը, եւ այն այլեւս չի ծածկում միգրացիայի բացասական մնացորդը: Այսինքն՝ ՀՀ-ից տարեկան հեռացածների ու մահացածների թվի գումարը գերազանցում է ծնվածների թիվը:
Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանություններն ահագնացող արտագաղթը կանխելու համար: Հիմա փորձում են տպավորություն ստեղծել, թե գիտակցում են խնդրի կարեւորությունը, նույնիսկ Եվրամիությունից այդ նպատակով 1 մլն եվրո դրամաշնորհ են ստացել. ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության եւ People in Need կազմակերպության միջեւ համապատասխան հուշագիր ստորագրվեց: Եվ՝ հիմա առաջ դեպի ապահով Հայաստան:
Բնականաբար, շատերին է հետաքրքրում, թե 1 մլն եվրո գումարով ինչպես են իշխանությունները կանխելու արտագաղթը: Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանի մի քանի մարզերում, որտեղից շատ են արտագնա աշխատանքի մեկնողները, կներդրվի սոցիալական աշխատողի ինստիտուտը: Վերջինս անհատական աշխատանք կանցկացնի մոտ 2500 ընտանիքների 10 հազարից ավելի անդամների հետ, կարող են տարբեր համայնքներում ցերեկային խնամքի կենտրոններ ստեղծել, որտեղ կհաճախեն մարդիկ կամ էլ բնակիչներին կայցելի հենց հոգեբանը եւ այսպես շարունակ: Իսկ եթե այսքանից հետո մարդը չի համոզվի ու որոշի արտագաղթել, ապա նրանց ներկայացվելու է համապատասխան տեղեկատվություն աշխատանքային միգրանտի, այլ երկրների օրենսդրության վերաբերյալ:
Խոստովանենք, անհամոզիչ է հնչում: Բայց սա այն ծրագիրն է, որն իրականացնելու են ԵՄ տրամադրած 1 մլն եվրոյի շրջանակներում: Իսկ թե այսքանից հետո որքանով կհաջողվի կանխել արտագաղթը, մնում է միայն պատկերացնել:
Այնուամենայնիվ, երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչպես են պայքարելու արտագաղթի դեմ, ինչպես են որոշելու թիրախային խմբերին, կոնկրետ արտագաղթողներին: «Դրա համար մեթոդաբանություն կա մշակված, որով ծրագրի շրջանակներում նախ ռիսկի ենթակա, կյանքի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքների կարիքներն են գնահատվելու, որից հետո, ըստ գնահատված կարիքների, կնախանշվեն վերականգնողական անհատական ծրագրերը, որ պետք է իրականացվեն տվյալ ընտանիքի մասով: Յուրաքանչյուր ընտանիքի մասով դա անհատական է լինելու եւ սոցիալական ծառայությունների այն փաթեթը, որ պետք է տրամադրվի այդ ընտանիքին»,-ասաց պարոն Ասատրյանը: Իսկ արդյոք այս ամենը պարզապես գումարների լվացում կամ գումարների անիմաստ վատնում չէ. «Ժողովուրդ»-ի հարցին պարոն Ասատրյանը բացասական պատասխան տվեց. «Որպեսզի գնահատական տանք, պետք է նախ հասկանանք ծրագրի բովանդակությունը, թիրախները եւ ակնկալվող արդյունքը: Այդ ամենը պետք է ամբողջականության մեջ նայել: Միջազգային մեր գործընկերների կողմից սա նաեւ կարողությունների զարգացում է դիտարկվում: Չէ՞ որ մենք նաեւ այդ խնդիրների մասին խոսում ենք: Հիմա այս ծրագրի շրջանակներում քայլ է կատարվում, որպեսզի առնվազն այն խնդիրները, որոնց մասին տեղյակ ենք, փորձենք լուծումներ տալ»: Ըստ Արտեմ Ասատրյանի՝ միայն ծրագրի մեկնարկից հետո է հնարավոր խոսել դրա արդյունավետության մասին:
Այս ամենը, այնուամենայնիվ, շատ անհամոզիչ է հնչում: Մանավանդ, երբ իշխանությունների՝ որեւէ խնդրի լուծմանն ուղղված քայլերը սկսվում եւ ավարտվում են դասախոսություններով, հետազոտություններով եւ այսպես շարունակ: Էլ չենք ասում այն մասին, որ միակ ոլորտը, որտեղ մասնագիտացել են այս իշխանությունները, գումարներ լվանալը, «ատկատներն» ու յուրացնելն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս