ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՓԱԿ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՊԱՏՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ այս երկուշաբթի Հայաստան կատարած այցից հետո սկզբում հայկական, այնուհետեւ նաեւ ռուսական լրատվամիջոցներում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ ռուսական կողմը ՀՀ իշխանություններին համոզում է Արցախի ազատագրված շրջաններից մի քանիսը վերադարձնել Ադրբեջանին: Ըստ լուրերի՝ Լավրովի այցի նպատակը եղել է շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցը ՀՀ իշխանությունների հետ քննարկելը: Բնականաբար, այս լուրերը ԱԺ պատգամավորների շրջանում մտահոգություններ են առաջացրել, եւ նրանք կառավարությունից պահանջել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը գնա խորհրդարան եւ պարզաբանումներ ներկայացնի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խորհրդարանում առաջիկայում այս նպատակով փակ քննարկում է կազմակերպվելու, որի ընթացքում Նալբանդյանը պատգամավորներին է ներկայացնելու Լավրովի այցի նպատակները: Ի դեպ, ՀՀԿ-ականներից շատերը մասնավոր զրույցներում ասում են, որ իրենց համար եւս անհասկանալի է, թե ինչ է իրականում տեղի ունենում ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում:

 

 

 
ՌԴ Տուլայի տարածաշրջանում նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան ավտոբուսը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այսպես կոչված՝ «տեսա-ռեգիստրով» կահավորված չի եղել: Արդյոք նման պայմաններում կպարզվեն վթարի ճշգրիտ պատճառները, ցույց կտա ժամանակը: Բայց որ միջպետական ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսը «ռեգիստր» չի ունեցել, ինքնին տարօրինակ է: Ժամանակակից բոլոր ավտոբուսները նման սարքավորումներով կահավորված են: Ավելին՝ ավտոբուսների ներսում եւս տեսահսկման համակարգեր կան, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում հնարավոր է վերարտադրել նաեւ ավտոբուսի սրահում տեղի ունեցած իրադարձությունները: Մյուս կողմից, եթե ավտոբուսն ինքը չի ունեցել, ապա տարօրինակ է, որ դրա սեփականատեր «Կինգ Դելյուքս» ընկերությունն ինքը միջոցներ չի ներդրել՝ իր շարժակազմը այդ սարքով կահավորելու համար: Ի վերջո, այդ «ռեգիստրները» վերջին տարիներին այնքան են տարածվել, որ դրանց առանձին մոդելները կարելի է ձեռք բերել անգամ 20 դոլարով, եւ նույնիսկ տաքսի ծառայություններն են գնում:

 

 

 
Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու նպատակով տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» է իրականացրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղամասերը հիմնականում բաժանվել են գյումրեցի պատգամավորների «միջեւ», եւ հենց նրանք պետք է ապահովեն անհրաժեշտ թվով այո-ները: Պատգամավորներն էլ առանձնակի եռանդով «լծվել են աշխատանքի», քանի որ նրանց բաց տեքստով ասվել է, որ իրենց ապագա ճակատագիրը կախված է հանրաքվեի արդյունքներից: «Բաժանումների» արդյունքում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին շատ քիչ տարածք է բաժին հասել, ինչի արդյունքում տեղի իշխանական վերնախավի շրջանում արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա եկող տարվա սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի լինի իշխանության թեկնածուն: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւս երկու տեղամաս է «բաժին հասել», որ պարապ չմնա:

 

 

 
Վերջին օրերին լայն քննարկման առարկա դարձավ այն հանգամանքը, որ ընդդիմությունը չի կարողանում տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրեն հատկացված բոլոր տեղերում անդամներին նշանակել: Ամենազազրելին այն է, որ իշխանության ներկայացուցիչները, չգիտես ինչու, սկսել են այս խնդրի հետ կապված ընդդիմությանը ծաղրել: Մի կողմից՝ իշխանությունները ընտրությունները կեղծելու համար համակարգ են ներդրել՝ սահմանելով, որ ընտրական հանձնաժողովի անդամ կարող են դառնալ միայն ԿԸՀ-ի տված վկայականով անձինք, մյուս կողմից՝ ընդդիմությունը սկսում է խնդիրների առաջ կանգնել, քանի որ անհրաժեշտ թվով «լիցենզավորված» անդամներ չունի: Իսկ կեղծարար իշխանությունները սկսում են ընդդիմությանը ծաղրել, թե այդքան մարդ չունեք, որ հանձնաժողովի անդամ նշանակեք եւ ընտրությունները վերահսկեք՝ մոռանալով, որ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների երաշխավորը ոչ թե ընդդիմությունն է, այլ դա իշխանությունների պարտականությունն է:

 

 

 
ՋՂԱՁԻԳ

Նախօրեին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ելույթ ունենալով հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի առաջ, վերստին անդրադարձել էր Հայաստանում առկա կոռուպցիային. «Երբ բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդարացի չէ եւ չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական եւ քաղաքական հետեւանքների են հանգեցնում, ապա դա սահմանափակում է տնտեսական աճը: Հայաստանի քաղաքացիների շրջանում կոռուպցիայի բեռը կրում են առավել խոցելիները, փոքր բիզնեսի սեփականատերերը, ովքեր ջանում են գործ սկսել եւ պահպանել այն»,- նշել էր Միլսը:
Այն, որ ԱՄՆ դեսպանի գնահատականները ոչ միայն համապատասխանում են հայաստանյան իրականությանը, այլեւ այն ներկայացնում են դիվանագիտական մեղմասացությամբ` չի կարող հերքել Հայաստանում ապրող որեւէ բանական մարդ, եթե, իհարկե, նա չունի շատ կոնկրետ կուսակցական պատկանելություն եւ համապատասխան կաշկանդվածություն: Սակայն անգամ ՀՀԿ-ական լինելու հանգամանքը չպետք է որ ստիպեր այդ կուսացության կարկառուն պատգամավորներին այդքան նյարդային արձագանքելու ԱՄՆ դեսպանի խիստ իրավացի բարձրաձայնումներին: Ինչպես հիշում ենք՝ ամիսներ առաջ դեսպան Միլսի կողմից Հայաստանում կոռուպցիայի առկայության հիշատակումը խիստ վրդովվեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, որը ԱՄՆ դեսպանի հայտարարությունները որակեց «մասնավոր կարծիք, որին պետք չէ լուրջ վերաբերվել»:
Երեկ էլ «Առավոտի» հետ զրույցում բավականին նյարդային է արձագանքել մեկ այլ ՀՀԿ-ական` Կորյուն Նահապետյանը` նշելով, որ օտար պետությունների ներկայացուցիչները որեւէ իրավունք չունեն միջամտելու երկրի ներքին գործերին. «Իհարկե, կարող են կարծիքներ հնչեցնել տարբեր երեւույթների կապակցությամբ, բայց միջամտություն ունենալ, ուղղորդել, նման բաները, կարծում եմ, ճիշտ չէ»,- ասել է Նահապետյանը:
Այս իրավիճակում առավել զավեշտալի հարցն այն է, թե ինչու են հանրապետականները «խաչ» տեսած վամպիրի նման ջղաձգվում, երբ որեւէ մեկը խոսում է առկա կոռուպցիայի մասին: Ի վերջո, հենց Հայաստանի կառավարությունն է մինչ այս իրականացրել 3 հակակոռուպցիոն ռազմավարություններ (ի դեպ, Արեւմուտքի ֆինանսավորմամբ), մեկի աշխատանքներն էլ ընթացքում են: Ավելին՝ Հովիկ Աբրահամյանը վերջերս բավականին մեծ փի առ արեց «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ» ստեղծելու կապակցությամբ, այն դեպքում, երբ այդ խորհուրդը նախկինում եւս գոյություն էր ունեցել, թեեւ առավելապես ֆորմալ առումով:
Անհասկանալի է, թե ինչու ՀՀԿ-ականներն այդքան չեն ջղաձգվում, երբ տարբեր բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ նույն Հ. Աբրահամյանը հանդես է գալիս կոռուպցիայի դեմ պայքարի մասին ելույթներով: Եվ, ի վերջո, մի՞թե Հանրապետականները մոռացել են 2012թ. կառավարության նիստում Սերժ Սարգսյանի ունեցած հայտնի ելույթը` «խոշոր ձկներին գլխից բռնելու» մասին:




Լրահոս