ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆՔ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է «Ռոսնեֆտ» եւ «Օյլ տեխնո» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում նավթամթերքների մարքեթինգի եւ առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծը եւ նշել, որ մեր երկիրը շահագրգռված է դրանում: Ավելի ուշ պատվիրակությանն ընդունել է նաեւ Սերժ Սարգսյանը:

ԱՆԻՄԱՍՏ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, հնարավոր է, վերանայի իր մասնակցությունը էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստերին: «Անիմաստ եմ համարում մեր մասնակցությունն այնտեղ եւ կարծում եմ՝ իրականում մենք կդադարեցնենք մեր մասնակցությունը, խմբակցությունը, կարծում եմ, դրական որոշում կկայացնի իմ ներկայացրած տեսակետին»,-ասել  է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Հիշեցնենք, որ նա այս  հանձնաժողովում է գարնանային նստաշրջանից եւ փոխարինում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

ԹԱՆԿԱՑԵԼ Է
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթ էր ահազանգել քաղաքացի Արտաշես Հովհաննիսյանը, որը դժգոհեց՝ ասելով. «Ես ունեմ գլաուկոմա հիվանդություն, եւ դրա համար նախատեսված տաֆտոլան դեղամիջոցը, որ նախկինում գնել եմ 4700 դրամով, հիմա դարձել է 6390 դրամ: Թե ինչ տեմպերով է այն թանկանում, չեմ էլ հասկանում: Լավ, ենթադրենք՝ ես այն կարող եմ գնել, բա թոշակառուն ի՞նչ միջոցներով գնի, չէ՞ որ այն ծերունական հիվանդություն է, ու բոլորն օգտագործում են: Էս ի՞նչ անտերություն է: Ասեմ, որ այդ դեղի մեկ ֆլակոնը մեկ ամիս  է բավականացնում, այսինքն՝ ես ամիսը մեկ այն գնում եմ»: «Ժողովուրդ»-ն այս ահազանգի հետքերով շրջեց Երեւանի մի քանի դեղատներում եւ արձանագրեց որոշ դեղերի գների աճ 30 տոկոսով: Սակայն դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց հակառակը. «Բայց ոչ բոլոր դեղերն են թանկացել: Այո՛, հիմա կան դեղեր, որոնք դոլարի կուրսի բարձրացման հետ մեկտեղ թանկացել են, բայց 5-10 տոկոսով: Մենք դեղերի շուկայում դեռ դիտարկում չենք անցկացրել, այդ պատճառով այս պահին հստակ չեմ կարող ասել, թե այդ թանկացումներն ինչի հետ են կապված»:

ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Երեկ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Ու ընդհանրապես, իրեն հասկանալի չէ, մասնավորապես, առաջադրված պաշտոնական կեղծիքի մեղադրանքի էությունը: Մեղադրող Հովհաննես Ենոքյանը բացատրեց, որ ըստ մեղադրանքի՝ Վ. Խաչիկյանի կողմից կազմակերպված կայուն խմբով կատարվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ՝ ամբաստանյալներից յուրաքանչյուրի դերի ու շահույթի բաշխմամբ: Խումբը, ըստ մեղադրողի, կատարել է միասնական նպատակին ուղղված գործողություններ՝ զուգորդված կենսաթոշակների վճարային ցուցակներում կատարված պաշտոնական կեղծիքով:
Այս բացատրությունից հետո Խաչիկյանը հայտարարեց, որ թեեւ իրեն հասկանալի չէ իրեն առաջադրված մեղադրանքի էությունը, այնուամենայնիվ, ինքը հետագայում՝ ապացույցների հետազոտման փուլում, իր գնահատականները կտա եւ կապացուցի իր անմեղությունը:




Լրահոս