ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՆԵԼ Է ՀՈՐԵՂԲՈՐԸ
Ապրիլի 3-ին՝ ժամը 21:40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը եւ հայտնել, որ ինքնապաշտպանության նպատակով սպանել է հարազատ հորեղբորը: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, իրենց տան բակում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Ռ. Խաչատրյանը ծալովի դանակով վեց անգամ հարվածել է հորեղբոր` 1971թ. ծնված Արտուշ  Խաչատրյանի որովայնի շրջանին, մեկ անգամ պարանոցին: Խաչատրյանը ձերբակալված է:

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Դիտորդ Նարինե Իսմայիլի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը ՀՔԾ-ից եւ «Առավոտ» օրաթերթից պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել իրենց վստահորդ Նարինե Իսմայիլի անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկություններ հրապարակելու համար: Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում  ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը որոշ մանրամասներ էր ներկայացրել թիվ 17/05 ընտրատեղամասում լցոնումների, լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, որտեղ անդրադարձ է կատարվել նաեւ Ն. Իսմայիլի կողմից ԿԸՀ ներկայացված լազերային սկավառակների ուսումնասիրությանը:

ԿՈՂՈՊՈ՞ՒՏ, ԹԵ՞ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Ապրիլի 4-ին՝ ուշ գիշերով, անհայտ անձինք կոտրել են ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին եւ գողացել մեքենայի մեջ գտնվող սարքավորումները: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը չի բացառում, որ տեղի ունեցածը սովորական կողոպուտ է, սակայն հիշեցնում է, որ վերջին ութ տարում սա ակումբի եւ աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է, որոնցից մեկի ժամանակ` 2008թ. մարտի 21-ի գիշերը, հրկիզվեց Լ. Բարսեղյանի վարած մեքենան, իսկ ավելի վաղ` հունվարի 18-ի գիշերը, փորձեցին հրկիզել ակումբի շենքը: Բոլոր այդ միջադեպերով հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված:

ՊՈՒՏԻՆԻ ԿՈՐԱԾ ՈՐԴԻՆ
Երեկ մի տղամարդ հին «Տոյոտա»-ով փորձել է մտնել Մոսկվայի Կարմիր հրապարակ, սակայն արգելափակոցները խանգարել են, եւ նա մեքենան կայանել է ուղիղ ՌԴ ճանապարհների զրոյական կմ-ին: Ականատեսների խոսքով՝ նա բղավել է, որ ինքը Պուտինի որդին է եւ գնում է նրա հետ հանդիպման: Ինչպես հաղորդում է Life News-ը, նրա անունը Մաքսիմ Խուլապով է: Սկզբում նրան տեղափոխել են ոստիկանության բաժին, իսկ երբ թեւերը ոլորած դուրս են բերել ոստիկանության շենքից, նա հաջողացրել է ոտքով հարվածել իրեն հարց տվող լրագրողուհու կրծքին: Տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան՝ բժշկական հետազոտման:




Լրահոս