ՄԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես եւ արեւմտյան արժեքներ դավանող շատ գործիչներ եւ ուժեր, ապրում ու գործում են երկակի չափանիշներով: Նրանց համար ճիշտը ճշմարիտ է միայն այն դեպքում, երբ իրենք են ասում այդ մասին:
Համաձայնե՛ք՝ ժողովրդավարություն քարոզող որեւէ մեկն իրեն չի կարող իրավունք վերապահել քննադատելու ազատությունը. այն տրված է բոլորիս եւ ենթակա է իրացման այնքան չափաբաժնով, քանի դեռ չի սահմանափակվել դիմացինի ազատությունը: Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ խոսել այս դեպքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին:
Նախօրեին պարոն Հովհաննիսյանն այսպիսի հայտարարություն է արել Նոր Հաճնում. «Իշխանությունը, այլ բան չունենալով, ոչ միայն ժողովրդի ձայնը խլացնելով, այլեւ իմ ընտանիքի պատիվն արատավորելու համար դիմում են իբրեւ թե անկախ լրատվամիջոցների օգնությանը: Ով ազատ խոսքի դեմն արեց, ես իրենց հետ եմ: Անգամ այս դեպքում «Ժողովուրդ» թերթը, armlur.am կայքը: Բայց եթե դուք բռնարար, իրավախախտ պարոն Լիսկայի (Նժդե՛հ կարդացեք աղվեսների մասին) մեղսակիցն եք դառնում՝ իմ հորը հարվածելով, ինձ հասնելու համար, ինչ ուզում եք ասեք, բայց ով տպեց սուտը, մեր ժողովրդի իրավունքի դատարանի առջեւ պիտի կանգնի»:
Իհարկե, անշնորհակալ գործ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերի մեջ հստակություն ու տրամաբանություն փնտրելը: Բայց, այնուամենայնիվ, գլոբալ իմաստով հասկանալի է, որ պարոն Հովհաննիսյանը վիրավորվել է «Ժողովուրդ» օրաթերթի ապրիլի 3-ի հրապարակումից, որտեղ մենք ներկայացրել էինք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից բարձրաձայնված սկանդալային տեսանյութի սղագրությունը: Հրապարակման մեջ Րաֆֆի Հովհաննիսյանի հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի գործունեությունը բացասական էր բնութագրվում. «1997թ. ամերիկյան հայագիտական կեղծ դպրոցի ներկայացուցիչները Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ կազմեցին եւ հրատարակեցին «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» հակագիտական եւ հակահայկական երկհատոր դասագիրքը: Այս նույն պրոֆեսորի որդին՝ ԱՄՆ հետախուզության կողմից հովանավորվող (տեսանյութում Ր. Հովհաննիսյանի լուսանկարն է) Ֆլետչերի համալսարանն ավարտած Ր. Հովհաննիսյանը, Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի նիստում, թուրք եւ ադրբեջանցի ներկայացուցիչների հետ միասին պահանջեց, որ ՀՀ-ին զրկեն ձայնի իրավունքից»:
Եվ որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի, թե ինչու ենք մեր կողմից հիմնականում դրական բնութագրված Րաֆֆի Հովհաննիսյանին հակադարձում, կարեւորենք երեք փաստ:
ա. Ռիչարդ Հովհաննիսյանի գործունեության բացասական երանգների մասին առաջին հրապարակումն արվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում. նույն Լիսկան հարցազրույցում քննադատում էր Ռիչարդ Հովհաննիսյանին: Ու առնվազն տարօրինակ է, որ նույն լրատվամիջոցի նկատմամբ Հովհաննիսյանն այդպիսի չարությամբ չխոսեց ու չսպառնաց՝ կանգնեցնել «ժողովրդի իրավունքի դատարանի առջեւ»: «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը վերծանել է արդեն շատ-շատերին հասանելի մի տեսանյութ, որի մասին «ՀԺ»-ում ակնարկել էր մարզպետ Լիսկան: (Ի տարբերություն այլոց՝ մենք «ՀԺ»-ի նախկին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին շատ սիրում ենք, հարգում ու գնահատում նրա պրոֆեսիոնալիզմը: Եվ ում կողքին էլ կանգնած լինի, նրա ազնվությանը հավատում ենք):
բ. «Ժողովուրդ» օրաթերթին մեղադրել Լիսկային մեղսակից լինելու մեջ՝ առնվազն ծիծաղելի է: Մենք, ի տարբերություն զանազան ծրագրերի շրջանակներում պայքարի ելնող ու մարող գործիչների, տարիներ շարունակ պայքարել ու պայքարելու ենք «բռնարարների, իրավախախտների» ու տարբեր տեսակի աղվեսների դեմ: Ընդ որում, դա արել ենք հրապարակային՝ առանց վախենալու: Ու եթե Հովհաննիսյանն իսկապես անկեղծ է իր խոսքերում, թե «ով ազատ խոսքի դեմն արեց, ես իրենց հետ եմ», ապա նշենք, որ չենք նկատել մինչ օրս: Նույն Լիսկայի հետ «Ժողովուրդ»-ը պարբերաբար «պատերազմներ է մղել», որտե՞ղ էր Րաֆֆին, ինչո՞ւ մեր կողքին չէր:
գ. «Ժողովուրդ» օրաթերթը եղել եւ մնում է օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին, եւ չկա այս աշխարհում մարդ, որը կարող է իրեն ապահովված զգալ՝ կարծելով, թե չի հայտնվի մեր թերթի էջերում: Մեզ համար կարեւորագույն սկզբունքներ են՝ ազատությունը, անկողմնակալությունը, բազմակարծությունը եւ օբյեկտիվությունը: Ու եթե որեւէ մեկին դա դուր չի գալիս, ընդամենը ներողություն ենք հայցում՝ հայտարարելով, որ մեր սկզբունքներից ոչ մի դեպքում հետ չենք կանգնելու:
Ռիչարդ Հովհաննիսյանի մասին այդ տեսանյութի պատասխանատվությունը «Ժողովուրդ» օրաթերթը չի կրում, քանի որ հեղինակը մենք չենք, ու եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կռիվ ունի տալու, ապա հաստատ ոչ մեզ հետ: Մենք լրատվամիջոց ենք եւ կատարում ենք մեր պրոֆեսիոնալ առաքելությունը՝ վեր հանելով հասարակական հետաքրքրություն ունեցող բոլոր թեմաները՝ առանց սիմպատիաների ու անտիպատիաների:
Հ.Գ. Ռիչարդ Հովհաննիսյանի մասին խնդրահարույց տեսանյութը կարող եք դիտել armlur.am կայքում այսօր՝ կեսօրից հետո:

Հարգանքներով՝ «Ժողովուրդ»
օրաթերթի խմբագրություն




Լրահոս