ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով՝ վերջին շրջանում Հայաստանից հեռանում են ոչ միայն IT մասնագետները, այլեւ բժիշկներ: Նրա պնդմամբ՝ բժիշկները հիմնականում մեկնում են Գերմանիա, որովհետեւ այնտեղ նրանց ավելի բարեհաջող պայմաններ են առաջարկում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

-Պարո՛ն Մակարյան, Ձեր ունեցած տեղեկություններով՝ ՌԴ արտագնա աշխատանքի շուկան այս ժամանակահատվածում ի՞նչ փոփոխություններ է կրել:
-Իմ ունեցած տեղեկություններով՝ վարորդները, ովքեր միաժամանակ ապրանքագետ էին աշխատում ՌԴ-ում եւ ապրանքներ էին խանութից մեկ այլ խանութ տեղափոխում կամ կազմակերպություններից դեպի խանութներ, նրանց մի մասը Հայաստան են վերադարձել: Քանի որ ՌԴ-ում այդ ոլորտում աշխատանքները պակասել են: Այնտեղի խանութների կամ արտադրողների գործերը վատացել են, եւ իրենք այդքան ապրանքագետ չեն կարողացել պահել: ՌԴ-ում աշխատող շինարարների մի մասն էլ է վերադարձել, քանի որ սանկցիաների պատճառով շինարարական ծրագրերի քանակը նվազել է: Բացի այս՝ այնտեղ որպես բանվոր աշխատողներն էլ են ՀՀ վերադարձել:
-Այս ամենի արդյունքում ի՞նչ է մեզ սպասվում:
-Սրան զուգահեռ նաեւ ինֆլացիայի պատճառով գումարը մոտավորապես երկու անգամ պակասում է: Եթե իրենք ՌԴ-ում նախկինում ապրում էին այդ փողերով, նաեւ գումար ուղարկում այստեղի հարազատներին, ապա հիմա այդ գումարը պակասել է, եւ դրամի վերածվելով էլ՝ այստեղ զգալիորեն փոքրացել:
-Ի՞նչ եք կարծում՝ հայկական աշխատուժի նոր արտահոսք դեպի ՌԴ կլինի՞:
-Իհարկե, կլինի: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ կլինի, որովհետեւ Հայաստանում առաջին հերթին ավելանում է աղքատությունը: Վերջին հետազոտություններով հաստատվեց, որ համայնքային քաղաքներում աղքատությունը հասնում է մինչեւ 64 տոկոսի, իսկ եթե այն ընդհանուր Հայաստանի մակարդակով հաշվենք, ապա ոչ պաշտոնապես միջինը մոտ 52 տոկոս կկազմի: Սրա հետ զուգահեռ գործազրկությունը էականորեն չի նվազում, հետեւաբար մարդիկ պետք է շարունակեն աշխատանք գտնել դրսում: Ի դեպ, նշեմ, որ Հայաստանից վերջին շրջանում IT մասնագետների արտահոսք կա: Նաեւ բժիշկների, ովքեր մեկնում են Գերմանիա: Երբ Գերմանիայում ես հանդիպեցի իրենց, նրանք արագացված կարգով գերմաներեն են սովորում եւ այստեղից գնում են, որպեսզի այնտեղ գոնե բժշկի օգնական աշխատեն: Բայց այնտեղ պայմաններն ավելի բարեհաջող են իրենց համար:
-Ձեր տեղեկություններով՝ իրականում ինչպիսին է գործազրկության պատկերը Հայաստանում:
-Գործազրկության պաշտոնական թվերը 18-19 տոկոսի մոտ են, բայց այն իրականում նվազագույնը 2-3 անգամ ավել է: Առայժմ մենք գտնվում ենք անկման գործընթացում ընդհանուր երեւույթների առումով՝ աղքատություն, գործազրկություն եւ այլն: Նաեւ Հայաստանում արդյունաբերական ձեռնարկությունները քիչ են, արդյունաբերական ոլորտները՝ նույնպես: Հիմնականում հանքարդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը… շատ հզոր ոլորտներ չունենք, որոնք կկլանեն մեծ քանակի աշխատուժ: Ստացվում է, որ ունեցած աշխատուժը տարբեր տիպի գործերով է զբաղվում. մեկը բարձրագույն կրթությամբ վարորդ է աշխատում, մյուսը առեւտրով է զբաղվում: Այսինքն՝ դրանք կեցության մշտական եւ ռեգուլյար եկամուտների աղբյուր չեն դառնում:
-Տրանսֆերտների նվազումը արդյո՞ք առաջիկայում կշարունակվի:
-Անպայման: Տրանսֆերտները այսօրվա ռուսական ռուբլու փոխարժեքի պատճառով երկու անգամ պակաս են ստացվում: Այսինքն՝ տրանսֆերտը գալիս է ռուբլիով, բայց քանի որ այն երկու անգամ ինֆլացվել է, դրամական արժեքով երկու անգամ պակաս գումար է ստացվում: Սա նույնպես նպաստում է աղքատության ավելացմանը, որովհետեւ ընտանիքների մեծ մասը ապրում է տրանսֆերտների հաշվին, կամ դրանք իրենց բավականին օգնում էին գոյատեւել:
-Ըստ Ձեր գնահատականների՝ այդ գործընթացն այսօր ի՞նչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա եւ առաջիկայում ի՞նչ նոր զարգացումների այն կհանգեցնի:
-Առեւտրի վրա դա ակնհայտ երեւաց, հատկապես փոքր ձեռնարկությունները, անհատ ձեռնարկատերերից շատերը փակվեցին: Առեւտրի մեջ եւ փոքր ձեռնարկատերերի մոտ նվազել է վճարունակությունը: Ընկերությունները մեզ անընդհատ դժգոհում են, որ իրենք վճարունակություն չունեն, որովհետեւ հաճախորդները, պատվերների քանակը նվազել են, մարդիկ գումարային ծախսերը նախկինի չափ չեն կատարում, որովհետեւ պետության մեջ գումարի ընդհանուր պակասություն կա: Մյուս կողմից էլ խոշոր բիզնեսը, որը որ նույնպես որոշակիորեն տուժում է, ձգտում է իր դիրքերը ամրապնդել շուկայում՝ անհավասար մրցակցության ճանապարհով եւ գրավում դուրս մղված փոքր բիզնեսի տեղը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 
ԱՉՔԱՉԱՓՈՎ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ

«Ժողովուրդ»-ի միջոցով ՀՀ վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին է դիմում Երեւանի բնակիչ Մկրտիչ Մարտիրոսյանը` հայցելով նրանց միջամտությունը իր որդու նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու գործում:

«Տղաս՝ Վահե Մարտիրոսյանը, արդեն 1 տարի 4 ամիս է` կալանավորված է: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ վարչությունում քննված թիվ 15103014 քրեական գործով նախաքննական մարմինը Վահե Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ու 9-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա Երեւանի Աբովյան փողոցի 41/2 հասցեում գտնվող «Կալիենտե» պարային ակումբի հարակից տարածքում մի խումբ անձանց հետ կատարել է խուլիգանություն, վիճաբանել է պարային ակումբի այցելուներ Վազգեն Հարությունյանի, Արմեն Գասպարյանի եւ Արսեն Աղասարյանի հետ, ապա ծեծանակով հարվածել է ինչպես նրանց, այնպես էլ ընկերներին օգնության հասած Վ. Պռոշյանին եւ Ա. Ավետիսյանին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ Ա. Գասպարյանի առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
Նախաքննության 10 ամիսների ընթացքում, սակայն, նախաքննական մարմինը չի հայտնաբերել այնպիսի վկաների, ովքեր կարող են մատնանշել Վ. Մարտիրոսյանին՝ որպես խուլիգանություն կատարող անձի։ Ավելին՝ նախաքննության ընթացքում տուժողներից Վազգեն Հարությունյանի եւ Վահագն Պռոշյանի հետ կատարվել է առերեսում, որի ընթացքում վերջիններս ոչ միայն չեն ճանաչել Վ. Մարտիրոսյանին, այլեւ նշել են, որ նա չի եղել իրենց մարմնական վնասվածք հասցնողը։
Այն, որ տղաս, ի թիվս մյուս անձանց, ստացել է նույն բնույթի եւ նույն գործիքներով պատճառված տարբեր մարմնական վնասվածքներ, հաստատվել է նաեւ դատաբժշկական եւ հետահետքաբանական մի քանի փորձաքննություններով:
Սակայն նախաքննական մարմինը, պահպանելու համար իր նախնական վարկածը, նման պայմաններում գործն ուղարկել է դատարան, որտեղ տուժող ճանաչված անձինք հայտարարեցին, որ ամբաստանյալներին չեն ճանաչում, ապա նաեւ իրենց ցուցմունքներում նշեցին, որ ամբաստանյալներն իրենցից եւ ոչ մեկին մարմնական վնասվածք չեն հասցրել։
02.11.2015թ. դատարանում մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող Վիգեն Հարությունյանը, ով, ըստ էության, դատարանին ներկայացրեց իր ենթադրությունները առ այն, որ չնայած տուժողները ամբաստանյալներին չեն ճանաչում եւ նրանց չեն մատնանշում որպես իրենց մարմնական վնասվածք հասցնող անձի, սակայն դեռեւս իրենց նախաքննական ցուցմունքներում նշելով երկու-երեք երիտասարդներ՝ տուժողները նկատի են ունեցել հենց Վահե եւ Անդրանիկ Մարտիրոսյաններին, քանի որ տուժողները նշում են, որ այդ երիտասարդները եղել են մոտ 175-180սմ հասակով։ Փաստորեն մեղադրողի համար արդարադատությունը գուշակության ոլորտ է:
Ներկայացվածը թույլ տրված խախտումների մի մասն է միայն: Հայցում եմ ձեր բարձր միջամտությունը՝ գործով ճշմարտությունը բացահայտելու եւ տղայիս նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու հարցում։
Մ. Մարտիրոսյան
Երեւան, Գյուրջյան 60 շենք, բն. 27
հեռ. 091-16-96-26

 

 

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԿՀԱՄԱՐԱԿԱԼՎԵՆ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Խնձորեսկ եւ Արտաշավան համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքերը եւ գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվեն «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի պահանջների իրականացման նպատակով: Ծրագրի հիմնական նպատակը անասնապահության զարգացման խթանումն է ՀՀ այն գյուղերում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Ծրագրով, այլ միջոցառումների թվում, նախատեսվում է նաեւ աջակցություն համայնքներում եւ ֆերմերային տնտեսություններում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտին` կենդանիների առողջության պահպանման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, արհեստական սերմնավորման աշխատանքները բարելավելու նպատակով: Բացի այս, կառավարության համապատասխան որոշմամբ՝ սահմանվել են նաեւ կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները: Ինչի արդյունքում՝ հանրապետությունում կստեղծվի հավաստի տվյալների բանկ, որն էլ կնպաստի նաեւ պետպատվերի շրջանակում հակահամաճարակային անասնաբուժական միջոցառումների լիարժեք իրականացմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանը:

 

ԿԱՆՏԱՌԱՊԱՏԵՆ
Կառավարության երեկվա նիստում գումար հատկացվեց Սեւանա լճի շրջակայքում` Ծովագյուղ, Արտանիշ հատվածի լեռնալանջերին, պաշտպանական անտառաշերտի հիմնադրման նպատակով: Ըստ կառավարության՝ անտառապատումն էապես կնպաստի Սեւանա լճի սանիտարական, էկոլոգիական հաշվեկշռի վերականգնմանը:

 

ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉԵՆ ԶՐԿՎԻ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Գագիկ Թադեւոսյանը երեկ «Անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու խնդիրները Հայաստանում» հանրային քննարկման ժամանակ հայտարարեց, որ թվային հեռարձակման անցման հետեւանքով որեւէ հեռուստադիտող չի զրկվելու հեռուստատեսային տեղեկատվություն ստանալու իրավունքից: Նրա խոսքերով՝ մոտ ժամանակներս սկսվելու է ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին հեռուստատեսային թվային ընդունիչ սարքերի բաշխումը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ արդեն որոշում կա այն մասին, որ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունն իր խնայողությունների հաշվին ձեռք է բերելու 48 հզ 733 ընդունիչ, որոնք հանձնվելու են Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Դրանք, համաձայն հաստատված կարգի, բաժանելու են բնակիչներին: «Այն մարզում, որտեղ սոցիալական խնդիրը կսպառվի, անապահով ընտանիքները կունենան այդ ընդունիչները, նոր կանցկացվի անալոգայինի անջատումը եւ թվայինի մուտքը»,- հայտարարեց Գ. Թադեւոսյանը՝ ընդգծելով, որ մարզային, տեղական հեռուստաալիքները չեն զրկվի հեռարձակումից:




Լրահոս