Արդեն, կարելի է ասել, պարզ է՝ ինչու քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանը՝ ավելի հայտնի՝ Քանաքեռցի Տույ անվամբ, չբողոքարկեց առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը:
Բանն այն է, որ քրեական հեղինակության պատժի կրման տիպը փոխվել է. նա ամեն օր առավոտյան ժամը 8-ից մինչև երոկոյան 20:00-ն կարող է ՔԿՀ-ից դուրս գտնվել: Թե ինչով կզբաղվի իրեն ընձեռված ազատ ժամերին, դեռևս հայտնի չէ: Թեպետ, դժվար չէ պատկերացնել. առջևում դեկտեմբերի 6-ն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Արթուր Ղազարյանը դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ/9X19/ տրամաչափի թվով 17 փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ: Արթուր Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Արթուր Ղազարյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդել դատարանին քննությունն անցկացնել արագացված ընթացակարգով: Միջնորդությունը բավարարվել էր: