Ով է իրականում որոշում դոլարի գինը և ինչպես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբեր-նոյեմբերին կարծես թե արտարժույթի շուկան լիովին հանդարտվեց և ՀՀ դրամը թեկուզ և որոշ շեղումներով, բայց շարունակում է իր արժևորումը` ապացուցելով, որ երբեմն կանխատեսումներն իրականանում են: Իհարկե, եթե այդ կանխատեսումներն հիմնված են իրական ցուցանիշների և տնտեսական իրավիճակի վրա:

Հակիրճ ներկայացնենք որոշ նկատառումներ: Պաշտոնական տվյալներով, այս տարվա ինն ամիսների ընթացքում ներմուծումը նվազել է ավելի քան 30 %-ով: Տարեվերջին ավելանում է նաև հարկային մուտքերի հավաքագրման ծանրաբեռնվածությունը, որն իր հերթին սովորաբար նպաստում է դրամի արժևորմանը: «Ավանդույթի» համաձայն Նոր տարվան ընդառաջ աճում են տրանսֆերտների ծավալները` հանգեցնելով դոլարի փոխարժեքի նվազմանը: Դրա հետ մեկտեղ մենք մեր փորձով համոզվեցինք, որ այլ հավասար պայմաններում արտաքին գործոնները հայաստանյան շուկայի վրա որևէ լուրջ ազդեցություն չեն թողնում: Ուստի դրամի արժևորման բոլոր նախադրյալներն առկա են: Այն կարծիքը, որ դրամը շարունակելու է արժևորման միտում ցուցադրել օրերս Ազգային ժողովում հնչեցրեց նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Բայց այս պատկերը կարող է հիմնովին փոխվել կախված բնակչության սպասումներից, որոնք երբեմն անտեղի բացասական են: Շատ դեպքերում ժողովրդի կարծիքն արժույթի շուկայում, արի ու տես, որ որոշիչ դեր ունի: Ու որքան էլ չափազանցված հնչի, հենց մենք` հասարակ քաղաքացիներս, մեր վարքագծով որոշում ենք, թե որքան է լինելու դոլարի փոխարժեքը: Այսինքն` առանց անհրաժեշտության դոլար գնելով, ստեղծում ենք դրա նկատմամբ արհեստական պահանջարկ և նպաստում փոխարժեքի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին բերում է գնաճի: Բնակչության շրջանում անցկացված փոքր հարցախույզը պարզեց, որ արժույթի կայուն շուկան վստահություն է ներշնչում դրամի նկատմամբ և դոլար գնելու ցանկությունը մարդկանց մոտ սահմանափակվում է զուտ այդ պահին դրա անհրաժեշտությամբ:

Խոշոր մի քանի բանկերի մասնագետներ ևս ակնկալում են դրամի հետագա արժևորում: Մասնավորապես, «Յունիբանկի» գանձապետ Աննա Առաքելյանը ներկայացրեց բանկի անալիտիկ խմբի եզրակացությունը, որի համաձայն դոլարի պահանջարկը բնակչության շրջանում գերհագեցած է և արտահանման ու ներմուծման ծավալների հարաբերակցությունից ելնելով` ստեղծվում են բոլոր նախապայմանները մինչև տարեվերջ դրամի շարունակական արժևորման համար:

Անի Ստեփանյան




Լրահոս