Հայտնի է Գյումրու դրամատիկական թատրոնի 150-ամյակի հոբելյանական հանդիսության օրն ու ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թատերասեր Գյումրու միակ թատրոնում այս էլ քանի ամիս աշխատանքային գործընթացը սովորականից ավելի բուռն է, տրամադրությունը՝ տոնական. աճեմյանցիները պատրաստվում են տոնել հայկական հնագույն թատրոններից մեկի դարուկեսյա հոբելյանը:

Նոյեմբերի 29-ին` ժամը 17:00-ին, աճեմյանական բեմում հոբելյանական «Դատավարություն» է լինելու, վկաների դերում՝ հայ բեմի մեծանուն արտիստներն ու բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական կենսագրությամբ ու ստեղծագործական աշխատանքով կապված են Գյումրու դրամատիկականին: Հոբելյանական երեկոյի ընթացքում Աճեմյանի անվան թատրոնի արտիստների հետ մեկ բեմում կլինեն Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումը, «Բամբիռ» ֆոլկ- ռոք խումբն ու Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը:

Նույն օրը, նախքան տոնական երեկոն, հյուրերը կկտրեն նաեւ Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմի կարմիր ժապավենը. 70 հանդիսականի համար նախատեսված դահլիճ ունենալու գաղափարը տարիների պատմություն ունի, այն թղթից գործի է վերածվել 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:
«Թատրոնը՝ ժամանակի ափի մեջ». թատրոնի ճեմասրահում այս խորագրով լուսանկարների եւ ներկայացումների մանրակերտերի ցուցահանդեսն էլ կպատմի 150-ամյա թատրոնի դիտարժան ներկայացումների մասին:

«Դար ու կես եւ 60 րոպե». այսպես է վերնագրված արդեն թատրոնի ողջ պատմությունն ամփոփող փաստավավերագարակն ֆիլմը: Ֆիլմի ստեղծման աշխատաքները ստեղծագործական կազմի անդամները սկսել են մոտ երկու ամիս առաջ, ֆիլմը պատմում է 150-ամյա թատրոնի անցած ուղու մասին՝ ամբողջացնելով Գյումրու դրամատիկականի դարուկեսյա տարեգրությունը: Արխիվային նյութեր, մասնագիտական գրականություն, ժամանակի մամուլ, թատրոնի մարդանց հուշեր ու պատառիկներ՝ անցած տարիների բեմական կյանքից. Ֆիլմի սցենարը կազմվել է այս հիմքերով, նկարահնումներն իրականացվել են հանրապետության տարբեր քաղաքներում, հարցազրույցներում թատերական գործիչներ են, ռեժիսորներ ու դերասաններ, ովքեր աշխատել ու ստեղծագործել են աճեմյանական թատրոնում: Ֆիլմի հեղինակները փաստում են՝ թատրոնի դարուկեսը 60 րոպեում պատմող ֆիլմն անհրաժեշտություն լինելուց բացի նաեւ նվեր է թատրոնին. մինչ այժմ, թատրոնի ողջ տարեգրությունն ամփոփող ֆիլմ չի ստեղծվել. «Դար ու կես եւ 60 րոպե»-ն կլրացնի նաեւ արխիվային նյութերի այն բացը, որ զգացել են ֆիլմի ստեղծողները՝ իրենց աշխատանքում: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ալբերտ Մկրտչյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, Արթուր Սահակյանը, Հակոբ Ղազանչյանը, Բաբկեն Չոբանյանն ու Գյումրու դրամատիկականի արտիստական ողջ կազմը:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում Գյումրու դրամատիկականում կազմվել եւ հրատարակության է հանձնվել նաեւ թատրոնի տարեգրությունն ամփոփող գրքույկ, որի էջերում հնագույն թատրոնն է՝ ստեղծման օրից մինչեւ այսօր:
Նշենք նաեւ, որ հոբելյանական միջոցառումներն անցկացվում են ՀՀ մշակույթի նախարարության անմիջական աջակցությամբ:




Լրահոս