Փարիզի ահաբեկչությունների ժամանակ կնոջը կորցրած ֆրանսիացին հզոր ուղերձ է հղել ահաբեկիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի բնակիչ Անտուան Լեյրիսը, ում կինը զոհվել է Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններից մեկի ժամանակ, Facebook սոցցանցի իր էջում հուզիչ գրառում է կատարել, որում դիմել է ահաբեկիչներին. փոխանցում է Metronews-ը:

Գրառումը շատ արագ տարածվել է լրատվամիջոցներով, իսկ Լեյրիսի խոսքերն, այսպես կոչված, մանիֆեստ են դարձել: Այն հրապարակել են արևմտյան խոշոր ԶԼՄ-ները:

«Դուք չեք արժանանա իմ ատելությանը: Նոյեմբերի 13-ի երեկոյան դուք խլեցիք մի բացառիկ մարդու, իմ ողջ կյանքի սիրո, իմ որդու մոր կյանքը, սակայն դուք չեք արժանանա իմ ատելությանը: Ես չգիտեմ, թե դուք ով եք, և չեմ ուզում իմանալ, ինձ համար դուք մեռած հոգիներ եք: Եթե Աստված, ում համար դուք մեռնում եք, ստեղծել է ձեզ իր նմանությամբ, ապա իմ կնոջ մարմնի մեջ ամեն մի փամփուշտ վերք է նրա սրտում: Այդ իսկ պատճառով ես չեմ նվիրի ձեզ իմ ատելությունը:

Ես տեսել եմ նրան այսօր առավոտյան: Օրերով ու գիշերներով սպասելուց հետո: Նա նույնքան գեղեցիկ էր, որքան ուրբաթ օրը երեկոյան, որքան 12 տարի առաջ, երբ ես սիրեցի նրան: Նա ընդմիշտ կմնա ինձ հետ, և մենք նրա հետ կհայտնվենք դրախտում, որտեղ ձեզ չեն թողնի:

Ես և իմ որդին աշխարհի ցանկացած բանակից ուժեղ ենք: Ես այլևս ժամանակ չունեմ ձեզ համար, ես պետք է գնամ Մելվիլի մոտ, ով շուտով կարթնանա: Նա ծնվել է 17 ամիս առաջ: Մենք միասին կխաղանք, և դա կանենք ամեն օր, և ողջ կյանքում այս տղան ձեր համար կենդանի մարտահրավեր կլինի, քանի որ նրա ատելությանը դուք նույնպես չեք արժանանա»,-գրել է Փարիզի ահաբեկչությունների ժամանակ կնոջը կորցրած Անտուան Լեյրիսը:

Անտուանին մեկնաբանություններում աջակցել են հարյուրավոր մարդիկ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս