Հայաստանի իշխանական համակարգը վաղուց արդեն փակ խմբակ է հիշեցնում, որտեղ նոր մարդկանց մուտքը խստիվ արգելվում է, կամ էլ նորեկների համար այնպիսի նվաստացուցիչ պայմաններ են, որ մարդկային որակներ ունեցող երիտասարդներն իրենք են խուսափում իշխանությունների հետ գործ ունենալուց:
Մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եկող տարվա փետրվարից զբաղեցնելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կոլեգիայի նախագահի պաշտոնը: Իսկ դրանից մոտ տասը օր անց էլ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն առաջիկայում զբաղեցնելու է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը: Այս լուրը Վաղարշակ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի հերքել:
Այսինքն՝ երկու կարեւոր պաշտոններում, որոնք ռոտացիայի սկզբունքով պետք է անցնեն Հայաստանին, նախկին պաշտոնյաներ են նշանակվելու: Խնդիրն այն չէ, որ Տիգրան Սարգսյանը կամ Վաղարշակ Հարությունյանը մասնագիտական առումով վատ պաշտոնյաներ են եղել, պարզապես ստեղծված իրավիճակում համոզվում ենք՝ իշխանությունների կադրային բազան դատարկ է:
Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելն արդեն իսկ աբսուրդ էր: Սովորաբար անձը պետական պաշտոնի նշանակվելիս պետք է պետական կառավարման համակարգով վեր բարձրանալու հնարավորություն ունենա: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը Հայաստանի կառավարման համակարգում առանցքային երեք պաշտոններից մեկն է: Եւ եթե նախկին վարչապետը ԱԺ նախագահ կամ հանրապետության նախագահ դառնար, միանգամայն իրավաչափ կլիներ: Բայց նախկին վարչապետին դիվանագիտական պաշտոնի նշանակելն արդեն ինչ-որ տեղ նաեւ վարչապետի ինստիտուտը ծաղրելու էր նմանվում:
Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի քարոզիչները պնդում են, որ նոր, երիտասարդ կադրերին երեւան բերելու, գործունեություն ծավալելու հնարավորություն տալու ժամանակն է, սակայն այդպես էլ չի հաջողվում քարոզչությունն իրականություն դարձնել: Ինչպես հայտնի է` արդեն մեկուկես տարի Սերժ Սարգսյանը չի կարողանում անվտանգության խորհրդի քարտուղար նշանակել: Մարդ չկա: Նույնիսկ իշխանական ջահելներն են վաղուց արդեն ծերացել: Օրինակ՝ Անդրանիկ Մարգարյանի կադրերից Կարեն Ավագյանն արդեն 41 տարեկան է, բայց միեւնույն է՝ ՀՀԿ-ի երիտթեւի ղեկավարն է: Այսինքն՝ հավերժ «ջահելի» կարգավիճակում:
Իհարկե, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը փորձեց մի քանի «ջահելներով» համալրել խորհրդարանը` որպես նոր շունչ, բայց դա էլ չստացվեց: Նրա բերած կադրերից նախկին ՕԵԿ-ական, Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, ՄԻԱԿ-ի նախկին քարտուղար Սամվել Ֆարմանյանը դարձավ ՀՀԿ-ական ու այնքան է վարկաբեկվել, որ դժվար է ասել՝ լա՞վ էր, որ նա մտավ ԱԺ, թե՞ խայտառակություն էր: Բացառապես հրահանգավորված գործունեություն է նա ծավալում` թիրախ ընտրելով նրանց, ովքեր այդ պահին դուր չեն գալիս իր «տերերին»:
Անհաջող կադր ստացվեց նաեւ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայր, չստացված քաղաքական շոումեն Լեւոն Մարտիրոսյանը, որը վերջերս հայտարարեց, թե «…չեմ ժխտում, որ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կհանձնվեն Ադրբեջանին»: Իհարկե, զարմանալի չէ, որ Լեւոն Մարտիրոսյանը հանգիստ է խոսել ազատագրված տարածքների վերադարձի մասին` դրանք որակելով որպես «հանձնում», քանի որ օսլայած մազերով երիտասարդների համար հայրենիք չկա. նրանց համար գլխավորը տերերի հրահանգն է ,ու ամենեւին էլ կարեւոր չէ` տերը հայ է, թե օտարազգի: Լեւոն Մարտիրոսյանն ու նրա տեսակը երբեւէ չեն կարողանա գիտակցել ու արժեվորել այն, ինչ այսօր մենք ունենք` ազատագրված հայրենիք եւ դրա համար թափված արյունն ու զոհված հայորդիներին:
Չստացվեց նաեւ Նաիրա Կարապետյանի քաղաքական գործունեությունը. նա եւս հանդես է գալիս բացառապես կատարողի դերում` գրեթե որեւէ հարցում չցուցաբերելով նախաձեռնություն: Դե, իսկ վերջին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված խայտառակ հակահայկական զեկույցը հենց նույն Նաիրա Կարապետյանի ձախողումն էր: Ինչպես հայտնի է` նա եւ Հերմինե Նաղդալյանը պետք է կարողանային աշխատել ԵԽԽՎ-ում ու տապալեին զեկույցի ընդունումը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մուտքը նախարարություն եւս սարսափելի աղմուկով եղավ. նա հարվածներ ստացավ «գոտկատեղից ներքեւ», ու դժվար է ասել, թե ինչ արդյունքներ կկարողանա արձանագրել: Համենայնդեպս, առայժմ հաջողությունների մասին խոսելն անիմաստ է: Իսկ ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանին, Հովհաննես Սահակյանին ու Էդուարդ Շարմազանովին, նրանք երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կադրերն են, եւ նրանց դժվար է այսօրվա պրոեկտ համարել:
Այսպիսով՝ իշխանության կողմից «սարքովի» կադրերն այնքան էլ պիտանի չեն: Բայց մյուս կողմից էլ, երբ խնդրին հակառակ տեսանկյունից ենք մոտենում, թե երիտասարդ կադրերն ինչու չեն ձգտում պետական կառավարման համակարգում կարիերա անել, ստանում ենք նույն պատասխանը՝ որ իշխանական համակարգում առանջընթացի սկզբունքներն ամենեւին էլ կադրերի մասնագիտական որակների հետ կապ չունեն: Այսինքն` մասնագետ լինելը դեռ չի նշանակում առաջընթացի երաշխիք: Իշխանական համակարգում «առաջ գնալու» համար տվյալ անձը պետք է կարողանա ընտրությունների ժամանակ «ձայներ ապահովել»: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ընտրողներին համոզելու, այլ պարզապես «ձայն բերելու» մասին է: Այլ կերպ ասած՝ իշխանական համակարգի առանցքային անդամներից յուրաքանչյուրը պետք է ընտրակեղծարարության սեփական համակարգն ունենա:
Մյուս կողմից իշխանական համակարգում կան, այսպես կոչված, սեւագործ պաշտոնյաներ: Մարդիկ, որոնք համակարգում առանձնապես կարեւորություն չունեն, բայց նրանց պահում են, որովհետեւ անհրաժեշտ են հատկապես արտաքին աշխարհի հետ շփումների համար: Նրանք կարող են տարբեր պաշտոնների նշանակվել, նույնիսկ վարչապետ դառնալ, բայց միեւնույն է՝ դրանից նրանց դիրքը կառավարման համակարգում չի փոխվում՝ նրանք հավերժ ենթականեր են մնում:
Հենց վերը բերված հանգամանքն է պատճառը, որ մարդկային որակներ ունեցող երիտասարդ մասնագետները միայն այլ աշխատանք չգտնելու դեպքում են պետական համակարգում գործի ընդունվում` հիմնականում ձգտելով գործ ունենալ մասնավոր ընկերություններում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ