Հայաստանի «հավերժական դաշնակից» Ռուսաստանն այդպես էլ չհրաժարվեց ուժեղ նախագահական համակարգից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հիմնավորման համար հաճախ է մեջբերվում արեւմտաեվրոպական երկրների փորձը: Չժխտելով հանդերձ դրա կարեւորությունը` հարկ է ուշադրություն դարձնել նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների, ինչպես նաեւ` Հայաստանի հարեւան պետությունների սահմանադրական զարգացման առանձնահատկություններին: Որքան էլ եվրոպական կայացած ժողովրդավարությունները գրավիչ են, այդուհանդերձ, մեր երկրի պայմաններն ու տիրող դրությունն առավել զգալի աղերս ունեն տարածաշրջանում գերակա միտումների հետ:

Այսպես, Հայաստանի իշխանությունը հաճախ է հիշատակում վրացական փորձը, որտեղ նախագահական համակարգից անցում կատարվեց խորհրդարանականի: Նախ հարկ է նկատել, որ 1995թ. վրացական Սահմանադրության ընդունումը տեղի էր ունեցել խորհրդարանի մակարդակով: Դրանով էին պայմանավորված 2004թ. Սահակաշվիլիի հաղթանակից հետո ձեռնարկված փոփոխությունները, որոնք կրկին տեղի ունեցան խորհրդարանի մակարդակով: Իր իշխանությունը կառավարության ղեկավարի կարգավիճակով շարունակելու համար Սահակաշվիլին 2010թ. կրկին փոխեց Սահմանադրությունը: Արեւմտյան շրջանակների ազդեցությունն, այդուհանդերձ, թույլ չտվեց Սահակաշվիլու երրորդ «նախագահությունը», եւ հարաբերականորեն արդար ընտրությունների արդյունքում 2012թ. Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն:

Նոր վարչապետ Իվանիշվիլին, սակայն, կարճ ժամանակ անց հեռանալով իշխանությունից` ցայսօր պահպանում է իր մեծագույն ազդեցությունը վարչապետի ու նախագահի նկատմամբ, ինչի վառ վկայությունն էր հենց Սերժ Սարգսյանի վերջին այցելությունը Վրաստան, որտեղ նրա հիմնական ուղեկիցը ոչ այնքան Մարգվելաշվիլին ու Ղարիբաշվիլին էին, որքան որեւէ պաշտոն չզբաղեցնող Իվանիշվիլին: Արձանագրելի է, որ Վրաստանում ամեն նոր իշխանություն սեփական շահերին է ծառայեցրել սահմանադրական փոփոխությունները, ինչն այսօր հանգեցրել է Իվանիշվիլու փաստացի «գենսեկությանը»: Ըստ էության, Վրաստանի ներկայիս զարգացման տեմպերը մեծապես պայմանավորված են Արեւմուտքի հետաքրքրություններով, եւ կասկած չկա, որ եթե Վրաստանի կողմնորոշումը լիներ դեպի հյուսիս, ապա այս երկրում հազիվ թե Հայաստանից տարբերվող իրավիճակ լիներ:

Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանի «… ինչով է պակաս Իվանիշվիլիից» արտահայտությունը կարծես Սերժ Սարգսյանին դուր է եկել, եւ վերջինս որոշել է սեփական փորձով ապացուցել, որ ինքն էլ ոչնչով պակաս չէ Իվանիշվիլիից:

Նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցնելու մեկ այլ օրինակ ցույց տվեց Ուկրաինան: Այստեղ Սահմանադրությունն ընդունվել է 1996թ.` կրկին խորհրդարանի կողմից: 2004թ. հեղափոխական գործընթացների արդյունքը եղան սահմանադրական փոփոխությունները, որոնք զգալիորեն թուլացրին նախագահի ինստիտուտը: Արդեն 2010թ. այս փոփոխությունները չեղարկվեցին` վերադարձ կատարելով առաջին սահմանադրությանը: 2014թ. հեղափոխական իրադարձությունների հետեւանքով 2004թ. փոփոխությունները կրկին վերականգնվեցին: Ակնհայտ է, որ Ուկրաինայում նույն իրավիճակն է, երբ ամեն նոր իշխանություն, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, վերաձեւում է երկրի մայր օրենքը` այն համապատասխանեցնելով իր շահերին: Այսօր Ուկրաինայում կառավարական քաոս է, որտեղ տիրապետող են ձեւական առումով իշխանությունից դուրս գտնվող օլիգարխները:

Այս երկու երկրների օրինակները, մասնավորապես` դրանց քաղաքական անկայունությունն ու ինստիտուտների անկատարությունը, ապացույցն են այն բանի, որ Սահմանադրությունն ու հատկապես կառավարման համակարգը ձեւավորող դրույթները չի կարելի փոփոխել ամեն պատեհ առիթով եւ առանձնապես խորհրդարանի մակարդակով:

Հայաստանի քաղաքական էլիտայի համար արեւածագի երկիր Ռուսաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո Սահմանադրության ընդունումը տեղի է ունեցել 1993թ.: Այս երկրում Սահմանադրությունն ընդունվել է համաժողովրդական քվեարկության միջոցով, սակայն 2008թ. փոփոխությունները տեղի ունեցան խորհրդարանի համաձայնության եւ նախագահական ստորագրության միջոցով միայն: Այս փոփոխություններով Ռուսաստանում, ըստ էության, էլ ավելի ամրապնդվեց նախագահական իշխանությունը, սակայն կառավարման համակարգի արմատական փոփոխություն տեղի չունեցավ: Հակակշիռների մեխանիզմի արդյունավետության նահանջով հանդերձ` Ռուսաստանը խուսափեց քաղաքական անկայունությունից, ինչը, հարկավ, նաեւ պայմանավորված էր Պուտինի անձնական խարիզմայով:

Իսկ Հայաստանի հարեւան Թուրքիան, օրինակ, Օսմանյան կայսրության անկումից ի վեր ունեցել է 4 Սահմանադրություն: Վերջին Սահմանադրությունն ընդունվել է 1982թ. ժողովրդական քվեարկությամբ: Այս երկրում նախագահի ընտրության կարգը փոխելու համար 2007թ. տեղի ունեցավ սահմանադրական փոփոխություն` կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով: 2010թ. նախաձեռնվեցին նոր փոփոխություններ` ավելի շեշտելով աշխարհիկ կառավարման հատկանիշները: Խորհրդարանական վերջին արտահերթ ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանն առաջարկել է իրականացնել սահմանադրական նոր փոփոխություններ` նախագահին կառավարման համակարգում կենտրոնական դերակատարություն հատկացնելու համար:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ Հայաստանի «հավերժական դաշնակից» Ռուսաստանը այդպես էլ չհրաժարվեց ուժեղ նախագահական համակարգից, իսկ «հավերժական թշնամի» Թուրքիան աստիճանաբար հեռանում է կառավարման խորհրդարանական մոդելից: Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարած Վրաստանին եւ Ուկրաինային, ապա այստեղ մերթ ընդ մերթ լարվում են նախագահի եւ կառավարության ղեկավարի հարաբերությունները` քաղաքական անկայունության վերածվելու վտանգով:

Ուշագրավ է, սակայն, որ բոլոր վերը նշված երկրներում նախագահը ընտրվում է ժողովրդական ուղղակի քվեարկության միջոցով: Մի բան, որն այս սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչվելու դեպքում Հայաստանում այլեւս տեղի չի ունենա:

Ն. Հովսեփյան




Լրահոս