«Հիմա սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէ». մտավորականները հույս ունեն կողմնորոշել մարդկանց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մտավորականների խորհուրդն օրերս հայտարարեց, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: Խորհրդի անդամներն այն համոզման են, որ այս պահին մեր երկրում ավելի կարեւոր խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ խորհրդարանական հանրապետությունը մեզ ոչ մի նոր բան չի տա: Նրա համոզմամբ` նման լուրջ հարցեր վճռելիս անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել ոչ միայն իրավաբանների, այլեւ ուրիշ մասնագետների, տարբեր խավերի ներկայացուցիչների հետ.

12278133_951082904972776_1043878838_n

«Ես չեմ կարող ասել, թե իշխանություններն, առհասարակ, մտավորականության կարծիքի հետ հաշվի են նստում: Մեր խորհուրդը ժամանակին առաջարկություններ ներկայացրեց, բայց ոչինչ չստացվեց, բան դուրս չեկավ (խորհուրդը ժամանակին դիմել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին, վերջինս էլ նրանց հրավիրել էր խորհրդի նիստի, հեղ.): Եւ, այնուամենայնիվ, մեր կարծիքը հաշվի առնելը մի բան է, մտավորականության պարտքն էլ` մի ուրիշ բան: Մենք պարտավոր ենք մեր կարծիքը հայտնել ժողովրդին եւ ոչ մեկի կոչ չենք անում միանալ մեզ, քանի որ մենք քաղաքական կուսակցություն չենք»,-նշեց նա:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների խորհրդի անդամ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի հետ, ով դրական գնահատեց այն, որ մարդկանց շրջանում մտածողության փոփոխության գործընթաց է սկսվել: «Մեկ-երկու հրամանագրով, որոշումով ընթացք փոխել հնարավոր չէ: Մարդկանց ժամանակ է հարկավոր, նրանք պետք է ազատ լինեն, որ մտածեն, տեսնեն՝ ինչն ինչոց է, կարողանան ճշգրիտ դիրքորոշում ցուցաբերել: Մենք` հայերս, մի սովորություն ունենք. եթե քնելուց առաջ մի բան մտածեցինք, առավոտյան ուզում ենք դա կատարված տեսնել: Սա ճիշտ մոտեցում չէ: Էլի եմ կրկնում` ժամանակ է պետք, որ Սահմանադրության բոլոր դրույթները ճշգրտվեն, «մաքրվեն», նույն հայտարարի բերվեն եւ հետո միայն փոխանցվեն եկող սերունդներին»,-ասաց նա:

Yervand-Manaryan-1

Մեր այն հարցին, թե այս գործընթացներում մտավորականի դերը որն է, Երվանդ Մանարյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերում անկեղծ, մաքուր մտավորականն այն մարդն է, որը կարողանում է սառը դատողությամբ փաստերն իրար կողք դնել եւ որեւէ եզրակացության գալ` առանց սեփական որոշումը մարդկանց պարտադրելու»:
Իսկ այն հարցին, թե պարոն Մանարյանն, ի վերջո,այո թե ոչ է ասելու սահմանադրական փոփոխություններին, վերջինս պատասխանեց. «Շատ եմ դժվարանում ասել, կարծում եմ` այդ այո-ն ու ոչ-ը քաղաքական բնույթ կրող արհեստական ենթատեքստեր ունեն, որ ընկել են մեջտեղ եւ չեն թողնում մարդիկ հանգիստ մտածեն` պե՞տք է իրենց փոփոխություն, թե՞ ոչ»:
Հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ, նույն խորհրդի անդամ Բաբկեն Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ մտավորականը չի կարող քաղաքական հարցերի նկատմամբ անտարբեր լինել: «Նման կարեւոր հարցերի քննարկմանը պետք է խառնվեն շարքային քաղաքացուց մինչեւ ամենաբարձր դիրք զբաղեցնող մարդիկ»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանադրական փոփոփություններին՝ Բ. Վարդանյանը կարծիք հայտնեց, որ դա մարդկանց էական խնդիրներից շեղելու վարպետորեն մշակված միջոց է: Նա եւս այն համոզման է, որ սահմանադրական փոփոխությունների հարցը պետք է քննարկվի լայն շրջանակներում. «Նախկինում մենք ունեինք լավ ավանդույթ. նման մեծ հարցերը քննարկվում էին բոլոր կոլեկտիվների ժողովներում, բոլոր տեղերում մարդիկ հնարավորություն ունեին ծանոթանալու քննարկվող թեմային եւ կարծիք հայտնելու: Լավ կլիներ` այս ավանդույթը վերականգնվեր»,-նկատեց նա:
Բ. Վարդանյանի գնահատմամբ՝ մտավորականներն, այնուամենայնիվ, պասիվ մասնակցություն ունեն սահմանադրական փոփոխությունների քննարկմանը. «Բոլորս նեղացած ու խռոված ենք, ումից, չգիտենք: Մեր ձայնը կարող է հասնել տեղ կամ չհասնել, բայց մեր կարծիքը կարող է մարդկանց կողմնորոշել»-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս