«Քաղցկեղային հիվանդությունների մասով` ֆինանսական միջոցները տարեցտարի նույն մակարդակի վրա են մնում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ նշվեց, որ հաջորդ տարին սոցիալական եւ տնտեսական առումով ավելի դժվար տարի է լինելու: ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի կարծիքով՝ դժվար կլինի նաեւ առողջապահական համակարգում: Նշենք, որ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի առողջապահություն բաժնի ընդհանուր հատկացումները կազմում են շուրջ 86 մլրդ դրամ: Թեեւ կառավարությունը պնդում է, որ 2015 թվականի բյուջեի նկատմամբ աճը կազմել է շուրջ 1,8 մլրդ դրամ կամ 2,1%, այնուամենայնիվ, Մկրտչյանը համոզված է, որ այս ավելացումը չնչին է, իսկ հնարավորությունները՝ սահմանափակ:

Նշենք, որ նախագծով նախատեսված միջոցների 32,2 տոկոսը կազմում են արտահիվանդանոցային ծրագրերը, 46,2 տոկոսը՝ հիվանդանոցային ծրագրերը, 6,5 տոկոսը՝ հանրային առողջապահական ծրագրերը եւ 10 տոկոսը՝ առողջապահական այլ դասերին չպատկանող ծրագրերը: Արտահիվանդանոցային ծրագրերի մասով 2016 թվականին նախատեսվում է ֆինանսավորել 14 ծրագիր` 27,7 մլրդ դրամ գումարի չափով: Իսկ հիվանդանոցային ծառայությունների մասով նախատեսվում է իրականացնել 17 ծրագիր: 2016 թվականի բյուջեի նախագծով նախատեսված միջոցները կազմում են 39,8 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավել է 1,2 մլրդ դրամով կամ 3,2 տոկոսով:

Առողջապահական ծրագրերի մասով նախատեսվում է միջոցներն ավելացնել սրտի վիրահատության ծառայություններ ծրագրին` 419,7 մլն դրամ, հոգեկան եւ նարկոլոգիան բժշկական օգնության ծառայություններ ծրագրին` 273,7 մլն դրամ, երեխաներին բժշկական օգնության ծառայություններ ծրագրին` 122,3 մլն դրամ գումար: Իսկ 2016թ. բյուջետային հայտում առաջարկվող «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 3,1 մլրդ դրամ, որը 419,7 մլն դրամով ավել է 2015 թվականին այդ նպատակով 5 ծրագրերին հատկացված միջոցներից:

Ըստ առողջապահության նախարարության՝ հանրային առողջապահական ծառայություններ խմբի հատկացումները, նախորդ տարվա համեմատ, ավելացել են 168,5 մլն դրամով կամ 3,1 տոկոսով: Հանրային առողջապահական ծառայությունների շրջանակներում նախատեսվում է 5 ծրագրի իրականացում: Իմունականխարգելման ազգային ծրագրի մասով նախատեսվում է 1,9 մլրդ դրամ` 2015 թվականի հաստատված բյուջեի գումարի չափով:
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով առողջապահական համակարգին, 2016 թվականին հատկացվող միջոցներին, նշեց. «ՀՀ կառավարությունը, երբ 2014 թվականին հաստատեց իր ծրագիրը, խոստացավ եւ ամրագրեց, որ ինքը հետեւողական կլինի առողջապահության ֆինանսավորման ողջ գործառույթներին, նաեւ պետական պատվերի տեղադրման ընթացակարգերը կփոխի եւ աստիճանաբար կներդնի բժշկական ապահովագրություն: Իսկ 2016 թվականի բյուջեում ոչ մի բառ եւ ֆինանսական միջոցներ չենք տեսնում այդ մասին: Այսպես կարելի է բազմաթիվ օրինակներ բերել»:

Նրա խոսքերով՝ թեեւ պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նախորդ տարվա համեմատ 2.1 տոկոսով աճել են, սակայն դա չնչին աճ է, որովհետեւ մեր հանրապետությունում գների թանկացումներն ավելի մեծ տեմպերով են տեղի ունենում, քան բյուջեի ավելացումը: «Դա հենց վերաբերում է առողջապահական համակարգին: Այս 2.1 տոկոսով ավելացումը ոչ մի հնարավորություն չի տալիս, որպեսզի առողջապահական համակարգում գործընթացները մի փոքր բարելավվեն: Ընդհանուր առմամբ առողջապահությանը հատկացվող ֆինանսական միջոցները համախառն ներքին արդյունքի 1/10-ն են կազմում, իսկ դա շատ ցածր ցուցանիշ է: Հավանաբար ողջ ԱՊՀ-ում մեր երկրում է միայն, որ ամենացածր ֆինանսական հատկացումներն են արվում առողջապահության համակարգին»,- նկատեց մասնագետը: Բացի այս՝ մեր զրուցակիցը նկատեց, որ առողջապահական ծրագրերը նույնն են մնացել, եւ 2 տասնամյակ է, ինչ դրանք գրեթե չեն փոփոխվում: Նաեւ առաջնահերթությունների վերանայում տեղի չի ունենում:

«Մեր երկրում առողջապահությանն ուղղված ֆինանսավորման հնարավորությունները շատ սահմանափակ են, եւ հենց այստեղից է սկսվում կոռուպցիան, նաեւ բժշկական ծառայությունների որակից դժգոհությունները թե՛ բնակչության, թե՛ գնահատում իրականացնող տարբեր կառույցների կողմից: Մեզ բազմաթիվ խոստումներ են տալիս առողջապահության բնագավառում, բայց դրանց հատկացված ֆինանսական միջոցները շատ հեռու են բավարար լինելուց: Բացարձակ թվերով տարեցտարի հատկացվող միջոցների աճը առկա է, բայց երբ համախառն ներքին արդյունքի հետ ենք համեմատում, գրեթե ոչ մի տարբերություն»,- ներկայացրեց Մկրտչյանը` ընդգծելով, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից խորհուրդ է տրվում առողջապահության հատկացումները հասցնել համախառն ներքին արդյունքի 5 տոկոսին: Իսկ այս արդյունքը ՀՀ-ում ապահովելու համար նախ՝ պետբյուջեն պետք է եռապատկվի կամ քառապատկվի:

Զրույցի ընթացքում առողջապահության նախկին նախարարը մեծ ափսոսանքով նկատեց, որ քաղցկեղային հիվանդությունների մասով ֆինանսական միջոցները տարեցտարի նույն մակարդակի վրա են մնում: Իսկ սրտանոթային հիվանդությունների հետ կապված մեծ ծրագրեր պետք է իրականացվեն, որոնք ավելի մատչելի են, քան մարդուն սրտի վիրահատության հասցնելը: «Կանխարգելիչ ծրագրեր պետք է իրականացնել: Ֆինանսական միջոցների սղության ժամանակ բոլոր երկրներն էլ, որոնք ծանր տնտեսական իրավիճակներում են, հստակ համընդհանուր ծրագրեր են մշակում, որոնք անհրաժեշտ են ողջ բնակչության համար եւ հնարավորություն են տալիս կանխարգելել բարդ հիվանդությունները»,- նշեց Արարատ Մկրտչյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս