ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾԱՆՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկող տարվա փետրվարի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը կդառնա 70 տարեկան, եւ այդպիսով կլրանա նրա պաշտոնավարման` օրենսդրությամբ թույլատրված ժամկետը:

Բանն այն է, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչ գեներալ-գնդապետները կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը: Նույն դրույթը նախատեսում է նաեւ, որ բացառիկ դեպքերում տվյալ պաշտոնյային նշանակելու լիազորություն ունեցողը կարող է պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 5 տարի ժամկետով: Հենց այս դրույթի հիման վրա 2011-ի փետրվարին Սերժ Սարգսյանը հինգ տարով երկարաձգեց Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը:
ԱԱԾ տնօրենը Հայաստանի ներկա իշխանական համակարգի առանցքային պաշտոններից է: Այսինքն՝ իշխանության գլխին կանգնածը պետք է համոզված լինի, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվածը իրեն հավատարիմ անձ է եւ իր տրամադրության տակ գտնվող լծակները չի օգտագործի սեփական քաղաքական կարիերան կառուցելու համար, ինչպես դա տեղի ունեցավ նույն Սերժ Սարգսյանի դեպքում: Նա 1995-ից մինչեւ 1999 թվականը եղել է ազգային անվտանգության մարմնի ղեկավարը, սկզբում նրա պաշտոնը կոչվել է պետական անվտանգության վարչության պետ, այնուհետեւ դարձել է ազգային անվտանգության նախարար, իսկ 1996-ից՝ ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար: Սերժ Սարգսյանը նախ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կարողացավ պալատական հեղաշրջում իրականացնել, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացրին իշխանությունից, իսկ հետագայում նրանք աստիճանաբար ողջ իշխանությունը կենտրոնացրին իրենց ձեռքում: Ի դեպ, Քոչարյանի եւ Սարգսյանի կողմից իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացնելու գործընթացի վերջին` որոշիչ հարվածը եղավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը բոլորից լավ, իր սեփական փորձով գիտի, թե իշխանության ղեկավարի համար ինչ հետեւանք կունենա ազգային անվտանգության ոլորտի կառավարումն իրեն ոչ լիարժեք հավատարիմ մարդուն հանձնելը: Հենց այս հանգամանքն էր պատճառը, որ 2011-ին, երբ իշխանական համակարգում բոլորը խոսում էին այն մասին, որ 65-ամյա Գորիկ Հակոբյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, Սերժ Սարգսյանը որոշեց նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգել:
Բայց այս անգամ արդեն օրենքով նախատեսված լրացուցիչ ժամկետը եւս սպառվում է: Իշխանական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն՝ Գորիկ Հակոբյանը մասնավոր զրույցներում ասել է, որ ինքը եւս հինգ տարի մնալու է իր պաշտոնում: Իսկ որպեսզի դա տեղի ունենա, ՀՀ իշխանությունները պետք է հատուկ Գորիկ Հակոբյանի համար փոփոխություն կատարեն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում: Երեկ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեցինք պարզել, թե հնարավո՞ր է՝ Սարգսյանը կառավարությանը հանձնարարի Հակոբյանի պաշտոնավարումը երկարաձգելու համար օրենսդրությունը փոխելու գործընթաց նախաձեռնել: Մեր հարցման պատասխանը դեռեւս չենք ստացել:
Սակայն մեկ անձի համար օրենք փոխելը Սերժ Սարգսյանին կարող է անհարմար վիճակի մեջ դնել, քանի որ այդ դեպքում կստացվի, որ ԱԱԾ-ի ողջ ղեկավար կազմում չկա մեկը, որին նա անվերապահորեն վստահում է: Ավելին՝ այդ դեպքում ԱԱԾ-ի ղեկավար կազմը եւս կարող է Սերժ Սարգսյանի համար անցանկալի հետեւությունների հանգել: Մյուս կողմից՝ Գորիկ Հակոբյանի պատկառելի տարիքը հաշվի առնելով՝ նրան իր պաշտոնում պահելն արդեն կսկսի կտտանքի նմանվել: Ուստի առավել հավանական է, որ Հակոբյանն իր մնալու մասին ասել է՝ փորձելով կանխել, որ իր պաշտոնի համար ԱԱԾ-ի ղեկավար կազմի շրջանում պայքարը ժամանակից շուտ չսկսվի: Այդ խմորումների ծավալումը կանխելով՝ ԱԱԾ տնօրենը նաեւ Սերժ Սարգսյանին է ծառայություն մատուցել:
Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ տնօրենի տեղակալներն են Հրանտ Եպիսկոպոսյանը, որն առաջին տեղակալն է, իսկ մյուս տեղակալներն են՝ Վրեժ Արզումանյանը, Արզուման Հարությունյանը, Գարեգին Մխիթարյանը եւ Արամ Հակոբյանը: Արդյոք նրանցից մեկին կընտրի Սերժ Սարգսյանն իբրեւ ԱԱԾ-ի նոր տնօրեն, թե այլ` «դրսից»՝ նախկինում ԱԱԾ համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցրած, առնվազն գնդապետի կոչում ունեցող մարդ կնշանակի, ցույց կտա ժամանակը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԱՇՈՏՅԱՆԻ ԴԵՐԸ
Սահմանադրական փոփոխությունների այո-ի եւ ոչ-ի քարոզարշավին նվիրված «ռեալթի շոուի» կազմակերպիչ Կարեն Քոչարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես է «համոզել» ընդդիմադիր եւ իշխանություն ներկայացնող քաղաքական գործիչներին: Նա հայտարարեց, թե այդտեղ որեւէ համոզելու խնդիր չի եղել, հրավիրել են, եկել են: «Բացի Նիկոլից՝ ոչ ոք դեմ չի եղել: Ես դիմել եմ բոլորին, բացի Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից, քանի որ նա հայտարարել էր, որ չի մտնելու որեւէ քարոզի մեջ: Հանդիպել եմ հիմնականում լիդերների հետ կամ ֆրակցիայի ղեկավարների հետ, զրուցել եմ, ասել են՝ ով համաձայն է, ով չէ, ովքեր համաձայնել են, եկել են»: Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, այդ շոուի կազմակերպման հարցում իր ներդրումն է ունեցել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Արմեն Աշոտյանին ես ասեցի, պատասխանեց, որ եթե ՀԱԿ-ից մարդ կգա, կգամ, չէ, չեմ գա: Քանի որ ՀԱԿ-ից ոչ ոք չի գալու, Աշոտյանն ասաց՝ այդ դեպքում ես ինքս կզրուցեմ Արամ Մանուկյանի հետ: Այսպես է եղել»:

 

ՐԱՖՖՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Չնայած հաշված օրերն են մնում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ավարտին, սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման հիմնադիրներից Րաֆֆի Հովհաննիսյանը երբ կվերադառնա Հայաստան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ, Հովհաննիսյանը Հայաստան կվերադառնա նոյեմբերի վերջին: «Նոր Հայաստան»-ի շրջանակներում եւս Հովհաննիսյանի այս բացակայությունը միանշանակ չի ընկալվում: Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Ր. Հովհաննիսյանը նոյեմբերի վերջին տասնօրյակում կվերադառնա Հայաստան, կմասնակցի ոչ-ի քարոզարշավին:

 

ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԻ ՓՈՂԵՐԸ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ ծնունդով սյունեցի դատավոր Հովիկ Շահնազարյանը, որը անցած տարվա դեկտեմբերին է նշանակվել իր պաշտոնում, չնչին աշխատավարձով բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել: Ըստ նորանշանակ դատավորի՝ 2014 թվականի հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 61 հազար դոլար, 13 մլն դրամ, 170 հազար ռուսական ռուբլի: Նկատենք, որ մինչեւ դատավոր նշանակվելը, Շահնազարյանի ամսական աշխատավարձը կազմել է ընդամենը 43 հազար դրամ: Աշխատավարձից բացի՝ նա անցած տարի ունեցել է նաեւ 1 մլն 234 հազար դրամի այլ եկամուտ: Իսկ դատավորի կնոջ դրամական միջոցները 2014-ի վերջին կազմել են 14 հազար դոլար, 600 հազար դրամ եւ 100 հազար ռուբլի:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՑԱՎԱԿՑԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամին՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի եւ հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել։ Լիբանանի վարչապետին ցավակցել է նաեւ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն:

 

ԱՆԼՐՋԱԳՈՒՅՆ
«Լռությունը հազար դարդին դարման է, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ճիշտ կլիներ՝ հենց սա խորհուրդ տալ»,- երեկ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե չի բացառվում, որ կգա մի պահ, երբ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կոմպրոմիսային լուծման շրջանակներում կհանձնվեն Ադրբեջանին՝ նման տեսակետ է հայտնել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա նշել է, որ ՀՀԿ-ականների կողմից բաներ են ասվում, որոնք ոչ մի ձեւով չեն համապատասխանում ո՛չ պետական քաղաքական գծին, ո՛չ Սերժ Սարգսյանի կարծիքին. «Հետո գործադիր նիստ է լինում, նիստին ասում են՝ ստահոդ լուրեր են, մարդը չի էլ իմացել՝ ստահոդ լուր է ու մեկնաբանել է, այսինքն՝ այնքան անլրջություն է, որ անգամ բան չկա ասելու»:

 

ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի անդամ Անդրիաս Ղուկասյանը տեղեկություն ունի, որ Ժիրայր Սէֆիլյանին հետապնդում եւ զգուշացնում են, որ ազատազրկումն անխուսափելի է, եթե սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարի գործընթացը շարունակվի այն տեմպերով, ինչպես շարունակվում է: Երեկ Ղուկասյանն ասել է, թե Սէֆիլյանին քննչական կոմիտե կանչելը նաեւ գնահատական է, որ իրենք ճիշտ են գործում: Իսկ, ահա, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խ. Հարությունյանը դա ուղղակի կանխարգելիչ միջոցառում է որակել. «Ես նույնիսկ ենթադրում եմ, որ այդ փաստացի իրավական առիթը չի եղել պատճառը, ոստիկանությունն ընդամենը փորձում է կանխարգելիչ քայլեր կատարել»:

 

ԶԵԿՈՒՑԵԼ Է
Նոյեմբերի 13-ին ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը զեկույցով հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղ. նոր մարտահրավերներ եւ նոր հնարավորություններ» թեմայով կլոր սեղանի բացմանը կազմակերպված «Արցախի օրեր Մոսկվայում» միջոցառումների շրջանակներում։ Նա նշել է, որ պաշտոնական Բաքուն հետեւողականորեն ցուցադրում է հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ ցանկության ու քաղաքական կամքի բացակայություն եւ ձեռնարկում քայլեր՝ ուղղված իրավիճակի հետագա սրմանը։ ԼՂՀ ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձել է նաեւ տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մի շարք արդիական հարցերի, շոշափել միջազգային ահաբեկչության թեման։ Կարեն Միրզոյանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ն բախվել է այս խնդրին դեռեւս 1991-1994 թթ., երբ Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին է ներգրավել հազարավոր օտարերկրյա վարձկանների, այդ թվում՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներից։




Լրահոս