ՍԱՍ-Ի ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ի դատական պրոցեսները չեն դադարում: Դեռեւս 2014 թվականին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ երկու ընկերություններ «քցել» են «Սասի Արտակ» մականունով հայտնի գործարարին, եւ վերջինս ավելի քան 6.000 դոլարը ետ ստանալու համար ընկել է դատարանի դռները: Շուրջ 1 տարի տեւած քննությունից հետո պատգամավորին պատկանող ընկերությունը դատարանից դուրս եկավ «կիսապարտված»:

Գրել էինք, որ 2014թ. սեպտեմբերի 18-ին «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ապիկոլա» ՍՊԸ-ի: Այս ընկերությունը շուրջօրյա դեղատուն է աշխատեցրել Իսահակյան փողոցում գտնվող ՍԱՍ սուպերմարկետի շենքում եւ վարձավճար չի տվել: Հիմա պատգամավորին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ը պահանջում է դատարանի միջոցով «Ապիկոլա» ՍՊԸ-ից գանձել շուրջ 2 միլիոն 200 հազար դրամ: Ավելին՝ սեպտեմբերի 29-ին ՍԱՍ-ը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի շուրջօրյա դեղատան գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը դատավոր Գայանե Կարախանյանը բավարարել է մասնակի` արգելանք դնելով միայն գույքի վրա: Այս գործով դատական նիստերը դեռեւս շարունակվում են:
Տեղեկացանք, որ 2015 թվականի նոյեմբերի 15-ին Սասի Արտակին պատկանող ընկերությունը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Լոռա» ՍՊԸ-ից գանձել 385 հազար դրամ:
«Ժողովուրդ»-ին հայտնի էր դարձել, որ սա միակ ընկերությունը չէ, որ խնդրի առաջ է կանգնեցրել Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանին: Այս տարվա մայիսի 6-ին «ՍԱՍ գրուպը» դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ի` պահանջելով 769 հազար 423 ՀՀ դրամ, ինչպես նաեւ՝ 2014 թվականի փետրվարի 3-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը օրական 0.3 տոկոս դրույքաչափով հաշվարկել տույժերը եւ դրանք եւս գանձել: Ասել է թե՝ պատգամավորին պատկանող ընկերությունը, բացի հիմնական պարտքից` 769 հազար 423 դրամ, պարտատիրոջից նաեւ տույժերը գումարելով՝ եւս մոտ 700 հազար դրամ գումար էր պահանջում:
Այս ագահ վերաբերմունքի մասին դատարանում բացատրություններ էին տվել «Սաս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ-առաքիչ Հակոբ Մարտիրոսյանը, «Սաս-Գրուպ» ՍՊ ընկերության օպերատոր Մարինե Ղազարյանը: Թամարա Ասատրյանն էլ բացատրություն էր տվել այն մասին, որ լինելով «Սաս-Գրուպ» ՍՊ ընկերության առաքման բաժնի ղեկավար՝ «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊ ընկերության կողմից ստացել է առաքման պատվեր, որը կազմել է 769 հազար 423 դրամ: Ապրանքը դուրս էր գրվել ընկերությունից, սակայն պարտավորությունը չէր կատարվել:
Արդյունքում, շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանը հոկտեմբերի 15-ին վճռեց պատգամավորին պատկանող ընկերության հայցը բավարարել մասնակի: «Ալֆա» հեռուստաընկերությունը դատարանի պահանջով պատգամավորին պատկանող ընկերությանը պետք է վճարի միայն մատակարարված ապրանքների վճարման ենթակա 769 հազար 423 դրամ, իսկ ագահության արդյունքում հաշվարկված ու պահանջված տոկոսադրույքների մասով հայցը մերժվեց:
Ահա, այսպես Արտակ Սարգսյանը աջ ու ձախ դատի տալով՝ իր կարողություններն է ապահովում, որպեսզի հասցնի Սերժ Սարգսյանի տված հանձնարարականները ապահովել եւ ըստ անհրաժեշտության հաճոյանալ նրան:
Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանը քաղաքական ասպարեզ մտավ «Օրինաց երկիր» կուսակցության աջակցությամբ, ու երբ ՕԵԿ-ը ընդդիմադիր դիմակ հագավ, նա դավաճանեց ՕԵԿ-ին ու հեռացավ: Երկար ժամանակ քաղաքականապես «անտեր» վիճակում էր, մինչեւ ասպարեզ եկավ Տիգրան Կարապետյանը` իր ԱԼՄ-ով ու ժողովրդական կուսակցությունով: Այդ ժամանակ Արտակ Սարգսյանը հանգրվանեց Կարապետիչի մոտ, սակայն այլեւս պատգամավոր չընտրվեց: Մնաց «կոտրած տաշտակի» առաջ: Եւ այդ ժամանակ նրա մոտ «նժդեհական» հակումներ առաջ եկան, եւ ՍԱՍ-ի Արտակը դարձավ հանրապետական` ստանալով նաեւ պատգամավորի մանդատ: Իսկ հիմա էլ «օրումեջ» դատարաններում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԼՈՌԵՑՈՒ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2 ռուսական դպրոցում:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դպրոցի ուսուցիչները աշխատավարձ են ստացել, եղել են ուսուցիչներ, որոնք բացակայել են, եւ ըստ ամենայնի տնօրենը նրանց գումարը պահել է, որպեսզի ավելի ուշ հանձնի: Ու հենց այդ երեկոյան դպրոցում գողության փորձ է կատարվել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ տղամարդը, կոտրելով պատուհանը, ցանկացել է մուտք գործել դպրոց, սակայն պատուհանը կոտրելու արդյունքում վնասվածք է ստացել, դրա համար էլ չի կարողացել գործն ավարտին հասցնել: Եվ, ահա, առավոտյան դպրոցի տնօրինությունը, տեսնելով կոտրված պատուհանը եւ արյան հետքերը, դիմել է ոստիկանություն, ինչից հետո հայտնաբերվել է դպրոցում գողության փորձ կատարած անձը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերջինս Ստեփանավան քաղաքի բնակիչ Գառնիկ Բաղդասարյանն է, ով ամուսնացած է եւ ունի մեկ երեխա:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ստեփանավան քաղաքի թիվ 2 ռուսական դպրոցի տնօրեն Լիլիա Հարությունյանը հայտնեց, որ դեպքից հետո դպրոցի անվտանգությունը ապահովելու համար ձայնային ազդանշան է տեղադրել. «Այլ տարբերակ չունենք»:
Ավելին՝ ինչպես տեղեկացանք դպրոցի տնօրենից, գողության նպատակով դպրոցի պատուհանը կոտրած եւ վնասվածքներ ստացած Գառնիկ Բաղդասարյանը հասցրել էր իր հետ տանել ուսուցիչներից երկու հոգու արձակուրդայինի համար նախատեսված աշխատավարձը, որը կազմել է ընդամենը 14.000 դրամ:
Գառնիկ Բաղդասարյանն անմիջապես կալանավորվել է ինչպես ամենավտանգավոր հանցագործ, եւ կատարվում է քննություն:

 

ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿՈՒՂԱՐԿՎԻ
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյան ընտանիքի գործը կուղարկվի դատարան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթվա ընթացքում արդեն գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Դեռես 2015 թվականի հունիսին գրել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործեր քննող 4 դատավորներ կան, որոնց «թեկնածությունները» դիտարկելով՝ եկել էինք այն եզրակացության, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործերով դատավոր Աշոտ Մանուկյանին այս գործը թերեւս չի հանձնվի, քանի որ նա Արթիկի եւ Մարալիկի գործերն է քննում: Հավանաբար, Արտակ Թադեւոսյանին էլ չեն հանձնի, քանի որ նա նորաթուխ դատավոր է, դեռ սովորելու շատ բան ունի, դատավոր Մովսես Հարությունյանը մեկ տարի անց թոշակի է անցնելու: Դատավորների շարքում մնաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որին էլ, ամենայն հավանականությամբ, «համակարգիչը կընտրի» որպես այդ աղմկալի գործը նախագահող դատավոր:

 
ՓՈԽԱՏԵՂԵԼ Է, ԻՄԱ՞ՍՏԸ
Սերժ Սարգսյանը նոյեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել, որով գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանին ազատել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից` նշանակելով նրան ՀՀ զինված ուժերի ինժեներային զորքերի պետվարչության պետ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատվելով ՀՀ զինված ուժերի ինժեներային զորքերի պետվարչության պետի պաշտոնից։

 

ՆՈՐ ԶՈՀԵՐ
2015թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետեւանքով գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացել են մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Վահե Վանոյանը եւ Միքայել Թորոսյանը:

 

ԿԱՐԵՎՈՐԵԼ ԵՆ
Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նիստում երեկ քննարկվել են Հայաստանի քաղաքացիական ավիացիային նվիրված հարցեր: Ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը քննարկման է ներկայացրել 2 առանցքային հարց. առաջինը` օդային օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը` որպես ավիացիայի ոլորտում պետական համապատասխան մարմինների կողմից առավել արդյունավետ աշխատելու մեխանիզմ, երկրորդը` տեղական ավիափոխադրող կամ ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը: Ենթահանձնաժողովի անդամները կարեւորել են տեղական ավիափոխադրողներ ունենալու հարցը` նշելով, որ այն Հայաստանի համար ունի ազգային անվտանգության նշանակություն:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
2015թ. նոյեմբերի 13-ին` ժամը 09:30-ին, Սյունիքի մարզի Լծեն համայնքի ղեկավար Հրահատ Նիկալյանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ նույն գյուղի բնակիչ 50-ամյա Բենիկ Հարությունյանն իրենց տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նախնական տվյալներով՝ Բ. Հարությունյանն ինքնասպանություն է գործել իրենց տանը կից հացատան գերանից պարանով կախվելու միջոցով: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ հարազատների տված բացատրության` նրա մոտ ի հայտ էին եկել առողջական որոշ խնդիրներ, նշանակվել էր դեղորայքային բուժում:

 

ՈՂՋՈՒՆԵԼԻ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել «Հեռուստամարաթոն 2015»-ին, որի նպատակն է Արցախում 5 եւ ավել երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելը: Այդ նվիրատվության շնորհիվ շուրջ 115 երեխա հնարավորություն կունենա ապրել բարեկեցիկ պայմաններում: «Հեռուստամարաթոն 2015»-ը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ին:

 

ՊԱՆԻՐԸ ՉԹՈՂԵՑ
ArmLur.am-ի հետ զրույցում նախօրեին Ադրբեջանից հայրենադարձված 76-ամյա Լուսինե Աբովյանի հարսը՝ Ղուշիկ Բեջանյանը, հայտնել է, որ երեկ իր սկեսուրը դուրս է գրվել ԲԿ-ից. հետազոտությունների արդյունքները դրական են եղել. «Որեւէ խնդիր բժիշկները չեն հայտնաբերել: Նրա մոտ ամեն ինչ լավ է, խնդիրներ չունի, այնտեղ էլ որեւէ խնդիր չի առաջացել»,- ասել է նա` հավելելով, որ հայրենադարձված Լուսինե Աբովյանը հայտնել է, որ Կարմիր խաչի միջնորդության շնորհիվ իր հետ Ադրբեջանում վատ չեն վերաբերվել. «Օրը երեք անգամ սնվել է, ջերմ վերաբերմունք է եղել»: Ղուշիկ Բեջանյանի փոխանցմամբ՝ պանիրը, որը տիկին Լուսիկն իր հետ վերցրել էր՝ բարեկամի տուն տանելու համար, կրկին հետ է բերել:




Լրահոս