ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԴԵՌ ԱՅՈ-Ի ՔԱՆԱԿԸ ՉԳԻՏԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտենում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, եւ արդեն տեսանելի է դառնում, որ իշխանությունը ինչպես միշտ, այս անգամ եւս ամեն քայլի դիմելու է, որպեսզի այո-ն առավելագույն քվեներով ապահովի:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են պատրաստվում անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ ինչպիսի ռեսուրսներով են այո-ն ապահովելու: Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ»-ը նախորդ համարներից մեկում, անդրադառնալով հանրաքվեի հնարավոր արդյունքներին, կանխատեսել էր, թե ինչքան այո կարելի է ստանալ հանրաքվեի օրը վերոհիշյալ եւ այլ մարզերում` ըստ իշխանությունների պլանի: Այսպիսով, ըստ «Ժողովուրդ»-ի կանխատեսումների՝ Արմավիրում այո-ն կարող է հատել 70 հազարի շեմը, իսկ Վայոց Ձորում հասնել 20 հազարի:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան
-Պարո՛ն Ղահրամանյան, դեկտեմբերի 6-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քիչ ժամանակ է մնացել, ինչպե՞ս եք պատրաստվում:
-Պատրաստվում ենք, համաձայն գործող Սահմանադրության եւ ՀՀ ընտրական օրենսգրքի, այսինքն՝ շտաբներ են ստեղծվել, շտաբներն էլ իրենց աշխատանքներն են կատարում: Ձեւավորվել են ընտրական հանձնաժողովներ, առաջիկա ժամանակներում իրենք էլ իրենց աշխատանքները կսկսեն:
-Մարզում տրամադրվածությունը սահմանադրական փոփոխությունների շուրջ ինչպիսի՞ն է:
-Տրամադրվածությունը նորմալ է:
-Շփվելով հասարակության հետ՝ ի՞նչ եք կարծում՝ այո-ի կողմնակիցներն են ավելի շատ թե՞ ոչ-ի:
-Ավելի շատ այո-ի կողմնակիցներ են, իմ շփումները հասարակության հետ դա են ցույց տալիս:
-Դուք այո-ի ինչպիսի՞ տոկոս եք ակնկալում:
-Դեկտեմբերի 7-ին պարզ կլինի: Ես կոնկրետ թիվ ո՞նց ասեմ:
-Այնուամենայնիվ, Դուք այո-ի ինչքա՞ն մասնակցություն կարող եք ապահովել, այդ մասով ինչպիսի՞ հանձնարարական եք ստացել կենտրոնական շտաբից:
-Ինչքան որ կարողանանք իրազեկել ու ճիշտ բացատրել, այդքան էլ մասնակցությունը շատ կլինի, որեւէ հրահանգ չկա:
-Իսկ ի՞նչ ռեսուրսներով եք այո-ն ստանալու:
-Մենք ոչ մի պետական ռեսուրս չենք օգտագործում, մենք քարոզչություն ենք անելու, բացատրելու ենք ներկա սահմանադրական բարեփոխումների առավելությունները:

Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյան
-Պարո՛ն Սարգսյան, քիչ ժամանակ է մնացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նախապատրաստական աշխատանքների ընթացքն ինչպիսին է:
-Մենք մեր քարոզարշավն ենք կազմակերպում, հանդիպումներ ենք ունենում, մարդկանց ներկայացնում ենք բարեփոխումները: Կարծում եմ՝ մարզում տրամադրվածությունը նորմալ է, իսկ արդյունքները կերեւան հանրաքվեից հետո:
-Այո-ի ինչպիսի՞ տոկոս եք ակնկալում եւ ինչպե՞ս եք պատրաստվում այն ապահովել:
-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, դա հանրաքվեից հետո կերեւա: Բայց կարծում եմ՝ դրական է, ամեն դեպքում ոչ-ը շատ չի երեւում:
-Տեղեկություն կա, որ Վայոց Ձորի մարզում այո-ն կարող է հատել 20 հազարի շեմը: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է այս թվին հասնել, թե ոչ:
-Չգիտեմ, չեմ կարող ասել: Կարող է ավել լինի, կարող է պակաս լինի: Բայց այս կարգի բան ով կարող է ասել, ես կզարմանամ, եթե որեւիցէ մեկը կարող է ասել այո-ն այսքան կլինի, ոչ-ը՝ այսքան:
-Իսկ շփվելով հասարակության հետ՝ ի՞նչ կարծիք եք ձեւավորել` այո-ի կողմնակիցներն են ավելի շատ, թե՞ ոչ-ի:
-Համայնքի ղեկավարների հետ, շտաբի պետերի հետ քննարկումներ կազմակերպել ենք, ընդհանուր վիճակը դրական է: Կարծում եմ, որ դրական կլինի մեր մարզի այո-ի տոկոսը: Դա իմ կարծիքն է, հստակ թիվ ճիշտ չի լինի, որ ասեմ:
-Ինչ ռեսուրսներով եք այո-ն ապահովելու:
-Ի՞նչ է նշանակում՝ ինչ ռեսուրսներով կարող եք այո-ն ապահովել: Մենք քարոզում ենք, մարդիկ գնալու են տեղամասեր, իրենց ընտրությունները կազմակերպեն:
-Եթե հանրաքվեից հետո սպասված թվով այո-ն չստանաք, եւ ոչ-ը գերակշռի, արդյո՞ք հրաժարական կտաք:
-Իմ առջեւ որեւիցէ խնդիր դրված չէ ապահովել կամ չապահովել: Խնդիր է դրված որպես մարզային շտաբի ղեկավար` նորմալ կազմակերպել հանրաքվեն: Որեւիցե այլ խնդիր դրված չի, որ հրաժարական տանք կամ չտանք:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 

 

 
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԵՐՆ ԱՐԴԵՆ ՀՍՏԱԿ ԲԱԺԱՆՎԱԾ ԵՆ

«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 12-ին գրել էր, որ Գյումրիում սահմանադրական փոփոխությունների քարոզչության աշխատանքներում քաղաքապետ Սամվել Բալասանյանին շատ քիչ տարածք է բաժին հասել: Տեղեկացրել էինք, որ Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու նպատակով տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» է իրականացրել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղամասերը հիմնականում բաժանվել են գյումրեցի պատգամավորների «միջեւ», եւ հենց նրանք պետք է ապահովեն անհրաժեշտ թվով այո-ները: Պատգամավորներն էլ առանձնակի եռանդով «լծվել են աշխատանքի», քանի որ նրանց բաց տեքստով ասվել է, որ իրենց ապագա ճակատագիրը կախված է հանրաքվեի արդյունքներից: «Բաժանումների» արդյունքում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին բավականին քիչ տարածք է բաժին հասել, ինչի արդյունքում տեղի իշխանական վերնախավի շրջանում արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա եկող տարվա սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի լինի իշխանության թեկնածուն:
Այս խնդրի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սահակ Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության գործում ընդգրկված են նաեւ ոչ հանրապետական գործիչներ: Կարողանո՞ւմ եք համակարգել տարբեր հայացքների տեր մարդկանց:
-Սահմանադրական բարեփոխումները միայն Հանրապետական կուսակցությունը չէ, որ կողմ է: Մենք քարոզում ենք այն, ինչը որ ընդունում ենք: Ընդունում ենք այո-ն եւ այն քարոզում ենք, ամենակարեւորը՝ չենք ուզում քաղաքականացնել եւ ուզում ենք հասարակության բոլոր շերտերին հասու դարձնել, թե Սահմանադրության նոր բարեփոխումները ինչ է բերում ժողովրդավարական նոր զարգացումների առումով:
-Աշխատանքի բաժանումն ինչպե՞ս է իրականացվում, որ երկակիացում չլինի:
-Երկակիացում չկա, ուղղակի քարոզի լոկալացման խնդիր կա: Դուք մասնավորեցնում եք մեր ռազմավարությունը, որը ես մասնակիորեն ներկայացնեմ, ոչ լիարժեք: Ընդհանուր առմամբ շտաբն իր ֆորմալ եւ ոչ ֆորմալ կողմնակիցներով իրականացնում է քարոզ Շիրակի մարզի ամբողջ տարածքում ազգաբնակչության համար, ունենք նաեւ հրավիրված քարոզիչներ, վերապատրաստված իրավաբաններ, քարոզչական խմբեր, իսկ էդ տարածքային բաժանումները քարոզի կազմակերպման ավելի տեղայնացման միտում ունի: Քարոզչության իրականացման գործում Սամվել Բալասանյանի թիմը շատ ավելի ընդգրկուն ու մեծ տարածքում է քարոզ իրականացնելու:
Վերջում հավելենք, որ ամենամեծ քանակությամբ տեղամասեր (թվով 47) տրվել է քաղաքապետ Սամվել Բալասանյանին, պատգամավորներ Մարտուն Գրիգորյանին՝ 31 տեղամաս, Սուքիաս Ավետիսյանին՝ 2 տեղամաս, իսկ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ 2 տեղամաս (իր թաղում):

Զրուցեց Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 
ՄԱՐԶՊԵՏԻ Հ/Ը-Ն ԳՈՐԾԱՐԿՎԵՑ
Շուրջ 10 օր է, ինչ թվային հեռարձակմամբ եթեր է դուրս գալիս «Տավուշ» մարզային հեռուստաընկերությունը, որն այս տարեսկբից չէր գործում: Հ/ը-ն ձեւավորվել է Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության հենքի վրա, որի տնօրեն Վարդան Անանյանն էլ հենց զբաղեցնում էր մարզային հ/ը տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակից հեռուստաընկերությունն իր աշխատակիցներին աշխատավարձի պարտքեր ունի, որոնք մինչ այժմ չեն վճարվել: Թեեւ «Տավուշ» հ/ը-ն մարզային է կոչվում, սակայն դրա հաղորդումները մարզի տարածքի կեսում չեն հեռարձակվել: Նշված ժամանակաշրջանում հ/ը փաստացի սեփականատերը Տավուշի նախկին մարզպետ, այժմ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանն էր: Հետո հեռուստաընկերության փաստացի, միակ սեփականատերը դարձավ Տավուշի ներկայիս մարզպետ Հովիկ Աբովյանը: Այժմ Իջեւան քաղաքի թիվ 5 մանկապարտեզի հարակից տարածքում մարզային հ/ը-ի ստուդիա է ձեւավորվում, կատարվում են տարածքի նորոգման աշխատանքներ: «Տավուշ» հ/ը-ի տնօրեն, վանաձորցի փորձառու հեռուստաօպերատոր Ժան Գալստյանը հայտնեց, որ իրենք առայժմ հեռարձակում են այլ հեռուստաընկերության հաղորդումներ, սակայն առաջիկայում՝ աշխատողներ ընդունելուց հետո, արդեն սեփական հաղորդումներ կպատրաստեն եւ կհաղորդեն: Ուշագրավ է, որ մարզպետին պատկանող մարզային հ/ը-ն իր գործունեությունը վերսկսում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս