«ՄԵՐ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՂԹԵԼՈՒ ՇԱՆՍԵՐԸ ՇԱՏ ՄԵԾ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ «Միսիս գլոբ» ամուսնացած կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնելու է մոդել Աննա Դեմիրխանյանը: Մրցույթը տեղի է ունենալու Չինաստանի Շենժեն քաղաքում, նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը: Աննա Դեմիրխանյանի մասնակցությունը մրցույթին հաստատվել է «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի կազմակերպած քաստինգի արդյունքում: «Միսիս գլոբ»-ին այս տարի մասնակցում են 60 երկրների գեղեցկուհիներ: «Ժողովուրդ»-ը զրուցել է Աշոտ Խաչատրյանի հետ մեր մասնակցի հաղթելու շանսերի շուրջ:

-Պարո՛ն Խաչատրյան, «Միսիս Գլոբ» մրցույթին ներկայանալու համար հայ կանայք ի՞նչպիսի ակտիվություն են ցուցաբերում: Մենք հիշում ենք, օրինակ, Գոհար Հարությունյանի մասնակցությունն այս մրցույթում:
-Մենք էլի ենք ունեցել մասնակիցներ, օրինակ` նախորդ տարվա մեր ներկայացուցիչը մրցույթում տաղանդավոր Վիկտորիա Մանուչարյանն էր: Պարզապես նախորդ մասնակիցներին լրատվամիջոցները շատ չանդրադարձան: Աննայի դեպքում արձագանքները, կարծես, մեծ են:
-Մասնակցությունը «Միսիս Գլոբ»-ին մեր երկրին ի՞նչ կտա:
-Նախ` ճանաչում: Մրցույթում կան մասնակիցներ, որ չգիտեն անգամ Հայաստանի տեղը, մեր երկիրը շփոթում են Ռումինիայի, Ալբանիայի հետ: Արտասահմանում, օրինակ, մեծ տեղ են տալիս մոդելինգին, գեղեցկության մրցույթներին, քանի որ դրանք իրենց երկրներին, ինչպես նշեցի, ճանաչում են բերում: Եվ հետո սա շատ հզոր մրցույթ է` կազմակերպված բարձր մակարդակով: Ես վստահ եմ, որ ղեկավարները կլինեն օբյեկտիվ ու անաչառ:
-Կարծես թե հայերիս շրջանում գեղեցկության մրցույթների նկատմամբ հետաքրքրության նոր ալիք է բարձրացել, այո՞: Օրինակ` «Միսիս Գլոբ»-ին մասնակցելու համար շա՞տ հայ կանայք էին դիմել:
-Հայերի հետաքրքրության շրջանակը նախկինում սահմանափակվում էր միայն Լուսինե Թովմասյանով եւ Գոհար Հարությունյանով: Վերջինս, օրինակ, ժամանակին մասնակցել է «Միսս ԱՊՀ»-ին, որն, ի դեպ, այսպես ասած` «ՏՊվՏՐՈջՏՉօռ» մրցույթ էր: Բայց մենք անընդհատ դա ենք հիշում: Այնինչ՝ մենք ունենք մեծ թվով գեղեցկուհիներ, որոնք մասնակցել են տասնյակ անգամ ավելի հեղինակավոր մրցույթների եւ հաջողություններ գրանցել: Ինչ վերաբերում է քասթինգին, ապա՝ այո, մեզ դիմել էին մի քանի տասնյակ կանայք, որոնցից ընտրվել է Աննան: Ես զգում եմ, որ մասնակիցների շրջանում մեր նկատմամբ վստահությունը մեծացել է, իսկ մեզ համար ամենակարեւորը նրանց անվտանգությունն ապահովելն է: Այսօր շատ մարդիկ «արկածախնդրությամբ» են զբաղվում, անօրինական կերպով մրցույթներ են կազմակերպում, մրցանակային գումարներ են խոստանում, իսկ մասնակիցները հաճախ դառնում են թրաֆիքինգի զոհ: Ուստի գեղեցկության մրցույթների մասնակցել ցանկացողներին խնդրում ենք կարդալ կազմակերպիչների, նրանց գործունեության մասին եւ զգուշանալ, քանի որ համացացը ողողված է «վտանգավոր մրցույթների» մասին տեղեկատվությամբ:
-Պարո՛ն Խաչատրյան, իսկ Աննա Դեմիրխանյանի հաղթանակը «Միսիս Գլոբ»-ում որքանո՞վ եք հավանական համարում:
-Աննան, միանշանակ, մրցույթի հիմնական լիդերներից է, վստահ եմ, որ առաջնակարգ տեղ պետք է գրավի, նրա հաղթելու շանսերը շատ մեծ են: Մեր մասնակիցն ունի մեծ հնարավորություններ՝ առնվազն թոփ հնգյակում ընդգրկվելու համար: Աննան արտակարգ գեղեցիկ է, ունի յուրահատուկ խարիզմա: Բացի արտաքին տվյալները` նա շատ մարդամոտ է, սիրալիր, ընկերական, ինչը կարեւոր նախապայման է: Շատ եմ գնահատում նաեւ նրա պարտաճանաչությունն ու պատասխանատվությունը իր աշխատանքի նկատմամբ: Աննայի հետ լավ թիմ է աշխատում, արդեն պատրաստ է նաեւ մեր մասնակցի մրցութային տեսահոլովակը, որտեղ նա շատ անկեղծ է, ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանը ներկայացնող մեծահարուստ մասնակցի:
Մեր մասնակիցն ունի նաեւ լավ ընտանիք, փոքրիկ աղջիկ, նա հրաշալի մայր է: Ես մեծ հույսեր եմ կապում Աննայի հետ եւ խորհուրդ եմ տվել լինել ինքնավստահ: Ի դեպ, ես մտածում եմ, որ նա լավ թեկնածու է նաեւ առաջիկայում կայանալիք «Միսիս աշխարհ» մրցույթի համար:
-«Միսիս Գլոբ»-ի շրջանակում, թերեւս, կլինի նաեւ տաղանդի մրցույթ: Այդ առումով Աննան որքանո՞վ է պատրաստված:
-Նա որոշել է հայկական պար ներկայացնել: Բայց մենք շեշտը դրել ենք ոչ թե տաղանդն ի ցույց դնելու, այլ հաղթելու վրա, որպեսզի նա հայտնվի առնվազն թոփ հնգյակում:
-Իսկ հայաստանցիներս մրցույթը դիտելու հնարավորություն կունենա՞նք:
-Այն մեզ մոտ չի հեռարձակվելու, բայց Չինաստանում` անպայման: Երեւի հետագայում տեսանկարահանումը կբերենք, կառաջարկենք մեր հեռուստաընկերություններին:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ն առաջիկայում կփորձի զրուցել նաեւ մեր գեղեցկուհու` Աննա Դեմիրխանյանի հետ:

 

 

 

 
«ՍԻԴՆԵՅՈՒՄ ԶԳՈՒՄ ԷԻ ԻՆՉՊԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ»

Երգչուհի Մաշա Մնջոյանը վերջերս մի քանի մեծ համերգներ է ունեցել արտերկրում եւ ինչպես ինքն է ասում՝ վառ տպավորությունները մինչ այժմ իրեն չեն լքում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Ավստրալիայից մենահամերգի հրավեր է ստացել եւ սիրով ընդունել այն: Սեպտեմբերի 15-ից Մաշան մեկնել է Սիդնեյ:

«Ես, Ֆորշը եւ Մուրադ Մալխասյանը նախորդ տարի եւս եղել էինք Ավստրալիայում, այս տարի արդեն ինձ առաջարկեցին հանդես գալ մենահամերգով: Փաստորեն, իմ առաջին մենահամերգը կարողացանք կայացնել, այն էլ Հայաստանից դուրս. սա ինձ համար մեծ ձեռքբերում էր: Ի դեպ, այնտեղ ներկա էին ոչ միայն մեր հայրենակիցները, այլեւ օտարերկրացիներ: Ընդ որում, երկարատեւ համերգի ընթացքում ես ընդամենը երեք անգլալեզու երգ կատարեցի. մնացած երգերս հայերեն էին: Ընդունելությունը շատ ջերմ էր, Սիդնեյում ես կարծես Գյումրիում լինեի»,-իր ուրախությամբ կիսվեց Մաշան` հավելելով, որ բացի մենահամերգից` նա այնտեղ երկու հավելյալ համերգի էլ է մասնակցել:
Ավստրալիայից վերադառնալուց ընդամենը երկու օր անց երգչուհին մեկնել է Բեյրութ` մասնակցելու «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի մենահամերգներին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Ես միշտ երազել եմ «Գոհար»-ի հետ կանգնել մեկ բեմում, շատ տպավորված եմ համերգի շքեղությունից»,-ասաց Մաշան:
Նա խոստովանեց, որ հիմա իր կարիերայում հասել է մի աստիճանի, որի մասին երկու տարի առաջ չէր էլ կարող երազել:
Մեր այն հարցին, թե երբ վերջապես հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու իր եւ Սոնայի այդքան սպասված դուետը, Մաշան պատասխանեց. «Ամեն բան արդեն պատրաստ է, վստահ եմ, որ շուտով այն կներկայացվի հանրությանը: Երգի հեղինակը Գուժն է, նա այդ գործը նվիրել է մեզ: Նաեւ այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մեծ ցանկություն ունենք»:
Իսկ այն հարցին, թե Սոնայի հետ արդյունավետ համագործակցելուց հետո արդյոք կա այլ աստղ, որի հետ Մաշան կցանկանա աշխատել, վերջինս պատասխանեց. «Շատ եմ ուզում Թաթայի հետ զուգերգ ունենալ, նրան շատ եմ սիրում, ճանաչել եմ «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակներում: Եթե մի օր ինձ բախտ վիճակվի երգել որեւէ աստղի հետ, կցանկանամ, որ դա լինի Թաթան»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հարցազրույց է տվել eurovision.de գերմանական կայքին եւ նոր մանրամասներ հայտնել մրցույթին իր ներկայացնելիք երգի մասին: Նա նշել է, որ իրեն մի շարք երգահաններ, հիմնականում Շվեդիայից, արդեն առաջարկել են երգերի տարբերակներ. «Ես համագործակցում եմ նաեւ պրոդյուսերների հետ, եւ նոյեմբերի 13-ին մենք միասին կկատարենք մեր ընտրությունը»,-ասել է նա:
Իվետան հայտնել է, որ երգը կլինի անգլալեզու, միջին տեմպով կամ ռիթմիկ, այսինքն՝ բալլադ չի ներկայացնելու։ «Ես կարծում եմ, որ մարդիկ ցանկանում են տեսնել ինձ դրական եւ ակտիվ կերպարում»,-նշել է նա։
 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Մարիաննա Լիմա բեմական անվամբ հանդես եկող Երեւանի կոնսերվատորիայի ուսանողուհի Մարիաննա Ավանեսյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է «Տաղանդների հրավառություն» մրցույթ-փառատոնին եւ հաղթել՝ դիպլոմն ու գավաթն իր հետ բերելով Երեւան։
BRAVO.am-ի հետ զրույցում Մարիաննան պատմել է, որ այս տարվա մայիսին Փարիզում մասնակցել է «Etoiles de Paris» երաժշտական մրցույթին եւ հաղթելով` հրավեր է ստացել մասնակցելու վերոնշյալ մրցույթին. «Ծանոթանալով պայմաններին՝ հասկացա, որ ուժեղ մրցակցություն է լինելու։ Այս տարի մասնակիցները շատ էին՝ եվրոպական ու ԱՊՀ երկրներից շուրջ 600 հոգի։ Բոլորին չեմ հասցրել լսել, քանի որ մրցույթը երկու տարբեր սրահներում է անցկացվել ու տեւել է երկու օր։ Անկեղծ ասած, մտքովս չէր անցնում, որ առաջին տեղը կգրավեմ»,-ասել է նա։
Սոուլ, ջազ, բլյուզ ոճերի սիրահար Մարիաննան կատարել է «My Funny Valentine» երգը:

 

 

ԱԴԵԼԸ ՍՐՏԵՐ Է ՄԻԱՑՆՈՒՄ
Ադելի նոր «Hello» երգը ոչ միայն ռեկորդներ է սահմանում համաշխարհային վարկանիշային աղյուսակներում, այլեւ միջոց է դարձել, որպեսզի հազարավոր կանայք վերականգնեն իրենց նախկին հարաբերությունները: Ադելի երգի հետեւյալ տողերը` «Ողջույն, ես եմ։ Հետաքրքիր է` այսքան տարի անց կցանկանա՞ս ինձ հետ հանդիպել», հոգին «բուժելու» եւ կոնկրետ քայլերի մղելու հատկություն ունեն: WhatsYourPrice.com կայքի (որում գրանցված են մոտ 41000 միայնակ կանայք եւ տղամարդիկ) կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրենց սիրելիներից բաժանված կանանց 64 տոկոսը Ադելի նոր հիթը լսելուց հետո կապ է հաստատել իր նախկին ընկերոջ կամ սիրեցյալի հետ՝ հարաբերությունները վերականգնելու նպատակով։ Իսկ ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա երգը ազդեցություն է ունեցել նրանց 17 տոկոսի վրա։




Լրահոս