ԼՂՀ-Ն ԶԻՋՈԻՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱԼՈՒ. ԱՐՑԱԽՑԻՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, որը ծնունդով Արցախից է, այն տեսակետին է, որ ՌԴ-ն չէր կարող Հայաստանի առջեւ պայման դնել՝ ԼՂՀ-ի տարածքից ինչ-որ բան զիջել Ադրբեջանին:

-Պարո՛ն Հարությունյան, մինչեւ այսօր անհասկանալի է մնում, թե ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ի՞նչ նպատակով էր գտնվում Հայաստանում, ու ինչո՞ւ է շահարկվում այն տեղեկությունը, որ Ս. Լավրովը Հայաստանի իշխանություններին հորդորել է տարածք զիջել Ադրբեջանին: Դուք ի՞նչ տեղեկություն ունեք այդ մասին. արդյո՞ք ՀՀ իշխանությունները պատրաստվում են զիջումների գնալ:
-Ես կարծում եմ, որ դրանք ընդամենը փողոցային խոսակցություններ են, որովհետեւ որեւէ մեկը ո՛չ մի պայմանում, ո՛չ մի ձեւով նման հարց չի քննարկում. այդ ձեւաչափն այսօր գոյություն չունի: Բանակցային գործընթացներում չկա զիջումների գնալու հարց, նմանատիպ առաջարկություններ վաղուց, ժամանակին շատ են եղել, բայց Հայաստանի ու Արցախի իշխանությունները կտրականապես մերժել են: Ու ես չեմ կարծում, որ Սերգեյ Լավրովի վերջին այցը Հայաստան նվիրված էր ինչ-որ զիջումների գնալու հարցին:
-Իսկ Դուք ի՞նչ կոնկրետ տեղեկություն ունեք, որ նման պնդում եք անում:
-Իհարկե, մենք մանրամասներից տեղյակ չենք. դիվանագիտական բանակցությունները լինում են փակ դռների հետեւում, բայց ես այն կարծիքին եմ, որ իրականում նման բան հնարավոր չէր, որ լիներ: Իսկ ինչ վերաբերում է ինչ-որ փոխզիջումների, ապա այդ պարագայում միայն կարող են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները որոշել, իհարկե, Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ: Իհարկե, նաեւ այնպիսի բան չի, որ կարողանան այդպես գաղտնի պահել, ինչպես որ հայտարարվում է, թե հանրությունից գաղտնի է պահվում եւ այլն: Դա ամբողջ աշխարհին ու հատկապես մեզ հայտնի կլինի, այնպես որ, ինչ-որ հարցեր տալ, ինչ-որ կասկածներ հայտնելը այնքան էլ ճիշտ չէ:
-Կարծես թե այդ տեղեկությունը միայն Հայաստանում չէ, որ քննարկվում է, քանի որ ռուսական լրատվամիջոցները եւս անդրադարձել են Ս. Լավրովի այցին ու նույնաբովանդակ տեղեկություն հրապարակել: Չե՞ք կարծում, որ սա արդեն ավելի լուրջ է, քան ներկայացվում է, քանի որ Ռուսաստանն արդեն սկսել է նման «ծրագրի» մասին բարձրաձայնել:
-Արդեն նշեցի, որ դիվանագիտական բանակցությունները կատարվում են փակ դռների հետեւում, եւ ես նման բան չեմ կասկածում: Իսկ ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցներին, ապա եթե Լավրովը մամլո ասուլիսում կամ ինչ-որ հրապարակային ելույթում այդ մասին չի խոսել, կարծում եմ, որ ապատեղեկատվություն է, որ լրատվամիջոցն էլ դա գրի: Ես չգիտեմ, թե ով ինչ է ուզում, բայց որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները բազմաթիվ անգամ հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ իրենք զիջելու բան չունեն, ես էլ կիսում եմ ԼՂՀ-ի իշխանությունների տեսակետը: Ու դա նաեւ Հայաստանի իշխանությունների տեսակետն է, իրենք այս տարիների ընթացքում բանակցությունների սեղանի շուրջ միայն դա են ասել: Ես չեմ կարծում, որ հիմա ինչ-որ բան է փոխվել, որ ինչ-որ դիրքորոշում փոխվի:
-Օր օրի ԼՂՀ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում իրավիճակը լարվում է, չնայած պատերազմ հայտարարված չէ, բայց կրակոցներ ու զոհեր ենք ունենում: Ինչպե՞ս եք տեսնում ելքը:
-Կարծում եմ, որ մենք պատերազմից վախենալով չենք գնալու որեւէ զիջման, պատերազմ կլինի, կկռվենք ու նորից կհաղթենք: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի պատերազմի գինը ու գիտի, որ դեռեւս պատերազմը չի ավարտվել: Ես կարծում եմ, որ Արցախի հարցը լուծվելու է բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե ռազմադաշտում:
-Առաջիկա ամսում նախատեսված է Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ հանդիպումը, արդյո՞ք դրանից հետո որեւէ բան է փոխվելու ԼՂՀ-ի հարցում:
-Ցանկացած հանդիպում երկրի ղեկավարների հետ ես ողջունում եմ, որովհետեւ այդ բանակցային գործընթացներում հնարավոր է, որ լուծման եղանակները գտնվեն, ու պատերազմի վտանգն ավելի մեղմանա: Անկախ նրանից, թե այդ հանդիպումը ինչ արդյունքներ կունենա, դեմ առ դեմ հանդիպումները դրական են, որովհետեւ ճիշտ չէ, պատերազմը վերջին կետն է, որին մենք մշտապես էլ պատրաստ ենք եղել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ» ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ

Երեկ նախագահական նստավայրի դիմաց «Կարմիր քարտ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա իրականացրին: «Չենք հանձնվելու» մակագրությամբ պաստառով երկար կանգնելուց հետո նախաձեռնության անդամները կարմիր թռուցիկներ նետեցին նախագահական նստավայրի ուղղությամբ, ինչի պատճառով ոստիկաններն ակցիայի անդամներից երկուսին բերման ենթարկեցին:

Սակայն ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումն այդքանով չսահմանափակվեց: Մի խումբ ոստիկաններ ամեն կերպ փորձում էին արգելել ակտիվիստներին մոտենալ նախագահական նստավայրին` պահանջելով հեռանալ այդտեղից, իսկ վերջիններս համառորեն առաջ էին փորձում գնալ:
Նախաձեռնության անդամ Փայլակ Թեւանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ իրենց հիմնական պահանջն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս գա եւ պատասխան տա երկրում տիրող ծանր վիճակի` աղքատության, գնաճի եւ այլ բացասական երեւույթների համար: «Գազը, լույսը, ալյուրը, շաքարը, բենզինը… համեմատական կարգով որ վերցնում ենք այլ երկրների հետ, թվային մեծ տարբերություններ ունենք: Մենք գալիս ենք այստեղ, ասում ենք, որ դուրս գա, պատասխան տա, քանի որ այս մոնոպոլիայի գլխին ինքն է կանգնած: Մենք նրան չենք ճանաչում որպես նախագահ, չենք փնտրում նրա հետ հանդիպում որպես նախագահ. նա այս բանդայի ղեկավարն է, դրա համար ենք եկել»,-ներկայացրեց Թեւանյանը:
Նրա փոխանցմամբ` իրենք այսքանով չեն սահմանափակվելու եւ նոյեմբերի 23-ին նորից դուրս են գալու փողոց՝ իրենց պահանջը ներկայացնելու Սերժ Սարգսյանին: «Նոյեմբերի 23-ին, ժամը 17:00-ին կկայանա երթ դեպի Բաղրամյան` իշխանություններին կարմիր քարտ ցույց տալու համար: Երթը լինելու է հետեւյալ ուղղությամբ. Հանրապետության հրապարակից սկսվելու է, գնալու ենք կառավարության շենք, հետո Ազգային ժողով եւ Բաղրամյան 26»,-փոխանցեց «Կարմիր քարտ» նախաձեռնության անդամը՝ նշելով, որ երթի ժամանակ ներկայացնելու են մի շարք փաստեր: «Գալու ենք բոլոր փաստերը մեր ձեռքին, ամեն ինչը մշակված, թե ինչն ինչքան է, բայց ինչքան պետք է լիներ»: Թեւանյանը վստահեցրեց, որ նախաձեռնությունը ոչ մի քաղաքական ուժի հետ կապ չունի:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՄԱՐ ՈՒՆԵՆ
Պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը հոկտեմբերի 2-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի հետ, որի հիման վրա ձեռք է բերել երկու հատ «Հյունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենա: Գնված մեքենաները 2013 թվականի արտադրության են ու չօգտագործված, արտաքին գույնը սպիտակ է: Նշենք, որ յուրաքանչյուր մեքենայի արժեքը կազմում է 7 մլն 290 հազար դրամ: Կառավարության աշխատակազմը երկու ավտոմեքենայի համար վճարել է 14 մլն 580 հազար դրամ: Ահա այսպես` աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման համար կառավարությունը գումար չունի, իսկ սեփական աշխատակազմի՝ առանց այն էլ ուռճացված ավտոպարկը համալրելու համար փողի խնդիր չունի:

 

ԿՈՂՔԵՐԴ ՉՆԱՅԵՍ
Այն բանից հետո, երբ 2014 թվականի մարտի 17-ին Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը պաշտոնանկ արվեց, մամուլում հրապարակումներ եղան, որ նա ազատվել է, մեղմ ասած, «չափերն» անցնելու պատճառով: Պաշտոնանկությունից հետո Արա Ավետիսյանին նոր աշխատանք տվեցին՝ գիտությունների ազգային ակադեմիայում ասպիրանտուրայի բաժնի վարիչ: Ըստ լուրերի՝ նրան այս աշխատանքին նշանակելիս հատուկ զգուշացրել են՝ «կողքերը չնայել», այլ կերպ ասած` չփորձել կոռուպցիոն սխեմաներ կիրառել: Բնականաբար կրթության եւ գիտության նախկին փոխնախարարին եւ պոլիտեխնիկի նախկին ռեկտորին ազնիվ պաշտոնավարման համար չէ, որ նման զգուշացում են արել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Ավետիսյանը, անդրադառնալով «կողքերը չնայելու» մասին իրեն արված նախազգուշացմանը, ասաց, թե դա «կանացի բամբասանք է: Նման բան չկա»:

 

ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ
Վերջերս «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի նախագահ է ընտրվել Հայկակ Արշամյանը: Վերջինս հասարակական սեկտորում գործունեություն է ծավալում 2004 թվականից: Իսկ մինչ այդ նա եղել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խորհրդականը, նույնիսկ ՀՀ կառավարության աշխատակազմում է աշխատել: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, 2004-ից այլեւս հասարակական կազմակերպություններում է գործունեություն ծավալում: «Ժողովուրդ»-ը Հայկակ Արշամյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք պետական կառույցներում աշխատելու ընթացքում իր սեփական աչքերով կոռուպցիոն դրսեւորումներին ականատես լինելու հանգամանքն է եղել պատճառը, որ նա այլեւս որոշել է հասարակական գործունեություն ծավալել եւ այն էլ հակակոռուպցիոն ուղղվածության: Սակայն Հայկակ Արշամյանն ասաց, թե մեր հարցի իմաստը չի հասկանում եւ, առհասարակ, իր խորհրդի նախագահ լինելու մեջ որեւէ տարօրինակ բան չի տեսնում: Իսկապես, Արշամյանի՝ ԹԻ-ի խորհրդի նախագահ լինելու մեջ տարօրինակ ոչինչ չկա, ուղղակի նրա օրինակը փաստում է, թե ինչպես են երիտասարդները հնարավորության դեպքում պետական համակարգից փախչում:




Լրահոս