ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննության կառնի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած վերաքննիչ բողոք՝ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի, նույն ինքը՝ Շմայսի գործով։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ Ա. Սաքունցը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման դեմ, որով մերժվել էր պատգամավորի դեմ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չեղարկելու միջնորդությունը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից սպանության, բռնաբարության սպառնալիքներ տալու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդում էր ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որի քննարկման արդյունքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանը 2015 թվականի հունիսի 23-ի որոշում էր կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին։