ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԱԺ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից կայացված որոշումների մասով դիմել է ՀՀ դատական դեպարտամենտ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ անցած տարվա գործունեության զեկույցը ներկայացնելիս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը բարձրաձայն իր մտահոգությունը հայտնեց օմբուդսմենի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացված դիմումների մերժումների թվի կապակցությամբ:
Նշենք, որ ՄԻՊ-ը մոտ 70 գործով դիմել է հանձնաժողով, որպեսզի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկեն, սակայն բոլոր գործերը մերժվել են: Հովհաննես Սահակյանը առաջարկել էր օմբուդսմենին այդ գործերն ուղարկել իրեն, որպեսզի իրենք հասկանան, թե ինչ է կատարվում: ՄԻՊ-ը մոտ 10 գործ, որոնք վերաբերում են դատավորների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերին, ուղարկել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին:
Տեղեկացնենք, որ ուղարկված գործերի մեջ է նաեւ «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի դեմ կայացված ապօրինի վճիռը:
Դատավորների անպատժելիության մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, ստացե՞լ եք օմբուդսմենի կողմից ուղարկված գործերը, ի՞նչ եք պատրաստվում իրականացնել:
-Ստացել ենք, քննարկում ենք: Նշեմ, որ բացի ՄԻՊ-ից՝ դիմել ենք նաեւ ՀՀ դատական դեպարտամենտ, որպեսզի հասկանանք, թե ինչ գործեր են եղել, ինչ որոշումներ են կայացվել: Ստացել ենք նաեւ դատական դեպարտամենտի պատասխանը` ձայնասկավառակ, որտեղ 9 գործերով եթեր էր, բավականին ծավալուն էին, մեր մասնագետները ուսումնասիրում են՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր կա:
-Ուսումնասիրելուց, քննարկելուց հետո ի՞նչ լուծում կարող եք տալ, արդյո՞ք ԱԺ հանձնաժողովը լծակ ունի ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշումները բողոքարկելու:
-Ազգային ժողովի կանոնակարգով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությամբ եւ մեր օրենսդրությամբ կան որոշակի գործառույթներ, որ մենք իրավասու ենք իրականացնել: Մարդու իրավունքների պաշտպանը բարձրաձայնում է, որ 70 ավել դիմումներ է ուղարկել, եւ այդ դիմումներն ընթացք չեն ստացել, հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչն է խնդիրը, որ ընթացք չի եղել: Մենք ընդամենը կտեսնենք խնդիրը, խնդիրների մասին կբարձրաձայնենք, արդյո՞ք թերացել են կամ չեն թերացել իրավասու մարմինները:
-Նշեցիք քննարկելուց հետո կբարձրաձայնեք, բայց գրեթե ամեն օր տասնյակ քաղաքացիներ բարձրաձայնում են իրենց ոտնահարված իրավունքների, դատավորների կողմից կայացված անտրամաբանական որոշումների մասին, բայց միայն բարձրացնելով՝ լուծում չի լինի. հանձնաժողովը քայլ չի անում, իսկ դատավորները շարունակում են իրենց գործելաոճը:
-Մենք գործառույթ չունենք: Ոչ թե ասում եմ՝ բարձրաձայնենք ու գնանք առաջ, այլ եթե զգանք խնդիր կա, կդիմենք նամակներով, կպահանջենք հաշվետվություն, թե ինչ են արել, եթե այնպիսի իրավիճակ է, որ պետք է շտկվի, ապա դա կանենք:
-Ինչպես նկատում ենք՝ օմբուդսմենը ինչ խնդրի մասին բարձրաձայնում է, արհամարհանքի է արժանանում:
-Գիտեք, ցավոք սրտի, մեր հանրության մոտ խոսքը եւ պաշտոնը անձնավորված է: Մարդու իրավունքների պաշտպանը ինքն իրենով պետք է ունենա դիրք, հարգանք վայելի թե՛ ժողովրդի, թե՛ պետական մարմինների մոտ, իսկ թե ինչ ձեւով պետք է հասնի, դա հարցի երկրորդ կեսն է: Բայց ՄԻՊ-ի կողմից բարձրաձայնված հարցերն անպայման պետք է արձագանք ունենան, դա էլ է փաստ: Միեւնույն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է այնպիսի գլոբալ խնդիրներ բարձրացնի, որ անարձագանք եւ անհետեւանք չմնան: Որպես հանձնաժողովի ղեկավար մենք պետք է այդ ամենին ուշադիր լինենք: Ուստի դրա համար, երբ ՄԻՊ-ը հայտարարեց մեր ոլորտին վերաբերող խնդրի մասին, մենք որոշեցինք դրան ընթացք տալ, իմանալ խնդիրների դրդապատճառը, արդյո՞ք կարող ենք դա վերացնել:
-Օրինակ՝ երբ օմբուդսմենը «Ժողովուրդ» օրաթերթի եւ գործարար Խաչիկ Խաչատրյանի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի դեմ հաղորդում էր ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, դիմումը մերժվեց. հանձնաժողովը գրել էր, թե դատավորը թույլ չի տվել կոպիտ խախտում: Այսինքն՝ նրանք գտել էին, որ խախտում կա, բայց դա կոպիտ չէ: Արդյո՞ք կոպիտ խախտում չէ, երբ օրաթերթի հաշիվների վրա կալանք է դրվում, եւ աշխատակիցները չեն կարողանում աշխատավարձ ստանալ:
-Ես ներկա պահին չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, պետք է տեսնենք, թե ինչ գործ է, ինչ որոշում է եղել, հիմա քննարկում ենք բոլոր գործերը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԿԵՍ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՀԱՅՑ
Կես միլիոն դրամանոց դատական հայց է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի դեմ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանից գանձել 500 հազար դրամ: Պարզվում է, որ ՀՀ ոստիկանությունը, դիմելով դատարան եւ գումար պահանջելով պատգամավորից, հիմք է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը: Ըստ ամենայնի, պատգամավորը երթեւեկության կանոնները խախտել է եւ չի վճարել տուգանքը: Սակայն ճանապարհային ոստիկանության տուգանքը պատգամավորը սահմանված ժամկետում չի բողոքարկել, եւ ՃՈ-ն էլ դիմելով դատարան՝ փորձել է դատարանի միջոցով գումարը գանձել պատգամավորից:
Պարզվում է` գործը նախագահող դատավոր Հրաչ Այվազյանը, ուսումնասիրելով ՃՈ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, պարզել է, որ ՃՈ որոշման մասին Վարդան Այվազյանը չի տեղեկացվել, քանի որ «Հայփոստ» ՓԲԸ-ն հետ է վերադարձրել որոշումը տվյալ հասցեում հասցեատիրոջ չբնակվելու պատճառով: Ուստի դատարանը՝ գտնելով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում վարչական ակտի անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը, ինչը կարեւոր պայման է գումարի բռնագանձման պահանջով դատարան դիմելու համար, որոշում է կայացրել Վարդան Այվազյանից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 500.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը վերադարձնել:
Սակայն ճանապարհային ոստիկանությունը չի հանձնվել: Բանն այն է, որ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին ՃՈ-ն հերթական անգամ դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հերթական անգամ նույն պահանջով, որից հետո դատավոր Հրաչ Այվազյանը նշանակել է դատաքննություն: Ստեղծված իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ այս անգամ ՃՈ-ն այնպիսի հիմնավոր ապացույց է ներկայացրել, որ դատավորը ստիպված է եղել դատաքննություն սկսել. կամ էլ դատավորի հեռախոսին ինչ-որ յուրօրինակ զանգ է հնչել: Եւ ստացվում է, որ ինչ-որ պահից հետո Վարդան Այվազյանը ծանուցվել է ՃՈ որոշման մասին:
Իսկ ի՞նչ խախտում է թույլ տվել պատգամավորը, ինչի համար դատարանը պահանջում է կես միլիոն դրամ: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց Աժ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ: Պատգամավորը հայտարարեց, թե տեղյակ չէ՝ ինչ դատական հայցի մասին է խոսքը. «Դե, երեւի կարմիր գծերի, ինչպես բոլորի, այնպես էլ մեր դեպքում է եղել, Դուք տեղեկացված եք, բայց ես տեղյակ չեմ»: Այլ հարցերի տուգանված պատգամավորը չպատասխանեց:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ
ՀՀ-ի ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից: Հիշեցնենք, որ սա պայմանավորված է հոկտեմբերի 31-ին «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից ռուսական A321 օդանավի պայթեցման փաստով, որը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ:

 
700 ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐ
ՌԴ-ի ուսումնական կենտրոններից եւ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորամասերից ՀՀ-ի ռուսական ռազմակայան է ժամանել «Գարուն-2015» զորակոչի ավելի քան 700 զինծառայող, ինչը կազմում է զորակոչով ծառայություն անցնող փոխարինվող զինվորների եւ սերժանտների ընդհանուր թվի շուրջ 40 %-ը: ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` շրջափոխման կարգով ժամանած զինծառայողները պրոֆեսիոնալներ են, որոնք ուսում են ստացել մասնագիտացված զինվորական ստորաբաժանումներում եւ զորամասերում:

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ: Կողմերը քննարկել են հայկական ընկերությունների՝ ԵՏՄ պահանջներին համապատասխանեցման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Հայկական ընկերությունները, որոնք ՍԱՊԾ-ի կողմից գնահատվել են ԵՏՄ պահանջներին ու նորմերին համապատասխանող, կարող են արտահանել իրենց արտադրանքը ՌԴ: Կողմերը քննարկել են Հայաստանից Ռուսաստան ներմուծվող կենդանական ենթահսկման ապրանքների սերտիֆիկացման հարցը: «Ռոսսելխոզնադզոր»-ն առաջարկել է կիրառել ռուսական տեղեկատվական «Արգուս» եւ «Մերկուրի» համակարգերը, որոնք կարող են լուծել խնդիրը՝ ԵՏՄ երկրների համար դառնալով միասնական տեղեկատվական համակարգ:

 

ԱՃ Է ՏԵՍՆՈՒՄ
Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում ապահովվել է տնտեսական աճ, այդ միտումը շարունակվել է 2015-ին, ինչի արդյունքում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով` 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է շուրջ 12% տնտեսական աճ: Այս մասին 2016թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ երեկ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ հավելելով, որ տնտեսական աճը գրանցվել է բոլոր մարզերում` գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արտադրության մեջ: Մասնավորապես բուսաբուծության մեջ աճը կազմել է 15, իսկ անասնապահության ճյուղում` շուրջ 4.2 տոկոս:

 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ
Այս տարի աղիքային հիվանդությունների թիվը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ նշելով, որ հիվանդությունների հիմնական պատճառը սննդային է եղել, բայց գրանցվել են նաեւ ջրային թունավորումներ:




Լրահոս