ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈ՞Վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թեեւ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր, որ Սերժ Սարգսյանն իր դիակի վրայով կերդվի, սակայն դա չեղավ: Չնայած Ազատության հրապարակում հավաքված զանգվածը պատրաստ էր ամեն քայլի` գործող իշխանություններից վայրկյան առաջ ազատվելու համար, սակայն ընդդիմության առաջնորդի կոչով հրապարակ եկած ժողովուրդը կրկին հուսախաբ եղավ. ամենավճռորոշ պահին Ր. Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ուղեւորվեց Ծիծեռնակաբերդ, աղոթեց ու տուն գնաց: 
“Ժողովուրդ”-ը զրուցեց տարբեր քաղաքական գործիչների հետ՝ պարզելու, թե արդյոք նրանց  համար հասկանալի են Ր. Հովհաննիսյանի` նախօրեին կատարած քայլերը:
“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ
-Պարո՛ն Մակեյան, այս ընթացքում Դուք մշտապես եղել եք Ազատության հրապարակում` “Ժառանգության” առաջնորդի կողքին: Ի վերջո, գոնե Ձեզ համար ընկալելի՞ էր, թե ինչ է ցանկանում անել Ր. Հովհաննիսյանը:
-Բարդ է միանշանակ գնահատական տալ, նախ պետք է գնահատական տալ վարչախմբի պահվածքին: Մի բան հստակ է՝ Րաֆֆին ամեն ինչ անում էր օրենքի տառին համապատասխան, մեղմ տարբերակով՝ ի տարբերություն մյուս ընդդիմադիրների  պահվածքի, բայց վարչախումբն ավելի անհամարժեք ձեւով իրեն պահեց: Դա վերաբերում է թե՛ Արմեն Մարտիրոսյանի, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված միջադեպերին:
Բայց ժողովուրդն ավելի վճռական էր, քան Ր. Հովհաննիսյանը, վերջինս ժողովրդին թողեց Բաղրամյան պողոտայում ու ոստիկանապետի հետ գնաց աղոթելու:
-Ր. Հովհաննիսյանը ժողովրդի ցանկությամբ եկավ Բաղրամյան պողոտա: Մի բան հստակ է, որ ժողովրդի ցանկությունը Բաղրամյան գնալն էր, ու ինքն էլ տարավ Բաղրամյան, ընթացքում եղավ մի դրվագ, որ ինքը բանակցություններ էր վարում, թե պսակադրություն էր անում Ծիծեռնակաբերդում` այդ հատվածում ես տեղյակ չեմ, քանի որ այդ ժամանակ ես Բաղրամյան պողոտայում եմ եղել: Հետո վերադարձավ ու շարունակեց պրոցեսը: Կարծում եմ` այդ օրվա համար միգուցե շատ դետալներ անհասկանալի են, բայց մեծ հաշվով ընդդիմությունը մինուսով դուրս չեկավ: Հիմա խնդիրը կախված է հետագա քայլերից:
“Ժողովրդավարական ուղի” կուսակցության նախագահ ՄԱՆՈՒԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ
-Պարո՛ն Գասպարյան, փաստորեն, Ր. Հովհաննիսյանը եւս չկարողացավ անել այն, ինչին խոստացել էր հասնել անգամ իր դիակի վրայով: Ըստ Ձեզ` ինչո՞ւ նա վճռական քայլեր չկատարեց:
-Ըստ իմ տեսածի, լսածի՝ մի բան կարող եմ ասել. ինքը տվյալ պահին այլ քայլ չէր կարող անել, քան գնալ այդ ճանապարհով: Իրեն “կալցոյի” մեջ վերցրած` հետ բերեցին ոստիկանապետի գլխավորությամբ, իսկ այդ պահին այլ բան չէր մնում անել, քան մեկ այլ` ուրիշ ճանապարհ ընտրելը: Ինքը հայտարարեց, որ եկե՛ք իմ հետեւից, չգիտեմ՝ ժողովրդի մեջ թյուր ըմբռնում եղավ, թե անհասկանալի ինչ-որ վիճակ էր, ժողովուրդը չեկավ:
-Ժողովուրդն իշխանափոխություն էր ցանկանում, ինչը կարող էր իրականացնել միայն Բաղրամյան պողոտայում, իսկ Ր. Հովհաննիսյանը նախընտրեց ոստիկանապետի հետ զբոսանքն ու աղոթքը: Այդ քայլը Ձեզ համար հասկանալի՞ էր:
-Փորձում էր իշխանափոխությունը կազմակերպել խաղաղ ճանապարհով: Ժողովրդի կողմից եղավ, ասպես ասած, պարտադրանք, ու ինքը ստիպված եղավ գնալ Բաղրամյան:
-Բայց Ր. Հովհաննիսյանը հայտարարել էր, որ միայն իր դիակի վրայով է Ս. Սարգսյանը երդվելու…
-Ինքը գնաց, դեմ եղավ ոստիկանությանը, բայց ոստիկանությունն իրեն չսպանեց, ի՞նչ աներ, հելներ կտուրից գցե՞ր իրան: Ի՞նչ աներ, եթե իշխանությունները թքած ունեն խոսքի արժեքի վրա, անգամ ոտնատակ ընկավ, բայց չմահացավ: Էլ ի՞նչ աներ, մարդկանց ասեր՝ ինձ դանակով խփե՛ք՝ մեռնե՞մ: Ժողովրդի հետ առաջին շարքերում կանգնած էր, չգնաց, չփախավ, չընկճվեց, ուղղակի այդ պահին ճանապարհ չգտավ այդ պատնեշը քանդելու համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
-Պարո՛ն Մարգարյան, հետեւե՞լ եք ապրիլի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին: Ձեզ համար պա՞րզ էր Ր. Հովհաննիսյանի կատարած քայլերի տրամաբանությունը:
-Այո՛, իհարկե, հետեւել եմ, ու Ր. Հովհաննիսյանը չերդվեց, ինքն ասաց, որ ժողովուրդն է երդվում: Ս. Սարգսյանինը պարզ էր, հետեւել եմ ընթացքին, բայց, անկեղծ ասած, չեմ հասկացել Հովհաննիսյանին: Ես սա չեմ ուզում վիրավորական ձեւով ասել, եւ ես անգամ չգիտեմ, թե ինչ է նշանակում՝ ժողովուրդն է երդվել: Ինձ համար շատ բաներ անհասկանալի են: Ես մտածում եմ, որ Վլադիմիր Գասպարյանը փորձում էր, այսպես ասեմ, աղոթքի դաշտ բերելով, կրքերը հանդարտեցնել: Բայց միեւնույն ժամանակ պողոտայում բախումներ էին տեղի ունենում, որը շատ տհաճ էր:
Հ.Գ. Փորձեցինք զրուցել նաեւ “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ  Ժիրայր Սէֆիլյանի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, ասաց, թե զբաղված է եւ խնդրեց  մի փոքր ուշ զանգահարել իրեն: Ավելի ուշ, սակայն, նա այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Անջատված էր նաեւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հեռախոսահամարը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 518 համար




Լրահոս