Ողջ մնացած ռուս օդաչուն ներկայացրել է Սու ­24-­ի խոցման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական Սու­24 ինքնաթիռի անձնակազմի ողջ մնացած անդամ Կոնստանտին Մուրախտինը հավաստիացրել է, որ ինքնաթիռը չէր կարող խախտել Թուրքիայի օդային տարածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-­ին, Մուրախտինը շեշտել է, որ իրենք տարածքը գիտեին եւ չէին կարող նման սխալ գործել:

«Բացառվում է, որ անգամ մեկ վայրկյանով մենք խախտեինք Թուրքիայի օդային սահմանը: Հատկապես, որ մենք թռիչքը կատարել ենք 6000 մետր բարձրության վրա: Եղանակը պարզ էր: Գործողության ողջ ընթացքում, մինչ ինքնաթիռի պայթյունը, հրթիռներն ամբողջությամբ ղեկավարվել են: Ես դրանք շատ լավ տեսել եմ թե՛ քարտեզով, թե՛ տեղանքով` որտեղ ենք մենք, եւ որտեղ է սահմանը: Անգամ Թուրքիա մտնելու վերաբերյալ նախազգուշացում չի եղել»,­ պատմել է Մուրախտինը:

Նա պատմել է, որ բազմիցս իրականացրել են ռազմական թռիչքներ եւ հինգ մատի պես գիտեին իրենց առաջադրանքը` կատարել ռազմական գործողություն եւ վերադառնալ ավիակայանատեղի: Մուրախտինը պատմել է նաեւ, որ թուրքական հրթիռը անականկալ կերպով է հարվածել ինքնաթիռին, եւ անձնակազմը չի ունեցել որեւէ հնարավորություն խուսափելու հարվածից: Ըստ ռուս օդաչուի, թուրքական կողմը որեւէ նախազգուշացում չի կատարել, ընդհանրապես թուրքական կողմի հետ որեւէ կապ չի եղել:




Լրահոս