ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ավագյանը, խմբի անդամներ Թեւան Պողոսյանն ու Բազմասեր Առաքելյանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ Սերբիան բարեկամ երկիր է Հայաստանի համար, եւ հայ ու սերբ ժողովուրդները պատմամշակութային բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ տիկին Նաղդալյանը գոհունակությամբ նշել է, որ տարեցտարի ակտիվանում են այդ կապերն, ու մի շարք ոլորտներում փոխգործակցությունն առավել գործնական բնույթ է ստանում: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում անդրադարձել է միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ փաստելով, որ այս ոլորտում փոխգործակցությունն առավել զարգացնելու անհրաժեշտություն կա: Հայ-սերբական հարաբերությունների ընդլայնման հարցում նա կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային կառույցների շրջանակում փոխործակցության ակտիվացմանն առնչվող հարցերի:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ մեր երկրի քաղաքական օրակարգում առաջնահերթություն է ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրը եւ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Տիկին Նաղդալյանը, կարեւորելով տարածաշրջանում կայունության ապահովումը, խոսել է հարեւան Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից եւ սահմանային լարվածությունից:
Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Սերբիայի Նախագահի մասնակցության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրատիսլավ Գաշիչը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի աշխուժացմանն ուղղված քայլերի իրականացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ նա համոզմունք է հայտնել, որ Արցախի հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մադրիդյան սկզբունքների հիման վրա: Նախարարի համոզմամբ՝ նման հարցերը պետք է լուծվեն երկխոսությամբ եւ դիվանագիտական ճանապարհով: Պարոն Գաշիչն ընդգծել է, որ Սերբիայում բնակվում են մեծ թվով հայեր, ովքեր՝ որպես օրինավոր քաղաքացիներ, մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ եւս ջանքեր գործադրելու՝ առկա դրական դինամիկան պահպանելու եւ զարգացնելու համար: