ՀՀԿ-Ն ՇՈՈՒՆԵՐ ՉԻ ՍԻՐՈՒՄ. ՓԱՍՏԵՐՆ Է ԿԱՐԵՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հորդորել էր այս անգամ էլ ստուգումներ իրականացնել Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում: «Տարիներ շարունակ շարունակում են օդում կախված մնալ լուրերը Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից գողացված միլիարդները, այսպես ասած, Հռոմի պապի հետ հարաբերությունները լավացնելու անվան տակ քողարկելու մասին»,-հայտարարել էր Փաշինյանը` հորդորելով ճշտել այդ տեղեկությունները:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ հայտարարել էր, թե. «…Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին»:
Ն. Փաշինյանը նշել էր նաեւ, թե «ըստ օդում կախված լուրերի»՝ Հայաստանում ցանկացած հեռուստատեսային գովազդի փողի կեսը Սերժ Սարգսյանի փեսայի գրպանն է մտնում. «Օդում կախված են մնում լուրերը, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, որը հանրութան շրջանում հայտնի է Սաշիկ սարսափազդու անունով, 50 տոկոս փայ է մտնում բոլոր այն ռեստորաններում, արտադրամասերում եւ բիզնեսներում, որոնք իրեն դուր են գալիս»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանի հետ՝ պարզելու համար արդյոք ՀՀ վարչապետը կհանձնարարի ստուգումներ իրականացնել Ս. Սարգսյանի մերձավոր շրջապատում:
-Պարո՛ն Սահակյան, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հորդորել է ստուգել Սերժ Սարգսյանի մերձավորներին պատկանող բիզնեսները՝ պարզելու համար՝ արդյո՞ք իրական են այն տեղեկությունները, որ դրանք օրիանական չեն, ու հանրությունից թաքցվում են այն պետական մուծումները, որոնք պետք է կատարվեն:
-Հասկանում ենք, որ սենսացիոն հայտարարությունները քաղաքական առումով օգտակար են, բայց գործնական առումով այդքան էլ չէ, չեմ կարծում, որ դա նրա դաշտն է, որ պետք է որոշում կայացնի, թե ով որտեղ ինչ է անում, ու հանձնարարություններ կամ հորդորներ հնչեցնի: Մենք տեսանք, որ այդ հայտարարությունում շոուի էլեմենտներ կան, ու զարմանալի չէ ոչ ոքի համար, որ նման հայտարարություններ են արվում ուղղակի շոու անելու համար: Կարծում եմ, որ բոլորի համար էլ պարզ էր, թե ինչու հնչեց այդ հայտարարությունը, բոլորն էլ արդեն շատ լավ տեղյակ են, թե դա ինչի համար է արվում: Եթե կան նման տեղեկություններ, նման փաստեր, ապա կարող են դրանք տրամադրել համապատասխան մարմիններին, որոնք կուսումնասիրեն, կպարզեն այդ լուրերի իսկությունը: Եթե դրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են, ապա մենք դա ընդունում ենք որպես այդպիսին:
-Ն. Փաշինյանն արդեն ասել է, որ իր հայտարարությունը պետք է ընդունել լուրջ ու այդ ուսումնասիրությունն իրականացնել: Ինչի՞ց են վախենում ՀՀ իշխանությունները, ինչո՞ւ չեն հետեւում պատգամավորի հորդորին:
-Յուրաքանչուրն էլ կարող է նման հայտարարությամբ հանդես գալ, որեւէ մեկը նրանց չի արգելելու, բայց դրանք պետք է իրականության հետ կապ ունենան, չպետք է անել մի բան, որն ուղղակի շոու է, պետք է խոսել փաստերով, պետք է ասել, թե որտեղից են այդ տեղեկությունները, թե չէ ցանկացածս էլ կարող ենք հանդես գալ նման հայտարարությամբ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միայն շոուներ անելով հարց չի լուծվում, պետք է խոսել առարկայական, ներկայացնել այն, ինչն իրականության հետ կապ ունի:
-Բայց պատգամավորն, ի դեպ, Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության հանգույն հորդորում է «օդում կախված» այդ բոլոր տեղեկությունները ճշտել ու պարզել իրականությունը, ինչո՞ւ չի արվում:
-Ես արդեն նշեցի, որ եթե կան նման բաներ, ապա պետք է ներկայացնել, թե դրանք որտեղից են հայտնի դարձել, բոլորն էլ իրենց հերթին կարող են հայտարարություն անել, բոլորն էլ կարող են մեկը մյուսին մեղադրել: Ես այդ ամենի կողմնակիցը չեմ, ես սիրում եմ, երբ դիմացինը խոսում է փաստերով, երբ ներկայացվում է ճշմարտությունը, ու ոչ թե դա արվում է միայն նրա համար, որ լինի սկանդալային, բայց դրա տակ որեւէ այլ բան չլինի:

 

 

 

 
ՎԱՐՉԱՊԵՏԸ «ԹՌՆՈՂՆԵՐԻՆ» ՀՈՐԴՈՐԵԼ Է ԴԱՐՁԻ ԳԱԼ

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հերթական նիստի ժամանակ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է աշխատել ավելի թափանցիկ եւ շփվել լրատվամիջոցների հետ: Վարչապետը շատ կոշտ ձեւով հայտարարել է, որ գերատեսչությունների ղեկավարները այսուհետ չպետք է մուտք ու ելք անեն կառավարության ետնամուտքով՝ այդ կերպ խուսափելով լրագրողների հարցերին պատասխանելուց:

Գաղտնիք չէ, որ հայրենի կառավարության ներկայացուցիչներն արդեն սովորություն են ձեռք բերել կառավարության շենք մտնել ոչ թե գլխավոր մուտքից, այլ հետնաբակով` այդպիսով խուսափելով լրագրողներին հանդիպելուց եւ նրանց հարցերին պատասխանելուց: Ու կարծես թե դա, ի վերջո, նկատել է նաեւ ՀՀ վարչապետը ու որոշել կառավարության անդամներին «դարձի բերել»:
«Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է այն գերատեսչությունների ղեկավարների անունները, ովքեր երբեւէ կառավարության շենք մուտք չեն գործում գլխավոր մուտքից: Մինչեւ այսօր լրագրողների համար անհասկանալի է մնում, թե ինչպես է կառավարության շենք մտնում եւ դուրս գալիս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վերջինս որեւէ պարագայում չի շփվում լրագրողների հետ եւ երբեք չի պատասխանում այն հարցերին, որոնք հանրության համար օրհասական են: Մինչդեռ Ս. Օհանյանի ղեկավարած ոլորտում շատ հաճախ են նման օրեր լինում, սակայն Պնախարարը, շատ լավ գիտակցելով, որ չի կարողանալու, օրինակ, կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի բողոքի ցույց անող մահացած զինվորների ծնողների հարցերին պատասխանել, ընտրել է իր համար լավագույն տարբերակը` գալ ու գնալ աննկատ:
Նույն մարտավարությունն ունեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, վերջինս սկսել է անգամ կառավարության նիստերին չմասնակցել, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որը մշտապես լրագրողներից նեղացած ու վիրավորված է, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, որը մշտապես շտապում է ու հայտարարում, թե հանդիպման է, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Սա նախարարների այն ցուցակն է, որոնք կառավարության նիստի ավարտից հետո մշտապես «թռնում» են այնպիսի տեղերով, որոնցից տեղյակ չեն լրագրողները:
Նույն կարգավիճակում են նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները` ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը եւ այլն: Այս պարագայում շատ հետաքրքիր է՝ արդյոք նշված անձինք կատարելու են ՀՀ վարչապետի հորդորը: Եթե կատարեն, լավ է, եթե ոչ, կստացվի, որ ՀՀ վարչապետի խոսքը որեւէ արժեք չունի նրանց համար:
Հ.Գ. Չնայած վարչապետի հանձնարարականին` երեկ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո կառավարության անդամները դարձյալ գլխավոր մուտքով դուրս չեն եկել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԱԶԱՏՎԱԾ ԳԵՐՈՒՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին հանձնված պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանին դեռեւս թույլ չեն տվել հանդիպել իր հարազատների հետ: Հիշեցնենք, որ Անդրանիկը մարտի 22-ին՝ ժամը 14-ի սահմաններում, լքել էր մարտական դիրքը, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում՝ անցել էր հակառակորդի կողմը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրանիկ Գրիգորյանի քրոջ ամուսինը` Արմեն Հարությունյանը, պատմեց, որ բուժզննումից հետո զինծառայողին տեղափոխել են ոստիիկանություն, որտեղ նրան հարցաքննում են: «Մենք անընդհատ հարցնում ենք, թե երբ կբերեն տուն, մեզ ասել են, որ հարցաքննեն հասկանան, թե ինչ է կատարվել նրա հետ ութ ամիսների ընթացքում Ադրբեջանում, որից հետո էլ կբերեն: Դեռ ոչ մեկս նրան չի տեսել, սպասողական վիճակ է»,- ասաց Արմեն Հարությունյանը:

 

ԳՈՐԾԱՐԱՐԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՑԱՆԿԸ
Պարտքերի պատճառով ինքնասպանություն գործած գործարար Աբրամ Ամիրխանյանին պատկանող «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ն, ինչպես հայտնի է, դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչվել: Այս մասին «Ժողովուրդ»-ը գրել էր դեռեւս օգոստոսի 18-ին: Ընկերությունը սնանկ էր ճանաչվել ամենամեծ պարտատիրոջ՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի դիմումի հիման վրա: Վերը նշված ընկերությունը միայն բանկին պարտք է ավելի քան 9 միլիոն դոլար: Սակայն սնանկության գործընթացը սկսելուց հետո պարտատերերի ցանկը բավական մեծացել է եւ հասել է 21-ի: Նշենք, որ 21 պարտատերերին «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ն ընդհանուր պարտք է ավելի քան 4 միլիարդ 391 միլիոն դրամ եւ 9 մլն 500 հազ. դոլար: Հավելենք, որ պարտատերերի ցանկում են «Մանանա Գրեյն» ընկերությունը, որի պահանջի չափը կազմում է 25 միլիոն դրամ, ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ 2 մլն դրամ պահանջով, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ 391 հազար դոլար պահանջով եւ այսպես շարունակ: Հիշեցնենք, որ Աբրամ Ամիրխանյանն ինքնասպան էր եղել այս տարվա փետրվարի 5-ին, իր բնակարանում:

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանում կա 17 հազար 523 արտադրական վտանգավոր օբյեկտ: Այս կարգի օբյեկտների ցանկի մեջ են մտնում ինչպես պայթուցիկների եւ վտանգավոր նյութերի պահեստներն, այնպես էլ տարատեսակ մեծ չափերով կռունկները, հեղուկ վառելիքի լցակայանները, կաթսայատները, նույնիսկ վերելակները եւ այսպես շարունակ:




Լրահոս