Մտավորականների խորհուրդն օրերս հայտարարեց, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: Խորհրդի անդամներն այն համոզման են, որ այս պահին մեր երկրում ավելի կարեւոր խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ խորհրդարանական հանրապետությունը մեզ ոչ մի նոր բան չի տա: Նրա համոզմամբ` նման լուրջ հարցեր վճռելիս անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել ոչ միայն իրավաբանների, այլեւ ուրիշ մասնագետների, տարբեր խավերի ներկայացուցիչների հետ. «Ես չեմ կարող ասել, թե իշխանություններն, առհասարակ, մտավորականության կարծիքի հետ հաշվի են նստում: Մեր խորհուրդը ժամանակին առաջարկություններ ներկայացրեց, բայց ոչինչ չստացվեց, բան դուրս չեկավ (խորհուրդը ժամանակին դիմել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին, վերջինս էլ նրանց հրավիրել էր խորհրդի նիստի, հեղ.): Եւ, այնուամենայնիվ, մեր կարծիքը հաշվի առնելը մի բան է, մտավորականության պարտքն էլ` մի ուրիշ բան: Մենք պարտավոր ենք մեր կարծիքը հայտնել ժողովրդին եւ ոչ մեկի կոչ չենք անում միանալ մեզ, քանի որ մենք քաղաքական կուսակցություն չենք»,-նշեց նա:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների խորհրդի անդամ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի հետ, ով դրական գնահատեց այն, որ մարդկանց շրջանում մտածողության փոփոխության գործընթաց է սկսվել: «Մեկ-երկու հրամանագրով, որոշումով ընթացք փոխել հնարավոր չէ: Մարդկանց ժամանակ է հարկավոր, նրանք պետք է ազատ լինեն, որ մտածեն, տեսնեն՝ ինչն ինչոց է, կարողանան ճշգրիտ դիրքորոշում ցուցաբերել: Մենք` հայերս, մի սովորություն ունենք. եթե քնելուց առաջ մի բան մտածեցինք, առավոտյան ուզում ենք դա կատարված տեսնել: Սա ճիշտ մոտեցում չէ: Էլի եմ կրկնում` ժամանակ է պետք, որ Սահմանադրության բոլոր դրույթները ճշգրտվեն, «մաքրվեն», նույն հայտարարի բերվեն եւ հետո միայն փոխանցվեն եկող սերունդներին»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե այս գործընթացներում մտավորականի դերը որն է, Երվանդ Մանարյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերում անկեղծ, մաքուր մտավորականն այն մարդն է, որը կարողանում է սառը դատողությամբ փաստերն իրար կողք դնել եւ որեւէ եզրակացության գալ` առանց սեփական որոշումը մարդկանց պարտադրելու»:
Իսկ այն հարցին, թե պարոն Մանարյանն, ի վերջո,այո թե ոչ է ասելու սահմանադրական փոփոխություններին, վերջինս պատասխանեց. «Շատ եմ դժվարանում ասել, կարծում եմ` այդ այո-ն ու ոչ-ը քաղաքական բնույթ կրող արհեստական ենթատեքստեր ունեն, որ ընկել են մեջտեղ եւ չեն թողնում մարդիկ հանգիստ մտածեն` պե՞տք է իրենց փոփոխություն, թե՞ ոչ»:
Հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ, նույն խորհրդի անդամ Բաբկեն Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ մտավորականը չի կարող քաղաքական հարցերի նկատմամբ անտարբեր լինել: «Նման կարեւոր հարցերի քննարկմանը պետք է խառնվեն շարքային քաղաքացուց մինչեւ ամենաբարձր դիրք զբաղեցնող մարդիկ»,-ասաց նա:
Անդրադառնալով սահմանադրական փոփոփություններին՝ Բ. Վարդանյանը կարծիք հայտնեց, որ դա մարդկանց էական խնդիրներից շեղելու վարպետորեն մշակված միջոց է: Նա եւս այն համոզման է, որ սահմանադրական փոփոխությունների հարցը պետք է քննարկվի լայն շրջանակներում. «Նախկինում մենք ունեինք լավ ավանդույթ. նման մեծ հարցերը քննարկվում էին բոլոր կոլեկտիվների ժողովներում, բոլոր տեղերում մարդիկ հնարավորություն ունեին ծանոթանալու քննարկվող թեմային եւ կարծիք հայտնելու: Լավ կլիներ` այս ավանդույթը վերականգնվեր»,-նկատեց նա:
Բ. Վարդանյանի գնահատմամբ՝ մտավորականներն, այնուամենայնիվ, պասիվ մասնակցություն ունեն սահմանադրական փոփոխությունների քննարկմանը. «Բոլորս նեղացած ու խռոված ենք, ումից, չգիտենք: Մեր ձայնը կարող է հասնել տեղ կամ չհասնել, բայց մեր կարծիքը կարող է մարդկանց կողմնորոշել»,-եզրափակեց նա:
ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ «ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ»
Դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանը (խուճուճ Արսեն) Ալլա Թումանյանի, Լուիզա Ներսիսյանի, Կարեն Կարագուլյանի եւ այլոց հետ նկարահանվել է ամերիկյան Tangerine («Մանդարին») ֆիլմում (ռեժիսոր` Շոն Բեյքեր): Ֆիլմում, որի պրեմիերան այս տարի արդեն կայացել է ԱՄՆ-ում, Արսենը խաղացել է տաքսու վարորդի դեր: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Magnolia Pictures-ը գնել է ֆիլմը. «Կայքերում եւ ֆորումներում բավական շատ քննարկվում է, որ ֆիլմը, հնարավոր է, մի քանի անվանակարգում ներկայացվի «Օսկար»-ի: Այն արդեն հասանելի է օնլայն տարբերակով»-ասաց Արսենը:
Պարզվում է` նրա համար այժմ շատ ֆիլմառատ շրջան է. Արսենը կարծես «կտրվել է» երգարվեստից եւ ամբողջովին նվիրվել դերասանությանը. «Վերադարձել եմ ակունքներիս, իմ նախնական մասնագիտությանը»,-ասաց նա` հավելելով, որ երգարվեստում որեւէ նոր բան անելու համար դեռ ստիմուլ չունի, իսկ ինքը չի ուզում հենց այնպես աշխատել:
Արսենն այժմ նկարահանվում է նաեւ «Երկրաշարժ» ֆիլմում (ռեժիսոր` Սարիկ Անդրեասյան), որը պատմում է 1988-ի Սպիտակի մեծ աղետի մասին: «Այն հայ-ռուսական համատեղ արտադրանք է, էկրաններին կլինի 2016-ի դեկտեմբերի 1-ից: Այս ֆիլմում ես խաղացել եմ կողոպտչի, թալանչու դեր»,-մանրամասնեց դերասանը:
Արսենը նաեւ տեղեկացրեց, որ հասցրել է նկարահանվել հայ-ֆրանսիական «Բրավո, վիրտուոզ» ֆիլմում (ռեժիսոր` Լեւոն Մինասյան, պրեմիերան կլինի 2016-ին)` մարմնավորելով շեփորահարի, Կարեն Բաբաջանյանի «Արամմա» արկածային կինոկատակերգությունում` խաղալով աբորիգենի դեր (պրեմիերան` դեկտեմբերի 24-ին) եւ Գրիգոր Վահրամյանի` 24 մասից բաղկացած «Քարտ բլանշ» հայ-ամերիկյան ֆիլմում. այն եթերում կլինի հաջորդ տարի, թե որ հեռուստաընկերությամբ կհեռարձակվի, դեռեւս հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ը Արսենի հետ զրուցեց նաեւ «Դոմինո» սիթքոմում բանկի աշխատակցի խիստ ինտելեկտուալ, չոր եւ սառը կերպարի մասին. «Ես ոչ միայն շատ համերաշխ եմ իմ կերպարի հետ, այլեւ սիրում եմ նրան: Սիթքոմն աստիճանաբար ավելի է հետաքրքրում ինձ, նախ` որովհետեւ առաջին անգամ եմ այդ ձեւաչափով հանդես գալիս, եւ հետո՝ կերտածս կերպարն իմ բնույթի հետ կապ չունի: Իհարկե, այդ կերպարի տեսակը, ելնելով ժանրի առանձնահատկություններից, մի փոքր սրված եւ չափազանցված է, այնուամենայնիվ, մեր շրջապատում կարելի է հանդիպել նման մարդկանց»,-եզրափակեց դերասանը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
17 ՄԼՆ ԴՐԱՄ` «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ»-ԻՆ
Կառավարության որոշմամբ ընթացիկ տարվա բյուջեում վերաբաշխում կկատարվի եւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հեռարձակումը շարունակելու համար լիցենզիայի ձեռք բերման նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը կտրամադրվի 17 մլն դրամ։ Ինչպես հայտնում է Tert.am-ը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարության երեկվա նիստում նշել է, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենա խաղի աշխարհի առաջնությունը։
«Զուգահեռ հեռուստախաղի հեռարձակումը թույլ կտա շարունակել Հայաստանում ինտելեկտուալ շարժման պոպուլիզացիան»,-ասել է նա։
ՍԿԻԶԲԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ Է
Երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, TBS հեռուստաալիքով ցուցադրվեց Քոնան Օ՚Բրայենի հայաստանյան այցին նվիրված հաղորդումը։ Այն իսկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել հեռուստադիտողի եւ օգտատերերի շրջանում, եւ ըստ deadline.com-ի՝ հաղորդումը դիտել է 1.04 միլիոն մարդ, որոնցից 666 հազարը 18-49 տարեկան են։ Եւս 317 հազար դիտում է գրանցվել շոուից ժամեր անց ցուցադրվող կրկնության ընթացքում։ Ինչպես գրում է News.am-ը՝ համեմատության համար պետք է նշել, որ մարտին ցուցադրվեց Քոնանի՝ Կուբա կատարված այցելությունը, որն առաջին օրում դիտել էր 1.3 միլիոն մարդ։ Սակայն երբ օգտատերերից շատերը պարզեցին, որ Քոնանն առաջին հաղորդավարն էր, ով ծրագիր նկարահանեց Կուբայում, դիտումները հասան մինչեւ 3.7 միլիոնի։ Ուստի «Conan in Armenia» շոուի դիտումների թիվը դեռ կաճի, քանի որ երեկոյան շոու-ծրագրերի հաղորդավարներից նա դարձյալ առաջինն է, որը մեկնել է Հայաստան եւ թողարկում պատրաստել։
Հիշեցնենք, որ Քոնան Օ՚Բրայենի հայաստանյան այցի մասին պատմող հաղորդման ամբողջական տարբերակն արդեն հրապարակվել է։
ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԵՆ ԲՈՆԴԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
Լոնդոնի կինոյի թանգարանում օրերս բացվել է ցուցադրություն, որտեղ ներկայացվել են հայտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին 24-րդ` «007. Սպեկտր» անվանումով ֆիլմում օգտագործած ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է filmpro.ru-ն։
Ցուցադրության ընթացքում ներկայացվել են նաեւ ֆիլմում օգտագործված տրանսպորտային այլ միջոցներ, ինչպես նաեւ` ռեկվիզիտ եւ հագուստներ, որոնք դարձել են «Բոնդը շարժման մեջ» խորագրով մշտական միջոցառման մասը։
Ներկայացվել են ավելի քան 150 նմուշներ, որոնք օգտագործվել են Ջեյմս Բոնդի մասին 24 ֆիլմերում։ Դրանց թվում եղել են ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, թռչող սարքեր, նաեւ սցենարների իրական օրինակներ: