ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երվանդ Մանարյան սիմվոլը. մեծ արվեստագետը, մտավորականն ու քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան մարդիկ, որոնք տարիների ընթացքում վերածվում են սիմվոլների: Նրանք դառնում են ասոցիացիաներ, շատ խորը տեղավորվում են մեր ենթագիտակցական շերտերում եւ բնակության հաստատում այնտեղ: Ու երբ մի օր պարզվում է, որ նրանք ֆիզիկապես այլեւս մեզ հետ չեն, միեւնույնն է, այդ մարդիկ շարունակում են ապրել մեր մեջ այնքան ժամանակ, քանի դեռ մենք նրանց հիշում ենք: Այդպիսի սիմվոլ է նաեւ Երվանդ Մանարյանը:

Փետրվարի 20-ին 96 տարեկան հասակում վարպետը հեռացավ մեզնից, սակայն նրա թողած ժառանգությունը մեզ հետ է, եւ ինչպես նկատում են շատ կինոգործիչներ, եթե նույնիսկ Երվանդ Մանարյանը ոչինչ արած չլիներ եւ գրած լիներ միայն «Տժվժիկ» ֆիլմի սցենարն ու խաղացած լիներ միայն «Հարսնացու հյուսիսից» ֆիլմում, միեւնույնն է, էլի կհամարվեր մեր կինոյի, մշակույթի դասականներից մեկը: Երվանդ Մանարյանը, սակայն, մեծ էր ոչ միայն իբրեւ դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ, այլեւ իբրեւ իսկական մտավորական: Մեր երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում նա ակտիվ մասնակցություն ուներ եւ չէր զլանում հայտնել իր տեսակետը այս կամ այն հարցի շուրջ:

Մանկությունը

Ծնվել է Իրանի Էրաք քաղաքում: Եղել է ռեժիսոր Արման Մանարյանի եղբայրը: Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա` Թեհրանի ամերիկյան եւ պարսկական քոլեջներում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Նա թատերական գործիչների ընտանիքի զավակ էր.ծնողները դերասաններ էին, գործունեություն էին ծավալում սփյուռքում, որտեղ այն ժամանակ ոչ ոք նրանց տեր չէր կանգնում: Ծնվելով թատրոնի մարդկանց ընտանիքում՝ Երվանդ Մանարյանը դաստիարակվել էր «արվեստոտ» միջավայրում:

Ուսանողական տարիները

1952թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Երվանդ Մանարյանը հայրենադարձ էր, 11 ընկերներով 1946 թվականին մտել էին Երեւան. դա առաջին խումբն էր, որ մեծ պատերազմից հետո Հայաստան էր եկել: Երիտասարդ տղան ընկերների հետ պայմանավորվել էր՝ առաջինն ինքը պետք է ոտք դներ մայր հողին: Եվ երբ գնացքը կանգ էր առել, հենց այդպես էլ եղել էր:

Երվանդ Մանարյան արվեստագետը

Նրա կենսագրությունն այնքան հագեցած է, որ դժվար է առանձնացնել վարպետի գործունեության արենաները: Երվանդ Մանարյանը եղել է դերասան, աշխատել է թատրոններում, ղեկավարել է թատրոն, եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար, բեմադրել է մի շարք պիեսներ, նկարահանել է վավերագրական եւ գեղարվեստական մի շարք ֆիլմեր, հեղինակել է բազմաթիվ ֆիլմերի սցենարներ, նկարահանվել է շատ ֆիլմերում: Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն:

Նա արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման: Բայց Երվանդ Մանարյան արվեստագետի մեծությունը ոչ միայն նրա տաղանդի, այլեւ տեսակ լինելու մեջ է: Զարմանալի է, բայց արվեստագետը խոստովանել է, որ կինոյի հետ բարեկամություն անելու մտադրություն անգամ չի ունեցել. դրան մղել է եղբայրը՝ կինոռեժիսոր Արման Մանարյանը:

Երվան Մանարյանին մեծագույն ճանաչում բերեց «Հարսնացու հյուսիսից» ֆիլմը: Մի առիթով պարոն Մանարյանը պատմել է, որ ֆիլմի պրեմիերայի հաջորդ օրն իսկ արդեն ճանաչում էր վայելում: «Այդ օրը Կոմիտասի պողոտայով իջնում էի, մեկ էլ մի երեխա մոտեցավ, ասաց՝ Դուք էն ռուս կնիկ խոսեցնողը չե՞ք»,-ծիծաղելով ասում էր վարպետը: Երվանդ Մանարյանին, անշուշտ, կարելի է համարել արվեստի նվիրյալ մարդ: ««Հարսնացու հյուսիսից» կինոնկարի համար գրպանիցս ծախսեցի ճիշտ այնքան, որքան ստացա խաղացածս դերի համար. դա արվեստին նվիրվածության նշան էր, հիմա զարմանում եմ, թե ինչպես կարող էինք այն ժամանակ նման բան անել»,-ասել էր վարպետը:
Միայն նվիրյալը կարող էր Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը թողնել ու գնալ Գորիս՝ տեղի դրամատիկական թատրոնում աշխատելով ոչ միայն ռեժիսոր, այլեւ դերասան: Պարոն Մանարյանը, թողնելով մայրաքաղաքի բուռն կյանքը, Գորիսի իր թատերախմբի հետ հանդես էր գալիս գյուղերում:

Երվանդ Մանարյան մտավորականն ու քաղաքացին

Երկրի համար վճռորոշ պահերին շատ արվեստագետներ նախընտրում են չեզոքություն պահպանել, դուրս չգալ իրենց տաքուկ անկյուններից, չվտանգել իշխանության հետ հարաբերությունները: Երվանդ Մանարյանը, սակայն, քաղաքական եւ հասարակական ակտիվ դիրքորոշում ուներ եւ չէր զլանում իր սուր քննադատությունն ուղղել նախորդ իշխանությունների հասցեին: Նա 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ակտիվ մասնակիցներից էր, կանգնած էր ժողովրդի կողքին մինչեւ վերջ: Չհանդուրժելով նախկին ռեժիմի գործելաոճը՝ պարոն Մանարյանը բազմաթիվ անգամներ խոսել է իշխանափոխության անհրաժեշտության մասին: Չկար բողոքի ցույց, միտինգ, որին Երվանդ Մանարյանը չմասնակցեր: Նա խոսում էր ամբիոններից, հանդես էր գալիս կոչերով, առաջնորդում էր ժողովրդին:

Երվանդ Մանարյան մարդը

Վարպետը պատկանում էր այն տաղանադավոր մարդկանց թվին, որոնք օժտված են լինում իրենց առանձնակի հմայք հաղորդող համեստությամբ: Նա ե՛ւ արիստոկրատ էր, ե՛ւ օժտված էր սուր հումորով: Փոքրերի հետ փոքր էր, մեծերի հետ՝ մեծ: Ինչպես Երվանդ Մանարյան արվեստագետի, այնպես էլ մարդու բացակայությունը մեծ կորուստ է հայ ազգի համար:

Արտահայտած ուշագրավ մտքերը

«Խղճի մտոք պիտի վարվես քո հանդիսատեսի հետ: Վերջում դու ես, քեզանից առաջ՝ մյուսները… Այդպես ավելի հեշտ է ապրելը»:

«Մեր բարոյականությունը կանգնած է անդունդի եզրին: Եթե մենք կարողացանք այն ետ պահել, ուրեմն կկարողանանք շարունակել ապրել…»:

«Անտարբերությունից ավելի դաժան բան հասարակության համար գոյություն չունի»:

«Եթե իշխանություն չկա, չկա պետություն. եթե ընդդիմություն չկա, պետությունը վայրենանում է»:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը խորին ցավակցություն է հայտնում Երվանդ Մանարյանի ընտանիքին, ընկերներին եւ հարազատներին:

Հանգչի՛ր խաղաղությամբ, մաեստրո:

Անի Անտոնյան




Լրահոս