Արդեն հայտնի է, որ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը նոյեմբերի 23-ին քննարկելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը մեկնելու են Փարիզ՝ մասնակցելու հանձնաժողովի նիստին: Վ. Բաբայանը հիմնական ներկայացուցիչն է հանձնաժողովում:
Հիշեցնենք, որ մոտ 15 օր առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունվել էր «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռոբերտ Ուոլթերի զեկույցի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից, իսկ զեկույցի 17-րդ կետում խոսվում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժելու մասին:
«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի հեղինակը ԵԽԽՎ-ում Բոսնիա Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Հիշեցնենք՝ անցյալ տարվա ապրիլին ԵԽԽՎ Բյուրոն հայտարարել էր, որ «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը»: Իսկ մինչ այդ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության պատգամավորները հանդես էին եկել նախաձեռնությամբ, որտեղ նշել էին, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից, երկար տարիներ, հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս դադարեցվում է: Ադրբեջանական նախաձեռնության տակ ստորագրել էին ԵԽԽՎ 27 պատգամավորներ:
Նշենք նաեւ, որ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ԵԽԽՎ Բյուրոյի որոշումից հետո հայտարարել էր, թե Արցախի իշխանությունը պատրաստ է Ադրբեջանի հետ ջրային ռեսուրսների համատեղ կառավարման հարցում երկխոսություն սկսել: Վերջինիս հայտարարությունը, սակայն, անարձագանք էր մնացել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի եւ Վահան Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե նրանք ինչպես են պատրաստվում հանձնաժողովի նիստին ու արդյոք ունեն քայլեր` կանխելու համար զեկույցի ընդունումը:
ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-Մենք, իհարկե, ունենք մեր փաստերը, մենք հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելու ենք դրանք: Իհարկե, ես դժվարանում եմ այս պահի դրությամբ որեւէ կանխատեսումներ անել ու, անկեղծ ասած, դիվանագիտական տեսանկյունից այդքան էլ ճիշտ չեմ համարում մինչեւ նիստը ինչ-որ փակագծեր բացել կամ ինչ-որ կանխատեսումների հիման վրա եզրակացություններ ներկայացնել: Դիվանագիտության առումով դա ճիշտ չէ, ճիշտ չէ, երբ դու խոսում ես մի բանի մասին, որի ճակատագիրը անհայտ է բոլորի համար: Ես կարող եմ միայն խոստանալ, որ ձեր բոլոր հարցերին կարող եմ պատասխանել հանձնաժողովի նիստի ավարտից հետո, երբ ես իսկապես կարող եմ ասել, թե ինչն է ճիշտ, ու որն է իրատեսականը:
-Սա հակահայկական երկրորդ զեկույցն է, որը պետք է քննարկվի 2016 թվականի ԵԽԽՎ նստաշրջանում: Դուք երկու հանձնաժողովներում էլ ընդգրկված էիք, բայց կարծես թե որեւէ հաջողություն չենք ունենում, ի՞նչ հույսեր ունենք, որն է այս դեպքում լինելու Ձեր «զենքը» ադրբեջանցիների դեմ:
-Ես կրկնում եմ, որ այդ հարցերին կարող եմ պատասխանել միայն հանձնաժողովի նիստից հետո, իսկ այս պահին որեւէ բան չունեմ ասելու, միանշանակ ադրբեջանական լոբբինգը աշխատելու է, բայց, այնուամենայնիվ, եկեք՝ հոռետես չլինենք, սպասենք նիստին ու հասկանանք, թե նիստն ինչ ընթացք է ունենալու: Մենք այժմ չենք կարող որեւէ եզրակացություն անել, դա արվելու է այն ժամանակ, երբ կտեսնենք, թե ինչ միջոցներով են նրանք գործելու, որն է լինելու նրանց աշխատելու ձեւը: Այժմ խոսել մի բան մասին, որը դեռեւս տեղի չի ունեցել, ճիշտ չէ, սպասեք, անպայման կտեղեկացնենք այն ամենի մասին, ինչ տեղի կունենա հանձնաժողովի նիստում:
ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ
-Պարո՛ն Բաբայան, ԵԽԽՎ-ում կրկին հակահայկական զեկույց է քննարկվելու, այս անգամ Սարսանգի ջրամբարի հետ կապված: Հայկական պատվիրակությունն ի՞նչ հակաքայլեր է պատրաստվում ձեռնարկել:
-Ես չեմ կարող ասել, թե ինչ ճակատագիր կունենա այս նախագիծը: Երկուշաբթի օրը կմեկնենք այնտեղ, եւ ամեն ինչ պարզ կլինի: Չեմ ցանկանում շատ փակագծերը բացել, բայց ամեն ինչ անելու ենք, որ այս նախագիծը չանցնի: Իհարկե, ադրբեջանական լոբբինգը կրկին գործելու է, սակայն հայկական կողմը պատրաստված է եւ կարող է արժանի պատասխան տալ, ամեն ինչ պարզ կլինի երկուշաբթի:
ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԴԵՂԵՐԸ
Երեկ խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով ԵԽԽՎ հայկական պատվիրակության գործունեության արդյունավետությանը եւ իր՝ այդ պատվիրակությունից դուրս գալուն, հայտարարել է. «Եթե ԵԽԽՎ-ի նստաշրջաններին հետեւել եք, երեւի տեսել եք, թե նախանցած նիստում ինչ հաջողություններ ունեցանք: Իմ մասնակցությունը եղել է այնքան ակտիվ, որ Գալուստ Սահակյանը եւ Հերմինե Նաղդալյանը հարկ են գտել հրապարակավ շնորհակալություն հայտնել եւ դրա մասին խոսել»:
Այնուհետեւ ընդդիմադիր պատգամավորը շարունակել է. «Անգամ մեր ներքին քաղաքական հակառակորդները գնահատել են իմ աշխատանքն այդ ուղղությամբ: Ես ասել եմ, որ հնարավոր էր փոխել զեկուցողին՝ Ուոլթերին Մինիոնով եւ փոխել վերնագիրը, որը նոր զեկուցողը կարող էր անել: Կար դրա հնարավորությունը, եթե մենք շուտ սկսեինք դրան հասնել, կլիներ: Բայց պատվիրակությունը իշխանությունների թելադրանքով կենտրոնացավ զեկույցի մերժման պլանի վրա, որն ի սկզբանե ասել էի՝ իրատեսական չի: Չարեցին դա, հետո սկսեցին բոյկոտել ԵԽԽՎ-ում, հրաժարվել համագործակցությունից, որի համար պատժամիջոցներ սկսեցին կիրառվել, ինչի մասին ես նույնպես ասում էի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ խոսելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վերջին ելույթի մասին՝ նշել է. «Ես որոշ մարդկանց խորհուրդ եմ տալիս ոչ թե զբաղվել քաղաքականությամբ, այլ ժամանակին խմել իրենց դեղերը»: Վ. Բաղդասարյանի վրդովմունքը կապված է այն բանի հետ, որ օրերս Զ. Փոստանջյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Դառնանք դեւ եւ կուլ տանք այս իշխանությանը»:
Լրագրողները փորձել են Բաղդասարյանից պարզել նաեւ, թե, ի վերջո, ՀՀԿ-ն է միացել ՀՅԴ-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության համար, թե հակառակը: «Որեւէ մեկը մյուսին չի միացել, մենք միացել ենք ժողովրդի կարծիքին»,- արձագանքել է ՀՀԿ խմբակության ղեկավարը: Իսկ Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե դեկտեմբերի 6-ին իշխանությունները շատ ծանր վիճակում են հայտնվելու, եթե կեղծիքներ անեն, Բաղդասարյանն արձագանքել է. «Էս 15 տարի է՝ օրեր ենք լսում՝ դեկտեմբերի 6, նոյեմբերի 1, աշուն, գարուն: Լեւոն Զուրաբյանի մեջ մանկություն է արթնացել, դա իր մանկական երազանքն է: Մի քիչ երկար է իր մոտ մանկությունը տեւում»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ նշել է, որ բոլոր նախադրյալներն առկա են, որպեսզի դեկտեմբերի 1-ից սկսեն անհնազանդության գործողությունների շարքը: «Անհնազանդության գործողությունները տարբեր են, մոտեցումները իրականացման տարբեր են, գործում է ոչ-ի երկու շտաբ, եւ մեր խնդիրն է ոչ միայն տապալել այս կեղծ բարեփոխումներ կոչվածը, այլեւ գնալ նրան, որ ՀՀ-ում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ»:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԲՐԻԼԻԱՆՏԻ ԱՐՇԱԿԻ ՀԱՅՑԸ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանին՝ Բրիլիանտի Արշակին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ի դեմ ներկայացված հայցի քննությունը նոր ընթացք է ստանում: 2014թ սեպտեմբերի 18-ին Հովհաննես Գրիգորյանը, Անահիտ Հարությունյանը, Աշոտ Գրիգորյանը ու Գոռ Գրիգորյանը դիմել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել էին նշված ՓԲԸ-ին պարտավորեցնել տույժ վճարել՝ պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պատշաճ չկատարելու համար: Այս ընկերությունը, ինչպես հայտնի է, շենքեր է կառուցում եւ վաճառում: «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ի տնօրենը դատարանում հայտարարել է, որ իրենք պատշաճ հատուցել են բնակարանների դիմաց: Իսկ դրանից մոտ մեկ ամիս անց «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ն է հակընդդեմ հայցով դիմել դատարան` պահանջելով Էական խախտման հիմքով լուծարել պայմանագիրը եւ գործարքը ճանաչել առոչինչ:
ՉՍՆԱՆԿԱՑԱՎ
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Փի Փի Էֆ Բանկա Էյ.Էս» բաժնետիրական ընկերությունը այս տարվա օգոստոսի 28-ին դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու պահանջով: «Փի Փի Էֆ Բանկա Էյ.Էս»-ը չեխական ընկերություն է, որին 18 մլն 520 հազար 806 դոլար է պարտք նաեւ նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը: Սակայն «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից այս տարվա սեպտեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հայցադիմում, որով պահանջել է անվավեր ճանաչել 2011 թ-ի օգոստոսի 8-ին կնքված երաշխավորության պայմանագիրը, որով «Հրազդան ցեմենտը» դարձել էր «Արմավիայի» երաշխավորը, քանի որ երկու ընկերություններն էլ այն ժամանակ պատկանում էին Միխայիլ Բաղդասարովին: Արդյունքում դատարանը նախօրեին մերժել է չեխական ընկերության պահանջը «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու վերաբերյալ:
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն աճուրդի է հանել սուպերմարկետ: Նշենք, որ աճուրդի հանված «Գրին» մարկետն ավելի քան տասը տարի գործել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում: Իսկ սուպերմարկետը վաճառքի է հանվել, քանի որ այն գրավադրված է եղել: Եւ վարկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով այն այսօր գտնվում է ԴԱՀԿ-ի ձեռքերում: Սուպերմարկետի մեկնարկային գինը սահմանվել է 216 մլն 172 հազար դրամ: Աճուրդի ավարտին մնացել է մեկ օր: Երեկվա դրությամբ գնային առաջարկ դեռեւս չէր ներկայացվել: Այսինքն՝ Հայաստանում ոչ միայն փոքր խանութներն են սնանկանում եւ փակվում, այլ նաեւ տարիներ շարունակ գործող սուպերմարկետները: