ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՐՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը զբաղվում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ ներկայացված դիմում-բողոքի հարցով, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Օրեր առաջ Վանաձոր քաղաքի բնակիչ Վիկտոր Դարբինյանը, որը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականն է, հայտարարել էր, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ նրա մտերիմ շրջապատը սպառնում են իրեն: Իսկ ինչից է սկսվել Դարբինյանների կռիվը: Ըստ Վիկտոր Դարբինյանի՝ ինքը մի շարք բիզնեսներ ունի, ինչը քաղաքապետը ցանկանում է «խլել»: Պարզվել էր, որ Վիկտոր Դարբինյանին է պատկանում Վանաձորի թիվ 1 երթուղին, որի վրա «աչք ունի» քաղաքապետը:
«Գարնան ամիսներից սկսած ինձ կանչել են իենց մոտ եւ ասել են, որ երթուղին հանձնեմ իրենց, սպառնացին, որ եթե չտամ, իրենք մեկ է՝ իրենց ձեւով կվերցնեն: Այդ ամենը ասողը եղել է Վանաձորի քաղաքապետի եղբայրը: Ես էլ պատասխանել եմ իրենց, թե համապատասխան ձեւով կպաշտպանվեմ: Ամիսներ շարունակ շանտաժներով են ինձ հետ խոսում: Քաղաքապետը իր մարդանց է ուղարկում, որ տեղեկություններ հասցնեն ինձ: Ես մի անգամ ասեցի, չեմ տա երթուղին, եթե ուզում եք տամ, ապա հատուցեք իմ ծախսերը: Ինձ մի այնպիսի գումար էին առաջարկում, որ դա ինձ ձեռնտու չէր, ու հրաժարվեցի, նրանք էլ ասում էին, թե ընենց կանենք երթուղիների մրցույթը չես անցնի, մրցույթը չկայացած կհամարանենք, մեր ձեռն է, մեկ է քոնը չի անցնի, նայի տես: Եթե կամավոր չհանձնես մեզ, ուրիշ ձեւով կստանանք ե՛ւ երթուղին իր մեքենաներով, ե՛ւ տաքսի ծառայությունը մեքենաներով, ե՛ւ շինությունը»,-այս ամենը եւ այլ մանրամասներ ՀՀ գլխավոր դատախազության իր դիմում-բողոքում հայտնել է Վիկտոր Դարբինյանը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ստանալով Վիկտոր Դարբինյանի դիմումը, որոշում է կայացրել այն ուղարկել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգելու տեղեկությունների իսկությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասաց, որ տեղյակ չէ դատախազության դիմումի եւ, առհասարակ, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստուգումների մասին. «Վախենալու բան չունեմ, քանի որ ես նման բան չեմ արել»: Մեր ճշտող հարցին, թե միգուցե Դուք անձամբ չեք սպառնացել, այլ Ձեր հարազատների միջոցով եք գնացել այդ քայլին, Դարբինյանը պատասխանեց. «Նման բան չկա ու չի կարող լինել»:
Ինչ կպարզի ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, ցույց կտա ժամանակը, սակայն նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Վանաձորի քաղաքապետը հայտնվում է աղմկալի պատմության կիզակետում:
Բանն այն է, որ քաղաքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնավարման 14 տարիներին Վանաձորում իրականացված ողջ շինարարությունը, այդ թվում նաեւ՝ 200 կմ երկարությամբ համայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքները հիմնականում կատարվել են «Արգիշտի-1» ՍՊԸ-ի եւ «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից: Վերջիններս պատկանում են Վանաձորի քաղաքապետին եւ նրա եղբորը` Սեյրան Դարբինյանին: Ավելին՝ Սամվել Դարբինյանը հաստատել էր, որ ինքը այս ընկերություններում «փայատեր է»: Ու մինչ բյուջեից ահռելի թվով գումարներ են հատկացվում քաղաքապետի շինարարական ընկերությունների ռեյտինգը բարձրանցնելու հանար, Վանաձորի ներհամայնքային ճանապարհները դրանից միայն տուժում են:
Սա դեռ վերջը չէ: Դեռեւս 2014թվականին արգելանք էր դրվել Վանաձոր համայնքի բյուջեի վրա: Պատճառն այն է, որ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, չէր կատարել իր առջեւ դրված պարտավորությունը, որով դեռեւս 2011թ. պայմանագիր է կնքել Վանաձորի բնակիչներից մեկի հետ, ում պետք է բնակարան հատկացվեր քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում:
Սակայն բնակարանը պայմանագրով սահմանված ժամկետում չէր կառուցվել, եւ բնակիչը, դիմելով դատարան, բնակարանի գումարն ստանալու իրավունք էր ստացել: Դատարանի վճռով քաղաքապետարանը պարտավորվել է բնակչին վճարել շուրջ 38 հազար ԱՄՆ դոլար գումար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ
Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, Արարատի մարզի Գետափնյա համայնքի գազալցակայանում կրակոցներ են հնչել: ArmLur.am-ի հետ զրույցում գազալցակայանի աշխատակիցներից Արթուրը պատմել է, որ գազալցակայանի նկատմամբ հարձակման նպատակը եղել է գողությունը:
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել բնակարանների եւ ընկերությունների դեմ կազմակերպված ավազակային հարձակումներին: Անցած գիշեր այս անգամ թիրախում եղել է Գետափնյա համայնքի գազալցակայանը: Պարզելու համար, թե ինչ է կատարվել իրականում, armlur.am-ը եղել է դեպքի վայր: Ըստ գազալցակայանի աշխատակից Արթուրի՝ դեպքի ժամանակ գազալցակայանում եղել են երեք աշխատակից. «Առավոտյան եկա, հերթափոխը ընդունեցի ու նոր իմացա, որ նման բան է եղել: Աշխատակիցներից մեկի ասելով՝ հարձակվողը եղել է մեկ հոգի, սակայն կան մարդիկ, որոնք էլ ասում են, թե երեք հոգի են եղել ու դիմակավորված: Ներկա պահին գազալցակայանի տնօրենը, ինչպես նաեւ գիշերային հերթափոխի աշխատակիցները գտնվում են ոստիկանության Մասիս բաժնում»:
Աշխատակիցների խոսքերով՝ «հարձակումից» որեւէ մեկը չի տուժել, ընդամենը վնասվել է գազալցակայանի գույքը, քանի որ հարձակում գործողը կրակել է տարբեր ուղղությամբ: Հանցագործին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել նպատակին եւ գազալցակայանից հափշտակել է 200 հազար դրամ:
Ի դեպ, ըստ գազալցակայանի նախկին աշխատակցուհիներից մեկի տեղեկությունների՝ գազալցակայանը պատկանում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Սուրեն Հարությունյանին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը պարզել Սահմանադրական դատարանի մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանից, սակայն վերջինս ասաց, որ ՍԴ նախագահը Սուրեն անունով որդի չունի:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով` խոշոր չափերով գողությունը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Կատարվում է նախաքննություն:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԿԱԽՎԵԼ Է
Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողին գտել են կախված վիճակում: Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ին, «Մարալիկ» Ա/Կ շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գուսանագյուղի բնակիչ 31-ամյա Վ.Հովհաննիսյանն ինքնասպանություն է գործել՝ իրենց տանը կից ավտոտնակի առաստաղից էլեկտրական մալուխով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

ՏԱՆՏԵՐ ԴԱՐՁԱՆ
Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Սիսակյան 3 եւ Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերի թվով 8 ընտանիքների հանձնել է նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: Սիսակյան 3 հասցեի չորրորդ կարգի վթարային հանրակացարանային շենքում դեռ բնակվող 3 ընտանիք կվերաբնակեցվի Սիսակյան 16 շենքում, իսկ Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեի չորրորդ կարգի վթարային շենքի 5 ընտանիք կվերաբնակեցվի Շինարարների 15 հասցեում գտնվող նորակառույցում:

 

ԲԱ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Հայաստանում այսօր կան գազալցակայաններ, որոնք փորձաքննություն չեն անցել, երեկ ԱԺ-ում նման խոստովանություն է արել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը: Միաժամանակ նա վստահեցրել է, թե մինչեւ դեկտեմբերի վերջ առանց փորձաքննության անցնելու գազալցակայան չի մնա: «Վստահ եմ 100%-ով, որ մինչեւ դեկտեմբերի վերջ բոլոր գազալցակայանները փորձաքննություն անցնելու են, ուղղակի նրանց մեկ տարի ժամանակ էր տված»,-ասել է նա:

 

ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓԵՐ
2015 թվականի նոյեմբերի 23-ից գործարկվելու են Երեւան քաղաքի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Նոյեմբերի 23-ից Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի փողոցում կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է, Արագածոտնի Օհանավան համայնքի վարչական տարածքում կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի վարչական տարածքում նոյեմբերի 23-ից կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի վարչական տարածքում կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունն աշխատանքային օրերին ժամը 08.00-ից մինչեւ 18.00-ը 40 կմ/ժ է, իսկ մնացած օրերին եւ ժամերին՝ 60 կմ/ժ:

 

ԱՆՎԱՎԵՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ 2015 թվականի նոյեմբերի 18-ի հրամանով անվավեր է ճանաչվել Կանադայի «ԻԴ Բիոմեդիքալ Քորպորեյշն Քվեբեկ (ԳլաքսոՍմիթԿլայն Գրուպ)» դեղագործական ընկերության արտադրության «ՖլուԼավալ, հեմագլյուտինի Ա շտամ (H1N1), հեմագլյուտինի Ա շտամ (H3N2), հեմագլյուտինի Բ շտամ, դեղակախույթ ներարկման, 15մկգ/0,5մլ+ 15մկգ/0,5մլ+ 15մկգ/0,5մլ, 0,5մլ սրվակներ (10)» դեղի գրանցումը ՀՀ-ում: Նշենք, որ դեղի գրանցումն անվավեր է ճանաչվել` մարքեթինգային նկատառումներից ելնելով:




Լրահոս