«Երեկ Նորք-Մարաշում տեղի ունեցած դեպքերի մասին, բացի մամուլում գրված տեղեկություններից, ավել բան ասել չեմ կարող: Հիմա աշխատանքներ են ընթանում, որոնք ծավալուն են, և դեռ մի փոքր պետք է զինվենք համբերությամբ»: Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, անդրադառնալով երեկ զինված խմբի վնասազերծմանը, այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա հավելեց, որ այդ հարցը նիստում որպես այդպիսին չի քննարկվել: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ շատերը երեկ տեղի ունեցածը համարեցին շոու և ռուսական կողմին հաճոյանալու փորձեր, Նաղդալյանը ընդգծեց. «Հայաստանը որևէ անհրաժեշտություն չունի հաճոյանալու ո’չ ռուսական կողմին, ո’չ էլ որևէ այլ կողմի: Հայաստանն իր խնդիրները լուծում է ինքը: Նման բեմադրություն անելու անհրաժեշտություն չկար: Պատկան մարմինները բարձր մակարդակով, որակյալ աշխատանքներ են կատարել, որի արդյունքում կարողացանք առանց զոհերի, առանց բացասական հետևանքների` այդ աշխատանքը կատարել»:
Նաղդալյանն ընդգծեց, որ բոլորի աշխատանքը միտված է նրան, որ քաղաքացիների մոտ վախի և անհանգստության մթնոլորտ չլինի: ԱԺ փոխնախագահը նշեց, որ որևէ մեկի կողմից այսօր շարժառիթների մասին խոսելը ճիշտ չի լինի: «Կոչ կանեի, որ ժամանակից շուտ կարծիքներ չհայտնեինք, և սպասենք, որ հրապարակվի համապատասխան տեղեկություն», – եզրափակեց նա: