Մենք դեռ դոփում ենք 20-րդ դարի 80-ականներում. Յուրի Իգիթխանյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք դեռ դոփում ենք 20-րդ դարի 80-ականներում»
Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի նախկին դերասան Յուրի Իգիթխանյանը, որը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին, այժմ հետաքրքրված է պրոդյուսինգով:

Գեղարվեստական ֆիլմերից եւ սերիալներից հայտնի դերասանը «Ժողովուրդ»-ին պատմել է առաջիկայի ծրագրերի մասին, նշել, որ ցանկություն ունի զբաղվել այնպիսի ներկայացման պրոդյուսինգով, որը կարող է լինել որակյալ եւ որի համար հնարավոր է իրացնել թանկ տոմսեր:

2

-Յուրի՛, Ստանիսլավսկու թատրոնից հեռանալուց հետո, որքանով տեղյակ ենք, զբաղվում եք անձնական փրոդաքշընի կազմակերպմամբ: Հիմա ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում:

-Մենք մեր փրոդաքշընի գործունեությունն այժմ կասեցրել ենք: Պլանավորել էինք նկարահանել գովազդներ, ֆիլմեր, սակայն ֆինանսական սուղ պայմանների պատճառով դրա իրականացումը դժվարացավ: Օրինակ՝ ֆիլմ էկրան բարձրացնելու համար անհրաժեշտ են հովանավորներ, որոնց գտնելը բավական բարդ է:

Այնուամենայնիվ, մենք ունենք հետաքրքիր նախագծեր, օրինակ՝ մի հեռուստածրագիր մշակման փուլում է. մտադիր ենք առաջիկայում աշխատել դրա վրա եւ եթեր հեռարձակել: Դա հայկական շուկայի համար աննախադեպ ծրագիր է, որի վերաբերյալ մանրամասներ դեռ չեմ հաղորդի: Պրոդյուսեր-համակարգողը կլինեմ ես:

Հիմա, կարծես, ստեղծագործական առումով Ձեզ համար ավելի պասիվ շրջան է, այո՞. նվիրվել եք պրոդյուսերությա՞նը:

-Ես թատրոնից հեռացել եմ, բայց մասնագիտությունիցս ոչ: Ուղղակի ես «անհանգիստ» դերասան եմ, միայն մեկ ուղղությամբ աշխատելով չեմ բավարարվում: Եթե գիտեմ, որ ունեմ պրոդյուսերական ձիրք, ինչո՞ւ դա չօգտագործեմ: Ես հասցրել եմ նկարահանվել մի քանի գեղարվեստական ֆիլմերում, սերիալներում հանդես գալու ուղղությամբ էլ բանակցություններ ենք տանում: Տարիների ընթացքում այդ առումով ավելի բծախնդիր եմ դարձել: Շուտով էկրաններին կհայտնվի Արսեն Աղաջանյանի «Honey Money» ֆիլմը, որտեղ նկարահանվել եմ նաեւ ես՝ մարմնավորելով ռուս տաքսիստի:

4

-Դարի թելադրանքը՝ մշտապես շտապելու միտումը, թակեց նաեւ թատրոնի դուռը: Դերասանները հաճախ գերադասում են հրամցնել «հեշտ ուտվող սնունդ»: Ըստ Ձեզ՝ հնարավոր չէ՞ փորձել մատուցել այնպիսի բան, որը ե՛ւ «համեղ» կլինի, ե՛ւ «օգտակար»:

-Ցավոք սրտի, մեր մասնագիտությունը շատ էժանացրել են: Հնարավոր է հանդիսատեսին տալ ե՛ւ համեղը, ե՛ւ օգտակարը, սակայն վերջինս էլ իր հերթին պետք է մարսելու համար ջանք գործադրի:

Ինչ վերաբերում է դերասանների զբաղվածությանը եւ հագեցած գրաֆիկին, ապա այո, դա կա, սակայն եկեք նայենք ռուսական թատրոնի դերասաններին, որոնք մեզնից շատ ավելի զբաղված են, բայց ո՜նց են աշխատում: Ուշադրություն դարձրեք նրանց խոսքին, բեմական շարժումներին, պլաստիկային: Նրանք չափազանց շատ են իրենց վրա աշխատում, տարատեսակ հնարքներ են անում բեմում, երգում են, պարում են, եթե պետք լինի, գլուխկոնծի էլ կտան: Այդպես ծնվում է էքշըն ոճը:

Չպետք է մոռանալ, որ մենք 21-րդ դարում ենք. այսօր աշխարհում արվում են ներկայացումներ, որոնց շրջանակներում դեկորացիային փոխարինելու է գալիս 3D տեխնոլոգիան: Ժամանակը շատ է առաջ գնացել, իսկ մենք դեռ դոփում ենք 20-րդ դարի 80-ականներում: Մեկն էլ որ ուզենում է էքշըն ոճի մի բան անել, դա չի ընդունվում, քարկոծվում է:

Իհարկե, հասկանալի է, որ այդ ամենի իրականացումը թանկ արժի, կապված է ֆինանսների հետ: Եթե, օրինակ, Մոսկվայում թատրոնի տոմսերի արժեքը 3000 ռուբլուց են սկսվում, մեզ մոտ դրանց գինը տատանվում է 500-2000 դրամի սահմաններում: Մեր թատրոնների խնդիրը ճիշտ պրոդյուսինգ եւ մենեջմենթ չունենալու մեջ է. համակարգն է ահավոր հնացել:

3

-Գուցե Դու՞ք որոշեք այդ բացը ինչ-որ չափով լրացնել:

-Դուք գուշակեցիք, թե ինչ կա մտքիս: Արդեն մի քանի օր է՝ այդ մասին եմ մտածում. անել մի ներկայացում եւ ապացուցել բոլորին, որ այն կարող է լինել հետաքրքիր ու որակյալ, եւ որի համար հնարավոր է իրացնել թանկ տոմսեր: Կարելի է, օրինակ, Շեքսպիրին, Շիրվանզադեին բեմադրել նոր, թարմ շնչով: Պարզապես չպետք է վախենալ ֆինանսներ ներդնելուց եւ հասկանալ, որ, ինչպես նշեցի, 21-րդ դարի թատերական կյանքի զարգացումը մեծապես կախված է ճիշտ մենեջմենթից եւ պրոդյուսինգից:

Աննա Բաբաջանյան




Լրահոս