Երեւանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի պետի տեղակալ, 40-ամյա Արման Գալստյանի բնակարանի գողության գործով ձերբակալվել են երեք անձ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արման Գալստյանը` հայտնելով, որ կալանավորված անձանց մեջ կան մարդիկ, որոնց նա ճանաչում է: Ասել է, թե քաղաքապետարանի աշխատակցի բնակարանը թալանել են նրան ծանոթ մարդիկ:
Իսկ ինչպե՞ս էր ամեն ինչ տեղի ունեցել: Բանն այն է, որ օգոստոսի 25-ին՝ ժամ 16:00-ից մինչեւ օգոստոսի 28-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում, Նոր Նորքի 4-րդ զանգված Հովհաննիսյան փողոցի 14 շենքի 8-րդ բնակարանից հանցագործները տեխնիկական միջոցների գործադրմամբ, ճաղավանդակը պոկելու եւ պատուհանի փեղկը բացելու միջոցով գողացել էին հեռուստացույց, ժամացույց, բաճկոն եւ խոշոր չափի գումար: Տպավորությունն այնպիսին էր, որ հանցագործներն այսքանով պետք է բավարարվեին, բայց ոչ:
Այդ ամենից հետո հանցագործները բնակարանից վերցրել էին ավտոտնակի բանալիները, որտեղ կայանված էր եղել Mercedes մակնիշի 34 NM 978 համարանիշի ավտոմեքենան, առեւանգել էին այն: Ավելի ուշ պարզվել էր, որ բնակարանը, որտեղից հանցագործները գողություն էին կատարել, Երեւանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Արման Գալստյանի բնակարանն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժողը կրել է մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս:
Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով հարուցել էր քրեական գործ: Եվ, ահա, կատարվածից երկու ամիս անց «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Արման Գալստյանից կատարված գողությունից որոշ մանրամասներ պարզեց: Ըստ մեր զրուցակցի՝ գողության գործով կալանավորվել է երեք անձ, որոնցից մի քանիսին նա ճանաչել է. «Դեպքի օրը մենք տանը չենք եղել, ու նրանք մտել են տուն: Ինձ համար շատ դժվար է խոսել այդ մասին, մեքենաս կտրտած վիճակում են գտել, ինչ ասեմ: Իմ իմանալով կալանավորված անձինք երեքն են, Աստված իրենց այդ վատ արարքի համար թող դաս տա»:
Հարցին, թե որտեղից է ճանաչում իր բնակարան մուտք գործած հանցագործներին, Գալստյանը չմանրամասնեց, միայն հայտնեց, որ ուղղակի ծանոթ է եղել նրանցից մի քանիսին: Դատելով նկարագրածից՝ հանցագործները տեղյակ են եղել, որ Գալստյանների բնակարանում նշված օրը մարդ չկա, եւ գործի են անցել:
Սակայն այս պատմության մեջ զարմանալին այն է, որ եթե հանցագործների նպատակը Արման Գալստյանին կողոպտելն է եղել, ապա առեւանգելով մեքենան՝ ինչո՞ւ չեն վաճառել այն, այլ վճռել են վատություն անել` «կտրտելով» Mercedes մակնիշի ավտոմեքենան: Միգուցե Արման Գալստյանն իր բնակարանը ներխուժած անձանցից մեկին վատությո՞ւն է արել, դրա համար այս ճանապարհով փորձել են հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ: «Ինձ ճիշտ հասկացեք, երբ խոսում եմ կատարվածի մասին, ծանր եմ տանում, շատ ծանր է ինձ համար հիշել կատարվածը, դրա համար չեմ ուզում վերհիշել: Բայց ասեմ` բացի բնակարանի իրերից ու մեքենայից՝ նաեւ տարել էին գումար: Ես երբեք ոչ մեկի վատություն չեմ արել, աստվածապաշտ տղա եմ, ինչ ասեմ, Աստված թող իրենց դատաստան տա»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔԸ
Ինչպես արդեն գրել էինք՝ նոյեմբերի 24-ին Սյունիքի մարզի Սդղլի գյոլ կոչվող տարածքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած աղմկալի ծեծի գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Իհարկե, մարզպետի որդին ծեծի գործով «ջրից չոր դուրս եկավ»: Ճաղերի հետեւում առավել խիստ մեղադրանքով հայտնվեց Գորիս քաղաքի բնակիչ Յուրի Մանուչարյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Իսկ, ահա, Դերենիկ Հակոբյանին, որը մազպետի վարորդի որդին է, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ եւ Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նշենք, որ այս աղմկալի ծեծի գործով առավել խիստ մեղադրանքի առաջ կանգնած Յուրի Մանուչարյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա խուլիգանության համար դատապարտվել է ազատազրկման 20 օր ժամկետով: Պարզեցինք, որ 2009 թվականի օգոստոսի 12-ին` ժամը 20:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Գորիս քաղաքի Արցախյան խճուղի 2 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետի մոտ, ավտոմեքենան կտրուկ արգելակելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել համաքաղաքացի Գրիշա Հայրապետյանի հետ՝ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ավտոտեխսպասարկման մոտ հավաքված մարդկանց նկատմամբ:
2008 թվականից Սյունիքի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել` արդյո՞ք նա համարձակություն կունենա մարզպետի հարազատներին ազատազրկել եւ հանուն արդարության դուրս գալ Սուրիկ Խաչատրյանի դեմ: Դատարանի նախագահի հավաստիացմամբ.«Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ դատարան, ինչ-որ մեկի դեմ դուրս գալով, խնդիր կունենա: Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատարաններն իրականացնում են արդարադատություն: Ցտեսություն»: Թե ինչպես է Գրիգորյանի ղեկավարած դատարանը մինչ այս արդարադատություն իրականացրել, Սյունիքի մարզում բոլորը գիտեն: Մնում է սպասել դատարանի նախագահի լուրջ խոստման իրականացմանը:
Ք. Մ.
ԳՈՐԾԸ ՄԵՐԺԵՑ
Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացրած վերաքննիչ բողոքը: Ա. Սաքունցը բողոք է ներկայացրել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015թ. հոկտեմբերի 2-ի որոշման դեմ: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել Պ նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: Երեկ դատական նիստին չէին ներկայացել ո՛չ քննիչը, ո՛չ էլ դատախազը:
ՍՊԱՆԵԼ ԵՆ ՈՒ ՓԱԽՈՒՍՏԻ ԴԻՄԵԼ
Նոյեմբերի 24-ին ՀՀ ոստիկանությունը Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեի մոտ հայտնաբերել է 1983 թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով: Երեկ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երեւանի բնակիչ, 1961թ. ծնված Մկրտիչ Պ.-ն: Նշենք, որ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը հետախուզման մեջ է: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Անելիք» բանկի իրավաբանական ծառայության պետ, սպանված 32-ամյա Հովհաննես Աթանյանը գյումրեցի է. նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանի որդին է: Նշենք, որ ճանաչողները նրան բնութագրում են որպես խելացի ու կիրթ անձնավորություն: Նա ունի երկու մանկահասակ երեխաներ: Հիշեցնենք, որ վերջինիս վրա մահացու կրակոցներ արձակողը սպիտակ «Վազ 2107» մակնիշի դեղին համարանիշներով ավտոմեքենայով դիմել է փախուստի, սպանության պատճառի մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի ասվում:
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Նախընտրական շրջանում ընտրական իրավունքի խախտման դեպքերի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել են մարզերի եւ վարչական շրջանների դատախազներին՝ նյութերում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ
Երեկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից խոցված «Սու-24»-ի երկրորդ օդաչուն փրկվել է եւ առողջ վիճակում տեղափոխվել է ռուսական ռազմաբազա: Տեղեկացվել է նաեւ, որ օդաչուին փրկելու ուղղությամբ գործողություններ են իրականացվել ռուսական եւ սիրիական հատուկ ուժայինների կողմից: Հատուկ գործողությունները տեւել են 12 ժամ եւ ավարտվել հաջող ելքով: Նշենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, անդրադառնալով Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցմանը, երեկ հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները խաթարեցին ռուս-թուրքական բարիդրացիական հարաբերությունները: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, որ Սիրիայում գտնվող ռուսական ռազմաբազայում կտեղակայվեն հակաօդային պաշտպանության համակարգեր: Պուտինը նաեւ հավանություն է տվել ՌԴ ԱԳՆ-ի այն հայտարարությանը, որ ռուսաստանցիները հրաժարվեն Թուրքիա հանգստի մեկնելուց: Չնայած սրան՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ հայտարարել է, որ Անկարան Ռուսաստանին համարում է իր բարեկամը եւ «Սու-24»-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետեւանքով դիվանագիտական հարաբերությունների խզում չի ցանկանում: Նա նաեւ հայտարարել է, որ ինքնաթիռը խոցելու հրամանն ինքն է անձամբ տվել:
7 ԿԻՆ Է ՍՊԱՆՎԵԼ
Երեկ Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2015թ. հունվարից մինչեւ հոկտեմբերի 31-ը թեժ գծով ստացվել է 1342 գրանցված զանգ, որից 918-ը եղել են բռնության զանգեր: Նրա խոսքերով՝ 918 զանգից 372-ը եղել են առաջնային զանգեր, այսինքն՝ այդքան նոր դեպք է գրանցվել: Ըստ Ս.Վարդանյանի՝ 10 ամսվա ընթացքում 372 ահազանգը բավականին մեծ թիվ է:
Կենտրոնի ղեկավարի ներկայացրած տվյալների համաձայն՝ 205-ը եղել են հոգեբանական բռնության դեպքեր, 162-ը՝ ֆիզիկական, 5-ը՝ սեռական: Իսկ, ահա, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի քաղաքականության եւ հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետեւանքով 7 կին է սպանվել: