Հայ-իրանական կրթական համագործակցության զարգացումը մեծ ներուժ ունի. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը շնորհավորել է Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական կրթական հարաբերությունների զարգացմանը. «Մենք բարձր ենք գնահատում կրթության և գիտության ոլորտում Իրանի հետ մեր հարաբերությունները, բայց նաև վստահ ենք, որ կա առաջընթացի մեծ հնարավորություն»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, երկու ժողովուրդների ավանդական բերեկամությունն առավել արտահայտիչ է հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում: Դեսպանն իր հերթին նշել է, որ հայ-իրանական հարաբերություններն այժմ դինամիկ զարգացում են ապրում բոլոր ոլորտներում, սակայն կրթության ոլորտի համագործակցությունը միշտ գերակա է: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ կրթական ծրագրերի իրագործման նոր հնարավորություններին՝ ինչպես բարձրագույն և հետբուհական, այնպես էլ հանրակրթության ոլորտներում:

Դեսպանը նշել է, որ Իրանը հետաքրքրված է ուսանողների փոխանակման երկկողմ ծրագրերով, մասնավորապես առաջարկելով, այս համատեքստում դիտարկել Թեհրանի Ազատ համալսարանի և ՀՀ բուհերի հետ համագործակցելու հետաքրքրությունը: ՀՀ ԿԳ նախարարը նշելով, որ Հայաստանը շահագռված է ՀՀ-ում իրանցի ուսանողների թվի ավելացման հարցում, շեշտել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել կրթության որակի բարելավման և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում կրթական փաստաթղթերի փոխճանաչման ուղղությամբ: Ա. Աշոտյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է նաև ԵՄ ծրագրերում ինտեգրման փորձը փոխանցել Իրանին:

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի բուհերում իրանական կողմի հետ համատեղ գիտական ամբիոնի հիմնադրման հեռանկարը իրատեսական է համարում: Ա. Աշոտյանը հատուկ ընդգծել է, որ հայկական կողմի համար կարևոր է՝ Իրանում գործող հայկական կրթական կենտրոնների զարգացումը և այս հարցում Հայաստանն ակնկալում է Իրանի կառավարության աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իրանի միջև կրթական փաստաթղթերի փոխճանաչման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի դպրոցներում պարսկերեն լեզվի և մշակույթի հոսքային ուսուցման հնրավորության հարցերին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել փոխադարձ այցելություններ կազմակերպելու, համատեղ ծրագրերին առնչվող աշխատանքներն առավել ակտիվացնելու վերաբերյալ:




Լրահոս