Օմբուդսմենը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Ջուդիթ Ֆարնուորթը մասնավորապես անդրադարձել են հանրաքվեի քարոզչական գործընթացին եւ Սահմանադրական փոփոխությունների առաջիկա քվեարկությանը:

Դեսպանն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ուշադրությամբ է հետեւել ոչ միայն Ազգային ժողովում Օմբուդսմենի տարեկան զեկույցի քննարկմանը, այլեւ մշտապես հետեւում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Օմբուդսմենի գործունեությանն առհասարակ:

Կարեւորելով Օմբուդսմենի աշխատակազմի ակտիվ աշխատանքը` Ջուդիթ Ֆարնուորթը հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում շարունակելու է հնարավորինս աջակցել Օմբուդսմենի գործունեությանը եւ ջանքեր ներդնել Օմբուդսմենի ինստիտուտի եւ Միացյալ Թագավորության դեսպանության միջեւ արդեն իսկ ձեւավորված գործընկերային եւ սերտ հարաբերությունների ամրապնդման գործում:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ինստիտուտի գործունեւության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, միաժամանակ հավաստիացրել է, որ աշխատանքային պրոցեսի ընթացիկ խնդիրները, որեւէ կերպ չեն խոչընդոտում աշխատակազմի բնականոն գործունեությանը: Կարեն Անդրեասյանն արժեւորել է Մեծ Բրիտանիայի դեսպանության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում` ընդգծելով հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների խորացման կարեւորությունը:

Օմբուդսմենի աշխատակազմ




Լրահոս