Ոստիկանությո՞ւնն է հրահագնել չսպասարկել Աբովյան-Երևան երթուղին. Արթուր Հարությունյանը (Պալաչ) չի կատարել քաղաքապետի հրահանգը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր առավոտյան ժամը 7-ից աբովյանցիները կանգառներում են ու չեն կարողանում Երևան գալ, քանի որ անգամ այն տաքսիները, որոնք սովորաբար կանգառներում մարդկանց առաջարկում էին Երևան փոխադրել, այսօր չկան:

Քաղաքացիներին չեն սպասարկում ոչ միայն «Քինգ Դելյուքս» ընկերության 261, 267 և 259 համարի ավտոբուսները, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բարեգործական անվճար ավտոբուսները:

Մեզ հետ զրույցում «Քինգ Դելյուքսի» տնօրեն Արտակ Եղոյանը փոխանցեց, որ խնդիրը կապված է ոստիկանության հետ. «Ոստիկանության կողմից հրահանգը կա, որ ավտոբուսները տրանսպորտը չաշխատի անվտանգության նկատառումներից ելնելով»:

ArmLur.am-ի ճշտող հարցին՝ այսինքն՝ խնդիրը կապված է տեխնիկական վիճակի՞ հետ, պարզաբանեց. «Ոստիկանությունը կապ չունի ավտոբուսի անսարքության հետ: Երևի՝ ահաբեկիչների հետ է կապված: Այսօր այսպես կլինի, վաղը պետք է որ սպասարկվի: Մնացածը ավելի ճիշտ կլինի ոստիկանությունից պարզել»:

Իսկ ահա Ոստիկանության լրատվական ծառայությունից հերքեցին հրահանգի մասին լուրը. «Դա մասնավոր սեփականություն է: Ոստիկանությունը չի կարող որևէ հրահանգ տալ»:

Եվ մինչ փորձում ենք պարզել՝ որն է Աբովյան-Երևան երթուղու՝ այսօր չգործելու պատճառը, քաղաքացիներն անհանգստացած և լարված են: Ի դեպ, «Քինգ Դելյուքսի» սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, գտնվում է Մոսկվայում:

Ավելին, Աբովյանի քաղաքապետարանից փոխանցեցին, որ քաղաքապետ Վահագն Գևորգյանը ընկերությանը հրահանգել է սպասարկել երթուղին, սակայն հրահանգին հետևող չի եղել: Ինչ վերաբերում է «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» անվճար երթուղայիններին` Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հայտնեց, որ այսօր առավոտյան երթուղայիններն աշխատել են, սակայն եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով օրվա ընթացքում որոշում է կայացվել փոխել ավտոբուսների անվադողերը: Կգործի՞ արդյոք մինչև օրվա վերջ, դեռևս հայտնի չէ:

Միևնույն ժամանակ՝ քաղաքացիները չեն բացառում, որ ստեղծված իրավիճակը կապված է այսօր Երևանի Ազատության հրապարակում մեկնարկելիք բողոքի հավաքի հետ:

Սյունէ Համբարձումյան, Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս