Ես ոչ մի բանից, գիտեք, էլ չեմ նեղվում. հայ կանանց սեռական շահագործման ենթարկելու մեջ մեղադրվողն ու նրա հարազատները վրդովվեցին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը՝ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակվեց թրաֆիքինգին նպաստելու մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանի դատավճիռը:

Ըստ այդմ՝ հայ կանանց Դուբայում սեռական շահագործման ենթարկելուն նպաստելու մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանը դատապարտվեց 11 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման: Տուժող Աննա Բ.-ին թրաֆիքինգի ենթարկելու փաստը ապացուցված չլինելու հիմնավորմամբ դատարանը անմեղ ճանաչեց և արդարացրեց Հերիքնազ Խաչատրյանին: Մեղադրող դատախազը Հերիքնազ Խաչատրյանի համար 13 տարվա ազատազրկում էր պահանջել:

Ամբաստանյալի հարազատներին ու պաշտպանին դատարանի վճիռը, կարծես, դուր չեկավ: Պաշտպան Հրանտ Գևորգյանը, դիմելով դատարանին, ասաց. «Ես Ձեզնից չէի սպասում նման անօրինականություն»: Իսկ ամբաստանյալի քրոջ դուստրը դատարանում բարձր ձայնով ասաց, թե. «Մոք ջան, չնեղվես», ինչին Հերիքնազը արձագանքեց՝ «Ես ոչ մի բանից էլ, գիտեք, չեմ նեղվում»:

Հերիքնազ Խաչատրյանն իր վերջին խոսքում նշեց, որ ինքը մասնակցություն չի ունեցել հայ աղջիկներին Դուբայ տեղափոխելու եւ սեռական շահագործման ենթարկելու գործին:

«Էս իմ հոդվածը չի: Ձեզնից խնդրում եմ, միայն ճիշտ վճիռ կկայացնեք»,-ասաց ամբաստանյալը:

12318353_1079834068723310_958987925_o

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերիքնազ Խաչատրյանը նախորդ տարվա հունիսի 24-ին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից՝ կավատությամբ զբաղվելու կասկածանքով: Նա 2013-ի օգոստոսի 12-ից հետախուզման մեջ էր գտնվում Քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի հատկանիշներով՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, պահելը հանձնելը կամ ստանալը: Հերիքնազ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Հիշեցնենք նաև, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մանրավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին: Նշված երեք կանայք իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում:

Այսպես, Նելլի Ներսիսյանը, ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, «ստացել» նրանց այդ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:




Լրահոս