Հայ կանանց Դուբայ տեղափոխելու գործով դատական քննությունն ավարտվեց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ավարտվեց թրաֆիքինգ կատարելուն նպաստելու մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանի գործով դատական քննությունը: Դատարանն այսպիսով անցավ դատական վեճերի փուլ: Մեղադրողը ճառով հանդես կգա նոյեմբերի 2-ին:

heriqnaz

Նշենք, որ դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատական քննությունը լրացնելու համար վկայության կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Գերիչին (Հերիքնազ Խաչատրյանի փաստացի ամուսնուսն) և ՌԴ-ում ենթադրաբար բնակվող ոմն Քրիստինեի: Դատարանը հիմնավորեց, որ չի տրամադրվել նշված անձանց կոնկրետ հասցեները:

Պաշտպան Հրանտ Գևորգյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե իր պաշտպանյալի պաշտպանվելու իրավունքները խախտվել են և՛ նախաքննության, և՛ դատաքննության ընթացքում: Պաշտպանի գնահատմամբ՝ եթե դատարանը վկային անվանում է ենթադրաբար բնակվող, ապա բոլոր վկաների ցուցմունքները ենթադրաբար են, հետևաբար ապացուցողական արժեք չունեն. «Ապավինում ենք դատարանի ուժին: Հուսով ենք՝ արդարացման վճիռ կկայացվի»,- շարունակեց պաշտպանը, ինչին նախագահողը պատասխանեց. «Չեմ խոստանում»:

heriqnaz.

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերիքնազ Խաչատրյանը նախորդ տարվա հունիսի 24-ին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից՝ կավատությամբ զբաղվելու կասկածանքով: Նա 2013-ի օգոստոսի 12-ից հետախուզման մեջ էր գտնվում Քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի հատկանիշներով՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, պահելը հանձնելը կամ ստանալը: Հերիքնազ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Հիշեցնենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մանրավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին:

Նշված երեք կանայք իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում: Այսպես, Նելլի Ներսիսյանը, ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, «ստացել» նրանց այդ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:




Լրահոս