Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, այսօր վաղ առավոտյան Աբովյան-Երևան երթևեկությունը կաթվածահար է եղել: Երթուղին սպասարկող ընկերության` Քինգ Դելույքսի տնօրեն Արտակ Եղոյանը հայտնել էր, որ խնդիրը կապված է ոստիկանության հետ: Տնօրենի փոխանցմամբ` ոստիկանությունից հրահանգվել է երթուղին չսպասարկել` անվտանգության նկատառումներից ելնելով:
Այս պարզաբանումը, սակայն, ոստիկանության լրատվական ծառայությունից հերքել էին: Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն զանգահարեց Արտակ Եղոյանը և ահա այսպիսի «բացահայտում» արեց. «Տեղս հարմար չէր, սխալ բան եմ ասել: Ճիշտն ասած` չէի հասկանում, թե հարցը ինչի մասին է: Ոստիկանությունը ոչինչ չի հրահանգել: Ընկերության կողմից է նախաձեռնում եղել, որպեսզի տրանսպորտը չաշխատի: Ճանապարհային ոստիկանության և ընդհանուր ոստիկանության կողմից նման հրահանգ չի եղել»:
Հարցին` հնարավո՞ր է նրա նկատմամբ հրապարակումից հետո ճնշումներ են գործադրվել, պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ… նման բան չկա»:
Հ.Գ. Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Իսկ այս ընթացքում աբովյանցիները ըստ արժանվույն Երևան գալ չեն կարողանում: