Օմբուդսմենի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետը Օմբուդսմենի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ եթե բերման ենթարկված ակտիվիստների մոտ վտանգավոր իրեր չհայտնաբերվեն, ապա նրանց շուտով բաց կթողնեն` առանց որևէ պատասխանատվության ենթարկելու:
Տեղեկացնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն Ազատության հրապարակից բերման ենթարկվելու ժամանակ զանգահարել է Օմբուդսմենի թեժ գիծ և տեղեկացրել, որ իրեն ոստիկանության բաժին են տանում:
Այնուհետև Կարո Եղնուկյանը նույնպես զանգահարել է թեժ գծին և տեղեկացրել մեկ այլ քաղաքացու` Միքայել Նահապետյանին ևս ոստիկանություն տանելու մասին:
Ներկա պահին Օմբուդսմենի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Կենտրոնի բաժնում, որտեղ առանձնազրույց են ունեցել բերման ենթարկված 2 քաղաքացու հետ, ինչպես նաև հենց բաժնում տեղեկացել ևս մեկ ակտիվիստի բերման ենթարկվելու մասին, ում ևս տեսակցել են»:
Այժմ Օմբուդսմենի ներկայացուցիչների մեկ այլ խումբ գտնվում է Ազատության հրապարակում և հետևում հավաքի ընթացքին: