Սիրո խոստովանություն Երեւանին` առանց բյուջեի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավ երաժշտություն եւ պոզիտիվ տրամադրություն. ահա թե ինչ է խոստանում «Երեւան, ես սիրում եմ քեզ» նոր ռոմանտիկ կատակերգության ռեժիսորներից Արմեն Վիրաբյանը հանդիսատեսին: Ոգեշնչվելով «Փարիզ, ես սիրում եմ քեզ», «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» եւ այլ նմանատիպ ֆիլմաշարերի ձեւաչափից` «Արմդրիմս» փրոդաքշընը իր առաջին փորձն է անում ֆիլմարտադրության մեջ` ֆիլմաշարում ավելացնելով նաեւ հարազատ մայրաքաղաքի անունը:

12346530_955916941156039_3027804390468490156_n

Ա. Վիրաբյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ֆիլմում ներառված է նովելների շարք, ներկայացված են սիրո պատմություններ. «Դրանց թվում առկա են նաեւ իրական դրվագներ` իմ, իմ ընկերների կյանքից: Սերը` այդ անկեղծ, մաքուր զգացմունքը, արտացոլված է պատմություններից յուրաքանչյուրում»,-ասաց ռեժիսորը:

12295521_955916951156038_3753644751214707812_n

Հատկանշական է, որ ֆիլմը բյուջե, որպես այդպիսին, չունի: Ողջ աշխատանքն արվում է ընկերական, թիմային ջանքերի շնորհիվ: Կատակերգությունում նկարահանվել են Անաիս Սարդարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Արմեն Դալլաքյանը, Համո Ադիյանը, Լուսինե Իսպիրյանը, Արսեն Հակոբյանը, հաղորդավարուհի Դինա Ակոպովնան եւ ուրիշներ: Իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ փոքրիկ երգիչներ Կարեն Օհանյանը եւ Միլլի Միսկարյանը: Ֆիլմում առաջին անգամ որպես դերասան հանդես են եկել ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը, մոդելներ Նարե Զաքարյանը եւ Արմինե Գեւորգյանը: «Ֆիլմում ներառված սիրային պատմությունների շրջանակներում կազմվել են զույգեր, օրինակ` Անկա Սարիբեկյանը եւ Համո Ադիյանը, Լեւոն Բեգլարյանը եւ Նարե Զաքարյանը, Անահիտ Կիրակոսյանն ու Արտյոմ Սիմոնյանը»,-նշեց ռեժիսորը:

12299311_955916944489372_8423679031275397300_n

Կատակերգության ընթացքում հնչելու է հեղինակային երաժշտություն` գրված հենց այս նախագծի համար: Երգերի կատարողների թվում են Նարինե Դովլաթյանը, Սոնա Ռուբենյանը, Լենա Ղազարյանը, Մաշա Մնջոյանը եւ այլք: «Երգերի մեծ մասի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերինը` բանաստեղծուհի Գայանե Դանիելյանը: Ի դեպ, տեղեկացնեմ, որ գերմանական Colors in Motion խմբի ինստրումենտալ ստեղծագործություններից մեկը մեր ֆիլմի սաունդթրեքերից է, այն կմատուցվի նորովի, ձեւափոխված տարբերակով»,-տեղեկացրեց Արմենը:

12299334_955916947822705_185681756591719324_n

Ռոմանտիկ կատակերգության նկարահանումներն արդեն ավարտման փուլում են: Նախատեսվում է, որ պրեմիերան տեղի կունենա գարնանը: Մայրաքաղաքում ցուցադրելուց հետո այն կներկայացվի նաեւ մարզերում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս